14/12/2024

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան ադեկվատ է գնահատում Հայաստանին սպառնացող վտանգը

Սիրիայում տեղի ունեցածն ինչպե՞ս կազդի մեր տարածաշրջանի վրա․ Հրապարակ թերթը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։

– Սիրիայի դեպքերից հետո ի՞նչ է սպասվում մեր տարածաշրջանին։

– Մի կողմից, Սիրիայից Անդրկովկաս տարածությունը մեծ է, բայց, մյուս կողմից, ներկայիս Սիրիայի հյուսիսը, ներկայիս Իրաքի հյուսիսը եւ ներկայիս Թուրքիայի ծայրագույն արեւելքը կենտրոնական իշխանությունների կողմից այդքան էլ չեն վերահսկվում։ Այնտեղ ձեւավորվել է քաոտիկ եռանկյունի, որը ղեկավարում է զինված պարտիզանական կամ ահաբեկչական քաղաքական ուժը։ Ու հենց այդ տրանզիտային ռեգիոնի միջոցով Անդրկովկասն ընկնում է վտանգի տակ։ Բայց ամենամեծ վտանգը տարածքայինը չէ։ Խնդիրն այն է, որ Սիրիան հիմա ահաբեկիչների կողմից է զավթված․ քանի որ ես ազատ մարդ եմ, ու քանի դեռ իմ երկիրը չի որոշել նրանց հրեշտակներ անվանել, կարող եմ ինձ թույլ տալ՝ նրանց այդպես անվանել։ Տեսանյութերն էլ ապացուցում են իմ կարծիքը՝ առանց դատ-դատաստան գնդակահարություններ, թալան, բռնություն։ Դա տեսնում են բոլորը։ Հիմա այդ ահաբեկիչները, ինչպես Աֆղանստանում, հաստատում են իրենց իշխանությունը։ Բնականաբար, նրանք սկսելու են կրճատել այն ռազմական ուժը, որը մոբիլիզացրել են․ կամաց-կամաց սկսելու են ազատվել։

– Ինչպե՞ս։

– Բարի խոսքով կամ կոշտ միջոցներով ստիպելու են նրանց հեռանալ Սիրիայից։ Ո՞ւր են նրանք գնալու՝ հեռու չեն գնա, որովհետեւ ինքնաթիռի տոմս գնելու հնարավորություն չունեն, նրանք մեքենաներով կամ ոտքով կարող են հասնել Անդրկովկաս ու այնտեղ փորձել իրենց համար նոր աշխատանք գտնել։ Նույնիսկ 1000 անգործ ահաբեկիչը մեծագույն վտանգ է, իսկ նրանց քանակն ավելի շատ է լինելու։ Այլ հարց է, որ Հյուսիսային Սիրիայի եւ Հայաստանի միջեւ այս պարագայում կան Թուրքիա եւ Իրաք, բայց Իրաքի հյուսիսում Իրաքի կենտրոնական իշխանությունը վերահսկողություն չունի, այդ պատճառով այնտեղ իրավունքն ուժեղինն է։ Հետեւաբար, այդ անգործ ահաբեկիչները ոչ թե սպասելու են Անդրկովկաս գալու հնարավորության, որովհետեւ այդ հնարավորությունը հիմա կա ու միշտ է եղել, փորձելու են գտնել մեկին, որը կվճարի իրենց՝ Անդրկովկաս գալու համար, որը կվճարի իրենց տրանսպորտային ծախսերի, բենզինի, ուտելիքի, պահեստների, զինամթերքի համար։ Երբ հայտնվի այդ հովանավորը, նրանք կգան։

– Այդ հովանավորը կարո՞ղ են լինել Թուրքիան եւ Ադրբեջանը։

– Կարծում եք՝ Ադրբեջանը նրանց հետ գլո՞ւխ կդնի։

– Գուցե Էրդողանը։

– Ես գիտեմ, որ Դուք «շատ եք սիրում» Ադրբեջանն ու Թուրքիան, բայց պետք է արդար լինել՝ նրանց ինչի՞ն են պետք ահաբեկիչները։

– Ինչո՞ւ ոչ, եթե նրանց միջոցով որոշ հարցեր կարող են լուծել։

– Այդ ահաբեկիչներն այրվող պատրույգ են, սեփական վարտիքում կամ բարձի տակ նրանց պահելը շատ վտանգավոր է։ Նրանց հետ կապվել` որպես կատարողների, դա նորություն չէ՝ սովորական բան է, բայց նրանք Սիրիայում հիմա այնքան շատ են, որ նրանց ինչ-որ տեղ պետք է խցկել։

– Անդրադառնանք Ադրբեջանին։ Արցախյան պատերազմից հետո Ալիեւի «գահն» անձեռնմխելի՞ է, թե՞ հասարակ ադրբեջանցիների կյանքում ոչինչ չի փոխվել, ու Ալիեւներից ներքին դժգոհություն կա։

– Այն տեղեկությունները, որոնք ես անձամբ լսել կամ ստացել եմ Ադրբեջանից, խոսում են այն մասին, որ Իլհամ Ալիեւի վարկանիշը Ղարաբաղում պատերազմից հետո աճել է մաքսիմալ կերպով։ Այդ իմաստով նրան ոչինչ չի սպառնում։ Ներհասարակական սոցիալական դժգոհություններ ակնկալելու ոչ մի հիմք չկա։ Հատկապես որ թշնամին նույնն է մնում` կողքին է, Զանգեզուրը նույնիսկ լավագույն տարիներին բնակեցված էր առավելագույնը 40 հազար մարդով, հիմա կարծում եմ՝ այնտեղ ավելի քիչ մարդ կա։ Զանգեզուրի հսկայական տարածքը գրեթե չբնակեցված է․ դա ցանկացած ռադիկալի համար հստակ թիրախ է։ Հատկապես որ պաշտոնական հայտարարությունները՝ «Իրեւանի», Զանգեզուրի մասին, բազմաթիվ անգամներ արվել են։ Իսկ երբ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը պետք է պահպանի սովետական սահմանները, այլապես կդադարի գոյություն ունենալ, բայց եթե դուք ասում եք, որ Հայաստանը պետք է սովետական սահմաններին կառչած մնա, այդ դեպքում ինչո՞ւ չեք փոխում սահմանադրությունը, որտեղ հստակ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Վովաեւիչը ոչ այնքան ադեկվատ է գնահատում Հայաստանին սպառնացող վտանգը։ Խնդիրն այն է, որ սահմանադրության այդ հոդվածը տալիս է հնարավորություն՝ ռազմական գործողությունների շարունակության համար։ Սիրիայի օրինակը, երբ մի մասում Թուրքիան իր բաժինն ունի, Իսրայելը` իրենը, ցույց է տալիս, որ պարտադիր չէ ռազմական գործողություններ սկսել՝ տարածքը գրավելու համար։ Բավական է այն անվանել անվտանգության գոտի: Ահա, հիմա հետաքրքրված կողմը Զանգեզուրը կանվանի անվտանգության գոտի եւ կմտնի այնտեղ։ Ես գիտեմ, թե ինչն է զսպում հետաքրքրված շրջանակներին՝ Զանգեզուրն անվտանգության գոտի դարձնելուց՝ Իրանը։ Բայց Իրանը շատ ծանր պարտություն կրեց Սիրիայում, եւ ոմանց կարող է թվալ, թե Իրանը թուլացել է։

– Բայց այդպե՞ս է։

– Չգիտեմ, ես Իրանի գծով մասնագետ չեմ… Բայց այստեղ մի նյուանս կա՝ Փաշինյանն Իրանի հետ ընկեր չէ ու երբեք ընկեր չի լինի։ Դա է պատճառը, որ Իրանը Զանգեզուրում պաշտպանելու է ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ Հայաստանը, այլ՝ ինքն իրեն։ Տեսականորեն կարելի է պատկերացնել նման անալոգիա, որ, ինչպես Սիրիայում կային պրոիրանական ուժեր, այնպես էլ Զանգեզուրում կարող են հայտնվել պրոիրանական ուժեր՝ միլիցիա, օրինակ։ Ուզում եմ հիշեցնել Հայաստանում շատ սիրելի հերոսին՝ Գարեգին Նժդեհին, որը 1921 թվականի սկզբին բոլշեւիկների դեմ հաջող ապստամբություն բարձրացրեց, նույնիսկ գրավեցին Երեւանը, բայց հետո ստիպված էր իր ապստամբության տարածքը սահմանափակել Զանգեզուրով եւ արագ պարտվեց ու Զանգեզուրից ո՞ւր գնաց՝ Իրան։ Գարեգին Նժդեհի ճակատագիրն Իրանի փախուստն էր Զանգեզուրից։ Այս ստանդարտը Հայաստանի պատմության մեջ միշտ կլինի։ Զանգեզուրը Հայաստանի թույլ տեղն է, եւ այնպիսի թուլության, որտեղից փախչել կարելի է միայն Իրան կամ Իրանին ճանաչել որպես Զանգեզուրի անվտանգության երաշխավոր։ Մեծ հաշվով, հենց Իրանն է հիմա պաշտպանում հայկական Զանգեզուրը փաստացի Ադրբեջանին կցելուց։

– Փաշինյանը կարո՞ղ է ազդել դրա վրա։

– Ինչպե՞ս կարող է ազդել, եթե մարդիկ Սյունիքից հեռանում են։ Իսկ ինչպե՞ս չհեռանան, եթե այնտեղ նման բաներ են կատարվում։ Ի՞նչ եք ուզում, այդ մարդկանց գերի՞ սարքել, ոչ ոք ինքնակամ գերի չի դառնա։ Գիտեք, դա կարելի է համեմատել մեր Կուրսկի մարզի՝ Ուկրաինայի կողմից զավթված լինելու հետ, ուզում ենք, որ մեր մարդիկ գերեվարվե՞ն, այնտեղ մեր բանակն է այդ հարցը լուծում։

– Իսկ հնարավո՞ր է, որ աշխարհաքաղաքական մեծ խաղացողներից ոմանք որոշեն Ալիեւին հեռացնել։

– Ենթադրենք, մեկը որոշեց տապալել Ալիեւին․ նա չի կարող դա անել, նա Ադրբեջանում որեւէ հենք չի ունենա։ Ես հասկանում եմ, որ հիմա խոսում եք Բաշար Ասադի նախադեպից, բայց Ասադն իր սեփական երկրում մնաց առանց աջակցության, իսկ Ալիեւն արցախյան պատերազմից հետո 99 տոկոս աջակցություն ունի։ Ես կասեմ ավելին․ Հայաստանում նույնիսկ արցախյան պատերազմից հետո Փաշինյանին այլընտրանք չեղավ։ Այսօր առավոտյան կարդում էի ժամանակակից Թուրքիայի մասին՝ թուրք վերլուծաբանները գրում են. «Ախ, այդ նզովյալ Էրդողանը, գյուղական բնակչության եւ պրովինցիալների աջակցությանն է դիմել, իսկ մեզ՝ թուրք ինտելիգենտներիս չի սիրում»։ Շատ լավ, բայց չէ՞ որ պրովինցիաներն ու գյուղական բնակչությունը քաղաքացի ինտելիգենտներից ավելի շատ են։ Երեւանը, իհարկե, շատ մեծ քաղաք է, այնտեղ ապրում է Հայաստանի բնակչության կեսը կամ ավելին, Գյումրին էլ է մեծ քաղաք, եւ ես վստահ չեմ, որ այնտեղ բոլորն աջակցելու են Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ 1920 թվականին դաշնակցական Հայաստանի` Թուրքիայի հետ կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրն արդեն կրճատել էր Հայաստանի տարածքը՝ ընդհուպ մինչեւ Արարատի մարզ, իսկ Գյումրին հանձնեցին Թուրքիայի օկուպացիային։

Պատմությունն ապրում է նախադեպերով, ու Ալեքսանդրապոլի նախադեպը եղել է, եւ այդ իշխանությունը, որի պաշտպանության նախարարն ո՞վ էր՝ Գարեգին Նժդեհը, կնքեց այդ պայմանագիրը, որը հիմա Երեւանի կենտրոնում կանգնած է։ Այս պատմությունն արդեն եղել է, այն կարելի է կրկնել։ Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին, դրա համար ուզում եմ ճշմարտությունն ասել։