14/12/2024

Թուրքական ԱԹՍ-ները «զբոսնում» են Հայաստանի երկնքում

Մինչ Հայաստանի իշխանությունը զբաղված է ներքին հաշվեհարդարներով ու էժանագին ներթիմային ինտրիգներով, վերջին օրերին չեն դադարում ահազանգերը Հայաստանի երկնքում նկատված անօդաչուների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, հետախուզական նպատակներով են թռչում Թուրքիայից:

Դեռ դեկտեմբերի 6-ին «Հրապարակն» ահազանգ էր ստացել Արարատի մարզի Արմաշ բնակավայրից՝ թուրքական կողմից բաց թողնված դրոնի մասին: Ադրբեջանաթուրքական անօդաչուների հաճախացած թռիչքների մասին տեղեկություններ ստացվել էին նաեւ Սյունիքից:

Արդեն դեկտեմբերի 12-ին Հայաստանի սահմանին նկատվել է թուրքական «Աքսունգուր» (Anka-2) անօդաչու թռչող սարքը: Նախօրեին, հղում անելով բաց աղբյուրներին, մասնավորապես Flightradar24 հարթակին, որը թույլ է տալիս իրական ժամանակում վերահսկել օդանավերի շարժը եւ քարտեզի վրա ցուցադրում է մեկնման կետից անցած հեռավորությունը՝ ընդհուպ մինչեւ սարքի տեսակն ու պատկանելությունը, լրագրող Դավիթ Գալստյանը՝ «Հետպատերազմ» Տելեգրամ ալիքում էր գրել այդ մասին ու ֆիքսել մեկ այլ անօդաչու թռչող սարք եւս՝ Bayraktar TB-2: Երկու ԱԹՍ էլ նկատվել էր Իրանի սահմանին:

Պաշտպանության նախարարությունը շարունակում է հերքել Հայաստանի օդում թուրքական անօդաչուների հայտնվելու փաստերը: Ինչպես դեկտեմբերի 6-ի ահազանգի, այնպես էլ այս դեպքում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը «Հրապարակին» նույն միտքը փոխանցեց. «Պետական սահմանի օդային հատման դեպքեր չեն արձանագրվել»: Այդ դեպքում բաց աղբյուրներն ինչպե՞ս են արձանագրում ԱԹՍ-ների թռիչքների փաստերը։ Ասաց, որ չի մեկնաբանում: Մեր տեղեկություններով, զինվորականները, ֆիքսելով սահմանախախտման դեպքը, առաջարկել են ոչնչացնել մեր օդային տարածքը հատած սարքերը, սակայն ՊՆ-ից արգելել են:

Այս ահազանգերին զուգահեռ, պաշտոնական տեղեկություններ են ստացվում թուրք-ադրբեջանական ինտենսիվ շփումների մասին: Նախօրեին Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիեւին, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիա Ջեմալ Քադիօղլուի պատվիրակությանը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Հասանովը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանի իրավիճակի մասին, խոսել «Հայաստանի վերազինման մասին»՝ նշելով, որ դա «բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա»: Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրաստիճան զինվորականները կարեւորել են «աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող հակամարտությունների համատեղ վերլուծությունը եւ ուսումնասիրությունը, պատերազմի ժամանակակից մեթոդները»։

Փաստացի, գրանցվում է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ակտիվության աճ, ինչը նոր ռիսկեր է առաջացնում Հայաստանի համար: «Ադրբեջանի ռազմական գնումներն Իսրայելից, ինչպես նաեւ թուրքական ԱԹՍ-ների (Aksungur եւ Bayraktar TB-2) մշտական թռիչքները հայ-ադրբեջանական սահմանին, վկայում են այն մասին, որ որոշ ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության ռեժիմի: Կարծում եմ՝ ռազմական բեռների տեղափոխումը (օր.՝ Silk Way Airlines-ի թռիչքները) եւ սահմանային ակտիվությունն ուղղված են ուժի ցուցադրմանը եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում ճնշում գործադրելուն»,- «Հրապարակ»-ին ասում է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, շեշտում է մեր զրուցակիցը, շարունակում է լինել թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական նպատակներից մեկը, եւ պատահական չէ, որ թուրքական մամուլում այս օրերին ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ Սիրիայից հետո թուրքերը զբաղվելու են «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ «Միջանցքի ուժային բացման փորձը կարող է դառնալ ուղղակի ռազմական սցենարի պատճառ»,- շարունակում է Մանգասարյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության եւ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարության միջեւ սերտ շփումները, ինչպես նաեւ սահմանային ծառայությունների համագործակցությունը հուշում են, որ երկու երկրները համակարգում են իրենց գործողությունները Հայաստանի դեմ:

Ուշագրավ է, որ նույն օրերին Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար անփոխարինելի նախագծերից է, որի շնորհիվ ուղիղ մուտք են ապահովելու Ադրբեջան, Կենտրոնական Ասիա եւ Հեռավոր Արեւելք: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել էր, թե «Ադրբեջանն արագացված տեմպերով իր տարածքում շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները, շարունակվում է կամրջի շինարարությունն Արազ գետի վրայով, եւ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կախված է «Հայաստանի կողմից իր բոլոր պարտավորությունների կատարման հետ»»:

Մեր զրուցակիցն արձանագրում է՝ Թուրքիան,  որպես  Ադրբեջանի ռազմավարական դաշնակից, ուժեղացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ սահմանային եւ դիվանագիտական մակարդակներում: Այս ամենի ֆոնին, ԱԱԾ-ն նախօրեին հայտնեց, թե Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում Թուրքիայի տարածքից ՀՀ պետական սահմանի «ապօրինի հատման հավանական փորձ» է տեղի ունեցել: Մասնագետն ասում է, որ այս հաղորդագրությունը լուրջ ուշադրության է արժանի, քանի որ դա կարող է լինել հետախուզական գործողության, սադրանքի կամ նույնիսկ սահմանին ուժային գործողության նախապատրաստում: «Հայաստանում պետք է բարձրացնել սահմանների պաշտպանական մակարդակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներին: Պետք է խորացնի Իրանի հետ համագործակցությունը՝ տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու նպատակով: Սահմանային լարվածությունը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ակտիվությունը հուշում են, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն սահմանային սադրանքների, այլեւ ավելի լայնամասշտաբ գործողությունների: Պետք է համադրել դիվանագիտական, ռազմական եւ տեխնոլոգիական ջանքերը՝ ապահովելու անվտանգությունն ու դիմադրողականությունը»,- զգուշացնում է Վիտալի Մանգասարյանը:

Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի օդային սահմանները թշնամական ԱԹՍ-ների «զբոսանքի» վայրն են դառնում, ինչպե՞ս պետք է վարվեր մեր ՀՕՊ-ը` հակաօդային պաշտպանությունը: Մանգասարյանն ասում է՝ եթե ռադիոէլեկտրոնային  պաշտպանության միջոցների ապօրինի սահմանահատման դեպք է ֆիքսվում, արձագանքը միանշանակ պետք է լինի՝ ոչնչացնել տվյալ օբյեկտները. «Եթե նման օբյեկտներ են հայտնվում մեր օդային տարածքում, մենք լեգիտիմ իրավունք ունենք՝ ոչնչացնել դրանք: Սա պետք է լինի մեր կոնցեպտը, սակայն այլ հարց է, որ մերօրյա իրականության մեջ շատ հարցեր չեն լուծվում այնպես, ինչպես պետք է լուծվեն»: