18/12/2024

Էրդողանը «կրտսեր եղբոր գերեզմանը կփորի՞»

Բաքվում վերջերս ձերբակալվել, ապա «խուլիգանության» և «խարդախության» մեղադրանքով կալանավորվել է Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ազեր Գասիմլին: Նա մեղադրանքը չի ընդունում, համարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման:

Գասիմլին իր կալանքը կանխատեսել էր մոտ երկու շաբաթ առաջ, երբ նրան վերջին պահին արգելել էին օդանավ նստել՝ մեկնելու արտերկիր: Ըստ տեղեկությունների, նա պետք է ներկա գտնվեր մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ԱՄՆ պետդեպարտամենտի միջոցառմանը՝ լիազորված լինելով ստանալու կալանավորված լրագրող Սևինջ Վագիկըզըի մրցանակը:

Ազեր Գասիմլիի կինը՝ Սամիրա Գասիմլին, որ մասնագիտությամբ հոգեբան է և զբաղվում է նաև հանրային գործունեությամբ, «Թուրան» գործակալության հետ հարցազրույցում Ադրբեջանում անցյալ տարեվերջից սկսված և օրեցօր ահագնացող քաղաքական հետապնդումները, ձերբակալությունները և կալանքի որոշումներն անվանել է «աշխարհաքաղաքական» և բացատրել, որ տեղի ունեցող փոփոխությունների, աշխարհի երկու ժամբարի բաժանման համատեքստում Իլհամ Ալիևն ընտրություն է կատարել հօգուտ ավտորիտար կոալիցիայի:

Նրա գնահատմամբ՝ այդ կոալիցիային անդամակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները: Սամիրա Գասիմլին համարում է, որ ավտորիտար կոալիցիայի առանցքային երկիրն Ռուսաստանն է:

«Վլադիմիր Պուտինի ռեժիմի տապալմամբ ավտորիտար կոալիցիան կփոշիանա և ճանապարհ կբացի, որ այլ բռնապետությունները նույնպես տապալվեն՝ ինչպես դա Սիրիայում կատարվեց Բաշար Ասադի ռեժիմի հետ»,- կանխատեսել է նա:

Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչները, Բաքվում դեռևս ազատության մեջ գտնվող մի քանի ընդդիմադիր գործիչներ, ինչպես օրինակ Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին, Ասադի տապալումից հետո սոցիալական ցանցերում ենթատեքստային գրառումներ են կատարում՝ Հաֆեզ Ասադին համեմատելով Հեյդար Ալիևի, Բաշար Ասադին՝ Իլհամ Ալիևի հետ:

Որքանո՞վ է ադրբեջանական հանրությունն իր «խորհրդավոր լռության» մեջ այդ զուգահեռները ճիշտ կամ ոչ տեղին գնահատում՝ հնարավոր չէ պարզել: Անկասկած է, որ Ազեր Գասիմլիի դեմ հետապնդումներն սկսվել են Ռուսաստանի նախագահ Պուտինի Բաքու պետական այցից հետո, իսկ պատճառն այն է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Ադրբեջանը չպետք է «ավտորիտարների ակումբի անդամ լինի» և Պուտինի այցը գնահատել է ադրբեջանական ժողովրդի ազգային-պետական շահերին հակասող:

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև «ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների» վերաբերյալ ավելի քան տասը տարի առաջ ուշագրավ դիտարկում է արել քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նա ասել է, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը «դուրս են եկել նույն՝ կոմկուսակցական-ԿԳԲ-ական շինելից, նրանց միավորում է ընդհանուր ծագումը»:

Ըստ երևույթին՝ այդ գնահատականն Ադրբեջանում նաև այլ շրջանակներ են կիսում և համարում են, որ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի արտաքին հովանավորը Ռուսաստանն է, անձամբ Վլադիմիր Պուտինը: Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը, անկասկած, Ռուսաստանի միջազգային դիրքերի թուլացման ապացույց է: Ադրբեջանի քաղբանտարկյալները, նրանց հարազատները, իհարկե, Պուտինի իշխանության փլուզումը և որպես շարունակություն՝ ալիևյան բռնապետության անկումը երազելու իրավունք ունեն: Խնդիրն այն է, որ Ասադին տապալելու դափնին գոնե առերևույթ պատկանում է Թուրքիայի նախագահին: Էրդողանը «կրտսեր եղբոր գերեզմանը կփորի՞»: