ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որ ամեն առիթով հիշատակում է Հայաստանը՝ այն համարելով ԵԱՏՄ լոգիստիկ ներուժն ընդլայնելու ներուժ ունեցող նախաձեռնություն:
Տեսականում, անշուշտ, դա այդպես է, սակայն բոլորովին այլ է գործնական պատկերը ու չնայած հանգամանքին, որ Հայաստանը բոլոր հարթակներում ներկայացնում է իր մոտեցումը, այն, կարծես թե, որևէ հարթակում դեռևս չի արժանացել գործնական և առարկայական հետաքրքրության: Պատճառն էլ թերևս շատ պարզ է:
Լոգիստիկան այսօր հետաքրքրում է իբրև ազդեցության հնարավորութուն, աշխարհաքաղաքական լծակ, հետևաբար, երբ Հայաստանը խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, թերևս առաջինը, որ հետաքրքրում է լսողներին այն է, թե ով է լինելու այդ խաչմերուկի «կարգավորողը»: Հայաստանը, իհարկե, այդ հարցին էլ տալիս է պատասխան՝ ինքը:
Այսինքն՝ Հայաստանի պատասխանն այն է, որ կարգավորողը լինելու է Հայաստանը: Սակայն թերևս կա մի իրողություն, որ այդ պատասխանը չի բավարարում որևէ մեկին: Իսկ չի բավարարում, երևի թե, այն պատճառով, որ կասկած է առաջացնում առաջին հերթին Հայաստանի կարողունակությունը, թե պաշտպանական իմաստով, թե նաև պարզապես տնտեսա-քաղաքական կառավարման արդյունավետության:
Հայաստանն այդ առումով ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկը», գոնե առայժմ չի ներկայացրել դրան ուղեկցող կարեւորագույն մի բաղադրիչ՝ սեփական կենսունակության ու կարողունակության, դիմակայունության համոզիչ օրինակներ:
Այնպես չէ, անշուշտ, որ այդ օրինակները «զինաթափելու» են բոլորին և վերջ դնեն աշխարհաքաղաքական այն պայքարին, որ ծավալվում է ուժային դերակատարների միջև: Սակայն այդ օրինակները ներկայացնելով է, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնության հետ մեկտեղ փաստացի կներկայացնի նաև գործնական հայտ, ըստ այդմ՝ քննարկելի հայտ:
Այդ քննարկումները կլինեն բարդ, կլինեն դժվար, սակայն դրանք կլինեն հենց այդ դեպքում, երբ Հայաստանը «բրոշյուրից» բացի, ներկայացնի իր կառավարման արդյունավետության իսկապես գործուն միտումներ՝ բոլոր ոլորտներում: Առանց դրա, «Խաղաղության խաչմերուկի» ամենագրավիչ փաթեթավորումն անգամ չի արժանանա առարկայական դիտարկման:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ
ԵՄ դիտորդները Հայաստանում անվտանգային աչք ու ականջ են