19/12/2024

Բաքվում Ռուբեն Վարդանյանին ցանկանում են դատապարտել ցմահ ազատազրկման

Ադրբեջանի դատախազները հայ քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը:

Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։

Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:

Նշվում է, որ ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե՛ Ռուբեն Վարդանյանից, թե՛ հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»:

Միևնույն ժամանակ, հրաժարվել են Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում: Հետևաբար, Վարդանյանն ու նրա փաստաբանը ծայրահեղ կերպով սահմանափակված են իրենց իրավունքներում, որպեսզի դատավարության ժամանակ պատրաստ լինեն պաշտպանության։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը պաշտոնավարել է 2022 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվար, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումով շարունակում է պահվել Բաքվի բանտում: Նրա դատավարությունը, որն արդեն բազմիցս հետաձգվել է, ակնհայտ է, որ հեռու է լինելու միջազգային ստանդարտներին համապատասխանելուց: