12/12/2024

Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հանրապետությունում տիրող իրավիճակը և օգնություն առաջարկել ճգնաժամի կարգավորման համար։

Այս մասին հայտնում է «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայությունը։

«Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել Մակրոնի միջև։ Մակրոնը նշել է, որ ափսոսում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար և պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ իրավիճակն ամբողջությամբ լիցքաթափելու համար։ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել համատեղ ջանքերի գաղափարը»,- ասվում է ուղերձում։

Նշվում է, որ զրույցը տեւել է մեկ ժամ։ Հիշեցնենք, որ Վրաստանում շաբաթներ շարունակ բողոքի ցույցեր են ընթանում երկրում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով, ինչպես նաև իշխանությունների՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցային գործընթացը 4 տարով սառեցնելու որոշման դեմ:

Հատկանշական է, որ Թբիլիսիի արևմտյան գործընկերները և ԵՄ-ն խստորեն դատապարտել են Վրաստանի իշխանությունների քաղաքական կուրսը՝ նշելով, որ երկիրը շեղվել է եվրատլանտյան ուղուց:

Այս համատեքստում Մակրոնի զանգը կարող է ուշագրավ լինել, քանի որ նա ԵՄ երկրների մեջ, թերևս, միակ առաջնորդն է, ով ընդառաջ է գնում Վրաստանի իշխանություններին: