Հայաստանում հերթական ներիշխանական «դրաման» է, կամ ավելի շուտ՝ տրագիկոմեդիան: ՔՊ կուսակցության ու խմբակցության անդամ պատգամավոր Հակոբ Ասլանյանն առավոտյան հայտարարում է, որ Հովիկ Աղազարյանի հանդեպ կուսակցության անարդար վերաբերմունքի պատճառով մեկ ամսով կասեցնում է անդամությունը խմբակցությանը: Հետո հայտարարում է, որ փոշմանել է:
Ընդ որում՝ այդ ընթացքում հայտնվում է ԲՏԱ նախարար Միքայել Հայրապետյանի հետ հաղորդակցության ինչ-որ սկրինշոտ, որտեղ երևում է, որ Ասլանյանին մատուցում են «փոշմանելու» մասին հայտարարության տեքստը: Իսկ երեկոյան արդեն խմբակցությանն անդամությունը կասեցնելու որոշման համար փոշմանած Հակոբ Ասլանյանին հեռացնում են խմբակցությունից՝ արդեն խմբակցության որոշմամբ: Սա այլ բան չէ, քան տրագիկոմեդիա, որովհետև այն, ինչ կատարվում է, ըստ էության, ծիծաղելի է, զավեշտալի:
Սակայն կատարվող այդ զավեշտալին մի ժամանակաշրջանում է, երբ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրում առկա են բազմաթիվ բարդ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք իշխանությունից պահանջում են հանրությանը մատուցել ոչ թե զվարճալի, զավեշտալի տեսարաններ, այլ ներքին ու արտաքին խնդիրների լուծմանն առնչվող բովանդակություն: Դրա փոխարեն, կա տպավորություն, որ իշխանությունը ներիշխանական այս պրոցեսները գեներացնելով, հանրությանը հմտորեն շեղում է առարկայական օրակարգերից, կամ թույլ չի տալիս կենտրոնանալ դրանց ուղղությամբ և ըստ այդմ իշխանությունից պահանջել համարժեք վարքագիծ և բովանդակություն:
Ապահովում են շարունակական տեսարաններ, որոնք զբաղեցնում են հանրությանը, դառնում լայնորեն սպառվող մեդիաապրանք, դառնում քննարկումների առարկա: Դա թերևս լավագույն ձևն է խուսափել որևէ այլ խորքային հարցի քննարկումից, այն խնդիրների առնչությամբ, որ կան արտաքին միջավայրում, որ կան Հայաստանի տնտեսությունում:
Եթե այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ, ապա դա ինքնին վկայում է, որ կան շատ ավելի բարդ խնդիրներ, որոնց վերաբերյալ հանրությունը պետք է պատասխանատու դիրքորոշում պահանջի կառավարող ուժից, բայց դրա փոխարեն ստանում է անվերջ տեսարաններ:
Բաց մի թողեք
Պաշտոնական Երևանի քաղաքական ու դիվանագիտական հմտությունների քննություն
Ինչ ակնկալիք ունի Հայաստանից Ռուսաստանը
Ռուս-իրանական հարաբերություններում «հիշողությունը թարմացել է» 44-օրյա պատերազմից հետո