12/12/2024

Նախարարը լավ չի հասկանում Հարկային օրենսգրքից, մարդիկ ասում են՝ էս ի՞նչ են անում ձերոնք, սրա՞ համար էինք փողոց փակել. mediahub.am

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որի հարազատ եղբայրը՝ Հայկը, պատգամավոր է ՔՊ-ից, վերջին շրջանում ակտիվացել է և շատ հարցերում, կարելի է ասել, ավելի ուժգին է քննադատում իշխանություններին, քան բուն ընդդիմությունը։ Ընդ որում, քննադատում է առարկայական, հստակ փաստերով։

mediahub.am – Վերջին քննադատության առիթն էլ ֆինանսների նախարարության կողմից Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է, որի վերաբերյալ և՛ խորհրդարանական լսումներում նա կոշտ քննադատությամբ հանդես եկավ, որ մի շարք ոլորտների ներկայացուցիչների վճարած հարկերը 6 անգամ բարձրանալու են, և՛ այսօր էլ այս թեմայով ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ քննադատելով անձամբ ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանին։

«Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր, իրականում ես չեմ ընդդիմադիրը, այլ ֆինանսների նախարար, իմ նախկին գործընկեր Վահե Հովհաննիսյանն է ընդդիմադիր: Այս փոփոխությունների միակ շահառուն ընդդիմությունն է, քանի որ մասնագիտական ծառայություն մատուցող հազարավոր քաղաքացիներ այս անարդար փոփոխությունից հետո այլևս չեն ընտրելու ՔՊ-ին»,- գրել է Նաիրին ֆեյսբուքյան իր էջում։

MediaHub-ն այս թեմայով մի քանի հարց ուղղեց նրան․

-Պարոն Սարգսյան, Դուք վերջին շրջանում, կարելի է ասել, ակտիվ ընդդիմադիր գործունեություն եք ծավալում՝ անխնա քննադատելով ձեր իշխանությանը, հատկապես կոնկրետ պաշտոնյաների ու նրանց ընդունած որոշումները։ Ինչո՞ւ, ի՞նչն է Ձեզ դրդում՝ ընդդիմանալ ձեր իշխանությանը։

-Նախ ասեմ, որ ես, երբ քննադատում եմ մերոնց, դա չի նշանակում, որ ես ընդդիմություն եմ, որովհետև այդ դեպքում՝ վարչապետն էլ է ընդդիմադիր, որովհետև ինքն ավելի շատ է քննադատում։ Կառավարության ցանկացած նիստ նայեք, տեսեք՝ ինքը ինչքան է քննադատում նախարարներին։ Քաղաքապետն էլ գործակարգավարական քննարկումների ժամանակ է քննադատում, որ այսինչ տեղում ասֆալտը լավ չեն արել, օրինակ, «դրա համար ձեռքիցս չեք պրծնի»։

-Դա թիմային է, իրենք թիմի ներսում են իրենց քննադատում, բայց գլոբալ քաղաքականության առումով իրենք իրենց չեն քննադատում։ Օրինակ՝ նույն Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն չի քննադատում երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը հանձնելու համար և ոչ միայն։ Այդ բոլոր հարցերում ինքը նախկիններին է քննադատում։

-Եկեք էդ քաղաքական հարցերի մեջ չմտնենք, ես քաղաքական հարցերով չեմ զբաղվում, առհասարակ, որոշել եմ քաղաքականությամբ չզբաղվել այլևս։ Ինձ դուր չի գալիս դա։ Ես հիմա բիզնեսով եմ զբաղվում։

-Եվ հենց բիզնեսով զբաղվելու արդյունքո՞ւմ Ձեր մաշկի վրա զգացիք, որ կառավարության Ձեր նախկին թիմակիցներն անում են բաներ, որոնք վնասում են բիզնեսին և գործարարներին։

-Էն ժամանակ էլ էի ես զգում, ուղղակի էն ժամանակ, քանի որ ես կառավարությունում էի աշխատում, ուղիղ իրենց էի ասում փակ հանդիպումների ժամանակ։ Հիմա, քանի որ էդ հնարավորությունը չունեմ, ու հիմա, որ տեսնում եմ՝ սխալ հունով են գնում մերոնք, իմ ընկերները, սիրտս ցավում է։ Նաև ոչ հրապարակային եմ իրենց հետ վիճում։

-Իսկ չե՞ն նեղանում Ձեզանից, չե՞ն ասում, թե մեջքից խփում եք, դավաճանում եք, ընդդիմության բերանը լեզու եք դնում։

-Նեղանում են, ես էլ իրենցից եմ նեղանում, որ սխալ օրենք են ուզում ընդունել։ Բայց ընդդիմության բերանը լեզու չեմ դնում, որովհետև հիմա, օրինակ, էս Հարկային օրենսգիրքը ընդդիմության սրտով է, ընդդիմությունն ամեն ինչ պիտի անի, որ դա ընդունվի։ Համենայնդեպս, եթե իրենք քաղաքական հաշվարկ անեն, իրենք կհասկանան, որ պետք չի սրա համար քննադատել։ Չնայած՝ ընդդիմությունից Արծվիկ Մինասյանն ու Թադևոս Ավետիսյանը քննադատել են, այսինքն՝ ամբողջ ընդդիմությունից երկու պատգամավոր է ընդամենը քննադատել, մյուսներն ընդհանրապես բան չեն ասել։ Ասենք՝ հարկը վեց անգամ ավելանում է, ու ոչ ոք չի խոսում։

-Ձեր պատգամավոր եղբայրը՝ Հայկը, ի՞նչ է ասում, ինքը համակարծի՞ք է Ձեզ հետ, որովհետև ինքը այդ նույն օրենքներին կողմ քվեարկող պատգամավոր է, և Դուք հենց նրա ու նրա թիմակիցների ընդունած որոշումներն եք հաճախ քննադատում։

-Էն, ինչ ես բարձրաձայնել եմ հրապարակային, իմ եղբայրը նույնն ասել է ֆրակցիայի նիստի ժամանակ, որը չի լուսաբանվել։

-Իսկ ավելի ազնի՞վ չի լինի, որ ներքին քննարկումներով, որ իրենք քննադատում են այս կամ այն փոփոխությունը, հետո նաև դա արտահայտեն իրենց քվեարկությամբ և առնվազն «կողմ» չքվեարկեն այդ որոշումներին։

-Դա արդեն, որ իրեն տեսնեք, իրեն հարցրեք։

-Կարո՞ղ է մտածում եք, որ ընդդիմությունը լավ չի աշխատում, այդքան տեղին ու թիրախային չի քննադատում իշխանությանը, և հիմա Դուք եք որոշել այդ բացը լրացնել։

-Ճիշտն ասած՝ ընդդիմության գործերը ինձ չեն հետաքրքրում ընդհանրապես, իմ թիրախը ո՛չ իշխանությունն է, ո՛չ ընդդիմությունն է։ Ինձ համար թիրախը մարդիկ են, արդեն երեք տարին կլրանա, որ ես չեմ աշխատում պետական համակարգում, բայց, օրինակ, երբ էսպիսի սխալ օրենք է ընդունվում, ինձ մարդիկ զանգում ասում են՝ «էս ի՞նչ են անում ձերոնք, խի՞ եք սենց անում, մենք սրա՞ համար էինք փողոց փակել», և նմանատիպ այլ արտահայտություններ։ Ու դառնում է, որ ես պատասխանատվություն կրող եմ՝ որպես թիմի անդամ, բայց որևէ լծակ չունեմ, ըստ էության։ Ստացվում է՝ մի բանի համար դու պատասխանատու ես դառնում, բայց քո պատասխանատվության տակ չէ էդ հարցը։ Քանի որ ինձ դեմքով ճանաչում են, փողոցում, որ տեսնում են, ասում են՝ էս ի՞նչ եք անում մեր գլխին, բայց այ, ֆինանսների փոխնախարարը, որ զեկուցում է հարցը, իրեն փողոցում ոչ ոք չի ճանաչում։ Ասեմ ավելին, ֆինանսների նախարարությանից էդ օրենքը գրողներից ոչ մեկը ՔՊ-ից չի։ Միակ մարդը, որ ֆիննախում ՔՊ-ից է, նախարարն է, որը լավ չի հասկանում Հարկային օրենսգրքից, իսկ ամբողջ իր տակը աշխատող առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ, փոխնախարար և այլն, նրանցից ոչ մեկը ՔՊ-ից չէ։ Հիմա իրենք բերել են օրենքի մի նախագիծ, որը հարկերը բարձրացնում է, ըստ էության, 6 անգամ կամ 500 տոկոսով։ Հիմա սրան, եթե ՔՊ-ն կողմ քվեարկի, դա արդեն դառնում է իր ընդունած օրենքը, քո պատասխանատվությունը, ոչ թե էն առաջատար մասնագետի, որը նախարարությունում է աշխատում և գրել է էդ օրենքը։

-Ստացվում է՝ արջի ծառայությո՞ւն է մատուցում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը թիմին, կարո՞ղ է՝ ընդդիմության օգտին է աշխատում։

-Դե, հիմա, ես որ իրեն չճանաչեի, կմտածեի՝ սա դավադրություն է։ Բայց, քանի որ ճանաչում եմ, գիտեմ, որ ինքը նորմալ տղա է, մենք ընկերներ ենք եղել, աշխատել ենք իրար հետ, ես գիտեմ, որ էստեղ դիտավորություն չկա, ինքը ուղղակի․․․

-Ոչ պրոֆեսիոնա՞լ է։

-Հա, որովհետև հիմա, որ ես իրենց հետ խոսում եմ, իրենք հակափաստարկ չունեն։ Տեսեք, ամբողջ գաղափարը հետևյալն է. Հաշվապահը կամ իրավաբանը ԱՁ է բացել, աշխատում է ու 5 տոկոս հարկ է մուծում։ Հիմա իր պես մեկ ուրիշը նույն գործն անում է ուրիշի մոտ՝ որպես վարձու աշխատող, ինքը 20 տոկոս է հարկվում։ Հիմա, որպեսզի էն 20 տոկոս վճարողը անարդար վիճակում չհայտնվի, օրենքն ասում է՝ ես էն 5 տոկոս շրջանառության հարկով աշխատող հաշվապահին կամ իրավաբանին արգելում եմ, որ ինքը աշխատի շրջհարկով, թող ինքը գնա հարկման ընդհանուր համակարգ՝ վճարելով ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։ Էս դեպքում, էդ 5 տոկոս հարկ վճարողը գնում դառնում է 31.67 տոկոս վճարող։ Հիմա ես ասում եմ՝ էն մի անարդարությունը վերացրիք, այսինքն՝ 20 տոկոս վճարողը կասի, որ ինքը էլ անարդար վիճակում չէ, բայց էն 5 տոկոս հարկ վճարողը կսկսի 31 վճարել՝ արդեն ինքը անարդար վիճակում հայտնվելով։ Այսինքն՝ ինքը ավելի շատ է վճարելու, քան վարձու աշխատողը։ Հիմա ի՞նչ անի, բիզնեսը փակի, գնա ի՞նքն էլ վարձու աշխատող դառնա։ Ես էլ ասում եմ, որ եթե մի անարդարություն վերացնում եք, եկեք, մեկ այլ անարդարություն մի ստեղծեք։

Վահե Մակարյան; mediahub.am