Մի շարք քաղաքական դեմքեր, որոշ լրատվամիջոցներ և սոցցանցերի օգտատերեր պարբերաբար վերաթարմացնում-տարածում են մոտավորապես հետևյալ բովանդակությամբ մի տեքստ:
«Հայաստանի իշխանությունները, ՔՊ-ական պատգամավորները, նրանց սպասարկող մամուլը բռնատեղահանված արցախցիների նկատմամբ անհանդուրժողականություն են քարոզում, Հայաստանի հանրությանը և հայ ժողովրդին ներշնչում, որ արցախցիները վախկոտ են, չեն կռվել, հողը և հայրենիքը հանձնել, եկել Երևանում բողոքի ցույցեր են կազմակերպում»:
Երևում է, որ այս խոսույթը ձևակերպվել է մեկ «ուղեղային կենտրոնում» և «պաշտոնական շրջաբերականի» ձևով ներկայացվել հատուկ ընտրված դերակատարների: Ընդ որում, դատելով փաստից, որ այն ավելի հաճախ կամ գրեթե նույն պարբերականությամբ տարածվում է ռուսերեն և ռուսաստանաբնակ կամ վերջերս այնտեղ հաստատված արցախցիների կողմից, բացառված չէ, որ հեղինակային իրավունքի տերն ամենևին էլ Հայաստանի քաղաքական դաշտի հայտնի հատվածը չէ:
Ոչ բուն տեքստում, ոչ ուղեկցվող «պարզաբանություններում» և «մեկնաբանություններում» չկա հղում, թե Հայաստանի իշխանության կամ ՔՊ խմբակցության ներկայացուցիչներից ով, որտեղ և երբ է ասել, որ «արցախցիները վախկոտ են, չեն կռվել, հողը և հայրենիքը հանձնել են»:
Ստեփանակերտում 2023թ. օգոստոսից 8-ից մինչև սեպտեմբերի 9-ը տեղի ունեցած իշխանազավթման քաղաքական պատասխանատուները, այո, քննադատության արժանացել են, արժանանում են և դեռ պետք է արժանանան:
Նրանք պատասխանատու են իրավիճակը ոչ համարժեք գնահատելու, Բաքվի հետ երկխոսությունից հրաժարվելու, ռուսական զորախմբին մինչև վերջ հավատ ընծայելու, մեկօրյա ահաբեկչական պատերազմը չկանխելու և սեպտեմբերի 20-ին կապիտուլյացիա ստորագրելու և այդ փաստաթղթում Հայաստանին ԼՂ-ում ռազմական ներկայություն վերագրելու մասին չափազանց վտանգավոր վերագրում անելու համար:
Բայց ի՞նչ կապ ունի այդ քննադատությունը բռնատեղահանված միջին-վիճակագրական արցախցու հետ: Ինչու՞ են Ստեփանակերտի քաղէլիտայի հայտնի դեպքերը փորձում սեփական ապիկարությունը քողարկել ՊԲ զինծառայողների և աշխարհազորի մարտիկների մեկօրյա իրոք հերոսական դիմադրությամբ, ինչո՞ւ են դիմում «վիճակագրության» օգնությանը: Խոսքն ամենեւն էլ այն մասին չէ, որ դիրքապահ զինվորները «զենքը ցած են դրել և հանձնվել»:
Քննադատության հասցեատերն այդ պահի քաղաքական ղեկավարությունն է, ՊԲ հրամանատարությունը, ուժային կառույցների պատասխանատուները, որ կարող էին մարտական գործողությունները դադարեցնել ավելի վաղ, սեպտեմբերի 19-ին: Օրերս մի նախկին զինվորական մամուլին ասել է. «Մինչև վերջին պահը հավատում էինք, որ Հայաստանից օգնություն կհասնի»: ՊԲ հրամանատարությո՞ւնն է նրան այդպես ասել, քաղաքական ղեկավարությո՞ւնն է ՊԲ հրամանատարին ներշնչել:
Բայց միթե Ստեփանակերտն իրոք այնքան ոչ ադեկվատ էր, որ կարծում էր, թե «մազից կախված» իրավիճակում Հայաստանը «կճեղքի Լաչինի շրջափակումը և կմտնի Ստեփանակերտ»: Ինչ-որ բան հասկանալու համար պետք չէ անպայման լսել Ստեփանակերտի նախկին առաջին դեմքերին: Ղարաբաղցին հայտնի խոսք ունի:
«Տան գաղտնիքը փոքրը կասի»: Ահա նախկին զինվորականը, որ այսօր Հայաստանի մարզային քաղաքներից մեկում ռազմագիտության ուսուցիչ է, կամա, թե ակամա, բայց բացահայտում է սեպտեմբերի 19-ի գաղտնիքը:
Միայն դիրքապահ զինվորներն են անգետ և անպաշտպան մնացել: Միայն սեպտեմբերի 24-ին զոհված հարազատներին Ստեփանակերտում հողին հանձնածներն են կրկնակի մորմոքում: Այդ աստվածաշնչյան ողբերգության դեմ Ստեփանակերտի քաղէլիտայի պահվածքը նողկալի է. ոչ միայն վիշտը չեն կիսում, այլև դավագրգռում են, որ Հայաստանում, իբր, նրանց զոհված որդիներին «վախկոտ» են անվանում:
Սա բարոյական ծանրագույն հանցանք է, որ կարող է իրավական հետեւանքներ ունենալ: Եթե իհարկե Հայաստանի իշխանության համար այդ խոսույթի վտանգավորությունը գնահատելի է:
Բաց մի թողեք
Հայաստանի անվտանգության ճարտարապետության համար կարևոր դետալներից է
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով
ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի վավերականությունը. ինչ է այն ենթադրում