ՀՅԴ-ական ու միաժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ գինու ազդեցության տակ տված հարցազրույցի մի (մեր դիտարկմամբ) մի քանի դրվագի արդեն անդրադարձել ենք։
Հարկ է, որ մեկ այլ դրվագի էլ անդրադառնանք, հատկապես, երբ այն այս կամ այն կերպ առնչվում է պարոն Մանուկյանի «կոռուպցիայից զերծ» էությանն ու գույքային դրությանը։ Իսկ կոռուպցիայի թեմայով արտահայտվելը, ինչպես գիտենք, ընդդիմության վերջին օրերի նախընտրելի զբաղմունքն է։
Այսպես ասած՝ «ծամել-ծամծմելով» (գինու «զակուսկան» նկատի չունենք) ՔՊ-ականների «կոռուպցիոն թաթախվածության», իշխանականներից մեկի թոշակառու հորը «անտոկոս վարկեր» տալու թեման, որը օրերս բարձրացրել էր հիշյալ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը, Մանուկյանը հայտարարել է. «Անկեղծ ասեմ՝ մի անգամ որոշել էինք կնոջս հետ բնակարանի հիպոտեկ գրվել։ Գրվեցի և այլն, գնացել ենք բանկ, շատ բարձր թիվ ասեցին։ Ասի՝ ինչի՞, ասեց՝ որովհետև ձեզ կարանք ամենաշատը 13 տարով տանք։ Կնոջս շուռ եմ եկել, ասում եմ՝ Լիլ, զգում ե՞ս, 52 տարեկան եմ, էդ ժամանակ 52 էի, մտածում են՝ 13 տարի հետո մեռնելու եմ։ Երկար կյանք Փամբուխչյանի հայրիկին և բոլոր հայրիկներին…»։
Փաստորեն, պարոն Մանուկյանին, այնուամենայնիվ, վարկ տվել են, և նա էլ հիպոտեկով տուն է «գրվել»։ (Ինչպես, ի դեպ, իր խմբակցության շատ այլ պատգամավորներ)։ Այդ մասին է վկայում Մանուկյանի 2023 թ. տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ 2023 թվականի փետրվարին ընդդիմադիր պատգամավորը բազմաբնակարան շենքում բնակարան է գնել «Արշինկոնստրակտ» ՍՊԸ-ից, 22,300,000 դրամով, գույքն էլ գտնվում է Երևանում։ Սեփականության իրավունքի տեսակը՝ համատեղ։ Թե որն է բանկը, որը Մանուկյանին վարկ է տվել, ասել չենք կարող՝ վարկառուն ցանկացել է, որ իր հայտարարագրում այդ տվյալը գաղտնի պահվի։
Սա, նշենք, Մանուկյանի թվով երրորդ բնակարանն է. մյուս բնակարաններից մեկը նույնպես համատեղ սեփականության իրավունքով է պատկանում պատգամավորին, որը գնել է 2015-ին, մյուս բնակարանն էլ (սեփականության իրավունքի տեսակը՝ բաժնային (15)), ձեռք է բերել 2016 թվականին, որպես անշարժ գույքի ձեռք բերման եղանակ նշված է՝ «այլ»։
Ի դեպ, Մանուկյանը իր հարցազրույցում, խոսելով իր քաղաքական պատրոնի՝ Ռոբերտ Քոչարյանի որդիների ունեցվածքի մասին և հակադարձելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ հետաքրքրվել էր Լ. Քոչարյանից՝ որքան ունեցվածք ունի, հայտարարել է. «Ջրվեժից՝ Եռագույնի փողոցի առանձնատնից երեք մեքենայով՝ երկու ուղեկցող, մի հատ էլ ԲՄՎ-ով ԱԺ եկողը մի հատ էլ Լևոն Քոչարյանին հարցնում ա՝ էդ տները Արցախից ե՞ք բերել։ Լևոն Քոչարյանը ռմբակոծության տակ որ մեծանում էր՝ Սեդրակի, Գայանեի և տիկին Բելլայի հետ, էդ ժամանակ էր էդ տները սարքում»։ Փաստորեն, Լևոն Քոչարյանը «քյոռփա» ժամանակ կամ, ինչպես կասեր Մանուկյանը՝ «առանց պպզել սեղանի տակ անցնելու» տարիքում զբաղվել է ոչ թե դպրոց հաճախելով, դաս սերտերով, այլ՝ Ստեփանակերտի իրենց տան կառուցման աշխատանքներով։
Ու քանի որ ռմբակոծության տակ է մեծացել Լևոն Քոչարյանը, ուրեմն լավ է արել, չուզողների աչքն էլ հանել է, որ Երևան տեղափոխվելուց որոշ ժամանակ հետո դարձել է Հայաստանի «թանկարժեք տղաներից» մեկը, նույնն էլ՝ նրա եղբայրն ու քույրը։ Այո, ով մանկությունը Ստեփանակերտում է անցկացրել ու պաշտոնավորի որդի է եղել, պետք է կոմպենսացներ իր ծննդավայրում մեծացած լինելը Հայաստանում և դրանից դուրս գույքեր ձեռք բերելով։ Սա՝ ըստ Գեղամ Մանուկյանի արժեհամակարգի։
Բայց մի հարցի, այսուհանդերձ, կուզեինք, որ Գեղամ Մանուկյանը պատասխաներ՝ էդ ինչի՞ց է, որ Լևոն Քոչարյանի պես հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր երեխաներ իրենց մանկությունն ու պատանեկությունն անցկացրին նույն Ստեփանակերտում և Արցախի այլ քաղաքներում ու գյուղերում, բայց Երևանում գեթ մի հավաբուն գնելու հնարավորություն այդպես էլ չունեցան։ Եվ բացի դրանից՝ ինքը՝ Գեղամ Մանուկյանը, որը այդքան տարի կուսակցական է եղել, պատգամավոր է եղել, բանտ է նստել ու առնետների սոցիոլոգիան ուսումնասիրել (ինքն է հավաստիացնում), միայն 52 տարեկանում է կարողացել «բանկով» տուն գնել։ Ինչ է՝ Լևոն Քոչարյանի արյունը իր արյունից կարմի՞ր է, թե՞, ինչպես Թումանյանը կասեր՝ «ավել հունար դուրս կգար ձեռքից»։
Մի բան էլ՝ Ստեփանակերտում ապրած լինելու հանգամանքը բարոյական չէ հայաստանցիների վրա «թանկով» ծախելը, այն մեծագույն հերոսություն համարելն ու արժանիքի մակարդակի բարձրացնելը։
Նույն Լևոն Քոչարյանն, ի դեպ, երբ եկել է նրա՝ հայրենիքին պարտքը տալու ժամանակը, ծառայել է ոչ թե իր ծննդավայրում, որտեղ ռմբակոծության տակ ապրել ու տուն է սարքել, այլ՝ ՀՀ-ում։ Այս նուրբ տարբերությունը, հուսանք, Մանուկյանի նման խորաթափանց մարդը, որը Լևոն Քոչարյանի արտահաստիքային փաստաբանի դերն է ստանձնել, ի վիճակի է ընկալել։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Պուտինը Թրամփին «գցել է ոտքին»
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին
Ո՞ր հարմար պահին Ալիևը կխոսի Ռուսաստան-Իրան հաղորդակցության տրանզիտն ապահովելու մասին