Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի կառավարող ուժի՝ Վրացական երազանքի առաջնորդ, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի միջև:
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է Վրաստանի իրավիճակը, Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել իրավիճակի լիցքաթափման հարցում: Պայմանավորվել են օրերս անց ունենալ նոր հեռախոսազրույց:
Հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահը խոսում է Վրաստանում որևէ պետական պաշտոն չզբաղեցնող Իվանիշվիլիի հետ, վկայում է հեռախոսազրույցի առարկայականության, կոնկրետության և գործնականության մասին:
Ֆրանսիայի նախագահը թերևս արել է շատ էական առաջարկներ կամ արտահայտել է էական գաղափարներ, որոնք այնքան էական են, որ Մակրոնը դրանք քննարկելն անհրաժեշտ է համարել հենց անմիջապես Բիձինա Իվանիշվիլիի հետ, թեև նա չի զբաղեցնում Վրաստանում որևէ պաշտոն:
Հատկանշական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ Փարիզ այցելությունից երեք օր անց: Թրամփը Փարիզ էր ժամանել Աստվածամոր տաճարի օծման արարողությանը մասնակցելու համար: Նույն միջոցառման առիթով Ֆրանսիա էր ժամանել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը նաև Ֆրանսիայի քաղաքացի է, իսկ մինչև Վրաստանի ԱԳ նախարար, հետո նախագահ դառնալը եղել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության և հատուկ ծառայության աշխատակից:
Մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իրենք սպասում են Դոնալդ Թրամփի պաշտոնամուտին, և դրանից հետո նրա հետ կքննարկեն բոլոր հարցերը:
Դոնալդ Թրամփի պաշտոնամուտին դեռ կա մեկ ամսից քիչ ավելի ժամանակ, սակայն հնարավոր է, որ Փարիզ «մուտքը» արդեն իսկ թողել է որոշակի ազդեցություն, ինչն արտահայտվում է Մակրոն-Իվանիշվիլի հեռախոսազրույցի տեսքով:
Ինչպիսին կլինի դրա արդյունքը և ինչպես կարտացոլվի Վրաստանում իրավիճակի վրա, կերևա թերևս նույնիսկ առաջիկա օրերին, եթե նկատի ունենանք, որ պայմանավորվել են օրեր անց ունենալ նոր հեռախոսազրույց: Հնարավոր է, որ Մակրոնը ներկայացրել է առաջարկներ, որոնց պատասխանը կլինի օրեր անց:
Բոլոր դեպքերում, վրաց-ֆրանսիական երկխոսությունը Հայաստանի համար կարևոր հանգամանք է, հաշվի առնելով այն, որ Վրաստանն այն ճանապարհն է, որով կարող է ծավալվել հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունը:
Իսկ դա Հայաստանի անվտանգության ճարտարապետության համար կարևոր դետալներից է: Հետևաբար, սկսած երկխոսության դրական շարունակությունը կլինի ողջունելի:
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ անվամբ, պահանջոմ է հրապարակել բոլոր փաստաթղթերը, Նիկոլ Փաշինյանը կլսի՞ նրանց կոչը
Բեմադրելով Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը՝ իշխանությունները կարծես թե վճռական են իրենց համար ռազմավար ապահովելու հարցում․ Le Parisien
Ճապոնիայում գռեհկացված պրակտիկան չի անցնի, այնտեղ հանրային կարծիքը կայուն է, Հայաստանում՝ հեղհեղուկ