Ազգային ժողովն օրերս հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել հայ-հնդկական սփյուռքյան համաժողով, որի օրակարգում եղել է «Հայաստանի եւ Հնդկաստանի տնտեսական հարաբերությունների զարգացումն ու սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտումը»։
Հրապարակ թերթը գրել է․ Հաղորդագրությունում նշվում է, որ համաժողովին մասնակցել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ ձեռներեցներ, բարձրտեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ամերիկահայ եւ հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչներ: Համաժողովը կազմակերպվել է Դիտորդ հետազոտական հիմնադրամի (ORF/Observer Research Foundation) եւ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) կողմից: Համաժողովին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Լուսանկարներում մենք կարողացանք ճանաչել միայն Երվանդ Զորյանին` «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահին։ Համաժողովից ներկայացված լուսանկարները շատ քիչ էին, իսկ Արշակյանն իր էջում տեղադրել էր միայն ԱՄՆ-ում ինքնավար տաքսիների մասին փոքրիկ տեսանյութ։
ԱՄՆ-ում հրապարակվող «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր, հասարակական ակտիվ գործիչ Հարութ Սասունյանին «Հրապարակը» հարցրեց` մասնակցե՞լ եք այդ համաժողովին, տեղյա՞կ եք դրա մասին, ովքե՞ր են մասնակցել հայ համայնքից: Պարոն Սասունյանը մեզնից տեղեկացավ, որ նման համաժողով է կազմակերպվել ԱՄՆ-ում։ Խոստացավ պարզել, քիչ ավելի ուշ իր տարակուսանքը հայտնեց այն մասին, որ թե՛ որպես լրատվամիջոցի ղեկավար, թե՛ որպես ԱՄՆ հայկական համայնքի ակտիվ անդամ ու սփյուռքահայ գործիչ, ինքը չի իմացել, որ նման համաժողով է կազմակերպվել:
«Եթե Ամերիկայի հայկական համայնքից հայտնի ու ազդեցիկ գործիչների հրավիրած լինեին, ես անպայման կիմանայի այդ մասին, բայց չեմ իմացել, ինչն առնվազն տարակուսելի է։ Եթե համաժողովն անվանում են հայկական ու հնդկական սփյուռքի համաժողով, ապա ո՞ւր են հայ եւ հնդիկ սփյուռքների ականավոր ներկայացուցիչները»,- ասաց Սասունյանը։
Նրան զարմացրել է նաեւ այն, որ այդ համաժողովին ներկա է եղել ու ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը` նման համաժողովները, անշուշտ, կարեւոր են, բայց ոչ այնքան, որ ԱԺ նախագահի տեղակալը Հայաստանից մեկնի ԱՄՆ` անձամբ ներկա լինի ու ելույթ ունենա։ Սասունյանին հետաքրքրել է նաեւ այն, որ այդ համաժողովը փորձում են ներկայացնել որպես շատ ազդեցիկ մի համաժողով։ Նրան պակաս զարմանք չի պատճառել նաեւ համաժողովի անցկացման վայրի ընտրությունը։ «Այս համաժողովը պետք է տեղի ունենար կա՛մ Հայաստանում, կա՛մ Հնդկաստանում, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել էին անպայման ԱՄՆ-ում անցկացնել, պետք է դա կազմակերպեին կա՛մ Նյու Յորքում, կա՛մ Լոս Անջելեսում, որտեղ հայերի ու հնդիկների մեծաքանակ համայնք կա, ոչ թե Սան Ֆրանցիսկոյում, որտեղ շատ քիչ թվով հնդիկներ ու հայեր են ապրում»,- ասաց Սասունյանը։
«Ես չգիտեմ, թե ում են հրավիրել համաժողովին, ոչ մի տեղից չեմ լսել, որ նման համաժողով են պատրաստվում անցկացնել։ Գուցե կազմակերպողների անճարակությո՞ւնն է եղել պատճառը, որ չենք իմացել դրա մասին, թե մեկ այլ բան՝ չեմ կարող բացատրել»,- ասաց Հարութ Սասունյանը։ Այո, տարբեր երկրների հետ պետք է ձեւավորել բարիդրացիական հարաբերություններ, խորացնել համագործակցությունը, աշխատել հատկապես մեր տարածաշրջանի հզորագույն երկրների հետ՝ ոչ թե պետք է, այլ անհրաժեշտություն է։ Սակայն ոչ պակաս կարեւոր է, թե որքանով են ճիշտ ուղղությամբ տարվում այդ աշխատանքները, եւ ինչպիսին կլինի նման միջոցառումների ՕԳԳ-ն։
Բաց մի թողեք
Ինքն իր հետ մրցման է մտել
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ
Ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ռեպրեսիվ եղանակներով