Թուրքիայի «գարշապարին» Սիրիայի մի մասի հանձնումը վկայում է այն մասին, որ աշխարհում սկսվել է քաղաքական վերաբաշխման երկրորդ փուլը։ Առաջինը իննսունականների սկզբին էր՝ ԽՍՀՄ-ի կազմաքանդման եւ Եվրոպայի վերամիավորման տեսքով։
Ոմանց համար սա պարզապես ավտորիտար վարչակարգի անկում է, որը երկար ժամանակ հակասության մեջ է գտնվել իր ազգային ընդդիմության հետ եւ արտաքին պաշտպանության տակ է: Բայց եթե ավելի լայն հայացքով նայեք, կնկատեք, որ տեղի ունեցողը բոլորովին այլ իմաստ ունի։ 20-րդ դարի առաջին կեսին հաստատված աշխարհակարգը շարունակում է մեթոդականորեն քանդվել։
Ակտիվ շարժընթացի նման ժամանակաշրջաններում հաղթում է նա, ով կարողանում է ընթացող համապարփակ (գլոբալ) փոփոխությունների տրամաբանության մեջ քաղաքական նոր իրողություններ ստեղծել։ Հաղթում է նա, ով կարողանում է կառավարել վերելքների ընթացքը։ Նրանք, ովքեր կառչած են մնում հնից, կորցնում են: Ընդ որում՝ շատ բան:
Սառը պատերազմի կայուն աշխարհակարգի օրինակով ոչ մի օրինակարգություն չի ապահովում սուբյեկտների անվտանգությունը. քաղաքական վերաբաշխման դինամիկ գործընթացի տրամաբանության մեջ օրինակարգություն չկա։ Օրինակարգությունը կայուն համակարգ ունեցող հին աշխարհի հասկացություն է:
Այստեղ կարեւորն այն է, որ համապարփակ քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջաններում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ մարդու իրավունքների սկզբունքները ոչ միայն կորցնում են իրենց նշանակությունը, այլեւ վերածվում են անօրինականության խթանիչների։
ԽՍՀՄ-ի կազմաքանդման ժամանակաշրջանում հայ ժողովուրդը գործեց վերելքի քաղաքական գործընթացի տրամաբանությամբ՝ գորբաչովյան «պերեստրոյկա»-ի կիզակետում, եւ փոխեց դեռեւս 1920-ականներին ստեղծված քաղաքական իրողությունները։ Քառորդ դար անց Ադրբեջանը սկսեց նոր իրողությունների ձեւավորման գործընթացը եւ հաղթեց։
Հայաստանը կառչել է անցյալից, ետ է մնացել համաշխարհային զարգացումների ընթացքից ու պարտվել։ Ո՞րն է Հայաստանի տեղն այսօր, որտե՞ղ պետք է լիներ: Պարզ է, որ պետք է լիներ փոփոխությունների գործընթացի առաջնագծում: Բայց, կարծես թե, Հայաստանը ցանկանում է կախվել 20-րդ դարասկզբի իրողություններից՝ հարավկովկասյան տարածաշրջանի բաժանման ռուս-թուրքական պայմանագրից։
Սա ոչ մի լավ բանի չի հասցնի: Մենք պետք է դառնանք նոր քաղաքական իրողության ոչ միայն մասնակիցը, այլեւ դրա ստեղծողներից մեկը:
Մանվել Սարգսյան
Բաց մի թողեք
Ֆրանսիայով չի սահմանափակվում Թուրքիային ԵՄ-ում տեսնել չցանկացողների շրջանակը
Զելենսկին մերժում է Օրբանին և ԱՄՆ-ից ակնկալում է անվտանգության ուղիղ երաշխիք՝ հրադադարի գնալու համար
Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին. Լուսանկար