24/01/2025

Ես այստեղ կմնամ. Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի լքի նախագահական նստավայրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ից, չի նախատեսում լքել նախագահական նստավայրը։

Այս մասին նա հայտարարել է իր հեռուստատեսային ուղերձում։

«Ես ոչ մի տեղ չեմ գնալու, իմ թիմից ոչ մեկին թողնելու մտադրություն չունեմ։ Այս մասին ինձ միշտ հարցնում են․ ես այստեղ կմնամ»,- մասնավորապես ասել է Վրաստանի նախագահը:

Խորհրդարանի շենքի հարակից տարածքում, որտեղ հավաքաված են ակցիայի մասնակից քաղաքացիները, ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել։

Ապրիլի 9-ի և Ճիճինաձեի փողոցներում տեղակայվել են պարեկային և քրեական ոստիկանության աշխատակիցներ։

Ինչպես հայտնել է Aliq.ge-ն, ոստիկանական ուժեր են միբիլիզազվել նաև Ռուսթավելի պողոտայում՝ խորհդարանի դիմաց, որտեղ տեղադրված է Թբիլիսիի գլխավոր տոնածառը: Ազատության հրապարակում նաև ջրցան մեքենաներ են տեղակայվել։

Ոստիկանական ուժերը երկաթե պատնեշներով շրջափակել են խորհրդարանի տարածքը, որտեղ իշխող ուժն ընտրում է նոր նախագահին:

Ըստ վրացական լրատվամիջոցների, այս ընտրությունը պատմական է երկու պատճառով. նախ՝ առաջին անգամ երկրի նախագահին ժողովուրդը չի ընտրում, երկրորդ՝ երկրի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունները կեղծված են համարում, խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից 6-րդ նախագահի ընտրությունը ևս ոչ լեգիտիմ գործընթաց են որակում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրել է նախկին ֆուտբոլիստ, հակաարևմտյան հայտարարություններով հայտնի արդեն նախկին պատգամավոր Միխեիլ Կղավելաշվիլիին, քանի որ նա միակ թեկնածուն է և հակառակորդ չունի:

5 տարի ժամկետով նախագահը պետք է ընտրվի 300 հոգանոց կոլեգիայի կողմից։ Կոլեգիայի հիմնական կազմը «Վրացական երազանք»-ից է: