Նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը որոշել է «ստերիլացնել» իշխող խմբակցությունը` դարձնել էլ ավելի հլու-հպատակ, որ այսուհետ չկարողանան իրենց նման շռայլություն թույլ տալ եւ անձնական կարծիք հայտնել:
Հրապարակ թերթը գրել է․ Բոլորը պարտավորված լինեն՝ զինվորի պես կատարել իր հրահանգները, հակառակ դեպքում կարժանանան վարչապետի «խնդրանքը» մերժած Հովիկ Աղազարյանի եւ Աղազարյանին պաշտպանելու փորձ արած Հակոբ Ասլանյանի ճակատագրին․ նրանց կհեռացնեն ՔՊ-ից, անձնական կյանքը կդարձնեն բոլորի քննարկման առարկա, շանտաժ ու սպառնալիքներ կտեղան: Հիմա ՔՊ-ականներն արդեն վախենում են բարեւել լրագրողներին, որ չկասկածվեն արտահոսքեր կազմակերպելու մեջ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մասամբ հասավ իր նպատակին, եւ ՔՊ ոհմակը, փոխանակ դիմադրելու, հաճույքով միացավ նրան` խժռելով իրենց երկու գործընկերներին: Այն արագությունը, որով հեռացրին երկու տարեց պատգամավորներին, վկայում է այս թիմի ստորաքարշության եւ վախկոտության մասին: Բայց եթե Աղազարյանի դեպքում գոնե ինչ-որ ժամանակ տեւեց դա, ինչ-որ ձեւակերպում տվեցին կատարվածին, Հակոբ Ասլանյանի դեպքում զավեշտական հապճեպություն ու ստրկամտություն դրսեւորեցին:
Մեզ պատմեցին, որ երբ Ասլանյանը հայտարարել է իր գործունեությունը կուսակցությունում մեկ ամսով դադարեցնելու մասին, նրա հետ է կապվել իր մտերիմ՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ խորհուրդ տվել խմբագրել հայտարարությունը, ավելին` վստահեցրել է, որ այդ դեպքում կներեն իրեն եւ չեն դնի խմբակցությունից նրան հեռացնելու հարցը: Հավաստիացրել է, որ ինքն անձամբ զրուցել է ՔՊ խմբակցության ղեկավարության հետ ու երաշխավորում է՝ եթե հայտարարի, որ էմոցիաների ազդեցության տակ է նման բան հայտարարել` կանցնի-կգնա, հարցը կփակվի։
Այդ օրը ՔՊ-ական պատգամավորներին նախապես ծանուցել էին, որ 16.30-ին խմբակցության նիստ է լինելու` Ասլանյանի հարցով, հետո հավելյալ տեղեկացրել էին, որ հնարավոր է նիստը չկայանա կամ հետաձգվի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը զանգել է խմբակցության ղեկավար կազմին եւ հորդորել է վայրկյան առաջ նիստ հրավիրել եւ Հակոբ Ասլանյանին վտարել ՔՊ շարքերից: Այնքան հուժկու հրահանգ է եղել, որ անգամ գործուղման մեջ գտնվող Հայկ Կոնջորյանին են բերման ենթարկել։ Կոնջորյանը դեկտեմբերի 9-12-ը գործուղվել էր Բրյուսել, բայց վերադարձել է դեկտեմբերի 11-ին եւ կազմակերպել Ասլանյանին բզկտելու օպերացիան։
Ի դեպ, նիստին փոքրաթիվ ՔՊ-ականներ են մասնակցել՝ մոտ երկու տասնյակ, եւ մի քանի մարդով որոշում են կայացրել, ավելի ճիշտ՝ կատարել են «շեֆի» կամքը: Ասլանյանին անգամ խոսելու, պարզաբանելու հնարավորություն չեն տվել, ոհմակով հարձակվել են` վիրավորել, անպատվել, պնդել, որ մանդատից հրաժարվի, ակնարկել, որ իրեն էլ լավ օրեր չեն սպասվում։ Ասլանյանը միայն հասցրել է ասել, որ չի հրաժարվելու մանդատից: Սակայն թե որքան կկարողանա դիմադրել` դժվար է ասել։ Ի դեպ, ասում են՝ նա ՔՊ նիստին գնացել է այն հույսով, որ կուսակիցների հետ կզրուցի, կբացատրի, որ իր վաղեմի ընկերոջն է ընդամենը պաշտպանել, ինչը մեծ հանցանք չէ, մանավանդ` Մխիթար Հայրապետյանը վստահեցրել է, որ ոչինչ չեն անելու, բայց շոկահարվել է, երբ ամենակոշտ հանդիմանանքներին ու ամոթանքներին է արժանացել: Անգամ նրա տարիքը չեն հարգել երիտքպականները, ասել են, որ ինքն անադեկվատ է, ոչինչ չի հասկանում, թե ինչ է ասում, եւ այլն։
Ասլանյանի հարցը հրատապ ռեժիմով լուծելու նպատակը մեկն է՝ կատարվածը պետք է դաս լինի յուրաքանչյուր ՔՊ-ականի համար, որ հասկանան, թե ինչ է լինում, երբ փորձում են հակադրվել Փաշինյանի ապօրինի հրահանգներին։ ՔՊ-ում խոսակցություններ կան, որ պատիժ է սպասվում բոլոր նրանց, ովքեր հրապարակային կամ թեկուզ փակ ֆորմատով պաշտպանել են Հովիկ Աղազարյանին: Փաշինյանը հանձնարարել է՝ բոլոր «դավաճանների» մասին իրեն զեկուցել, անգամ նրանց մասին, ովքեր ասել են, որ Աղազարյանի անձնական կյանք ներխուժելն անթույլատրելի էր։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ական տղամարդ պատգամավորներից շատերը հրաժարվել են կարդալ Աղազարյանի հեռախոսային խոսակցությունների «ռասպեչատկաները»՝ համարելով դա ամոթալի քայլ: Ոմանք ՔՊ նիստում միամտաբար արտահայտել են իրենց առարկությունները ու հայտնվել Նիկոլի սեւ ցուցակում: Նրանց թվում են նաեւ Գագիկ Մելքոնյանը, Արմեն Խաչատրյանը, Տրդատ Սարգսյանը եւ ուրիշներ:
Բաց մի թողեք
Արփինե Սարգսյանը ջութակի ու դաշնամուրի արանքում
Տնային կալանք կրող անձանց նաև գաղտնալսում են
Ինչու են նորից հիշել Կիրանցի թեման