Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը 2022 թվականից կալանքի տակ է։
Նա մեղադրվում է Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, չնայած հազիվ մի 10 օր է զբաղեցրել Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը․ նա նշանակվել է հոկտեմբերի 27-ին, եւ ուղղակի բարոյական չէ կոնկրետ մեկ անձի վրա նման պատասխանատվություն դնելը, երբ պատերազմը կառավարել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, մենք պաշտպանության նախարար եւ Գլխավոր շտաբի պետ ենք ունեցել, Արցախի ՊԲ հրամանատարն էլ եղել է Ջալալ Հարությունյանը։
Տարիներ շարունակ հայրենիքին ծառայություններ մատուցած Արզումանյանի հոգեվիճակը, ըստ նրա մտերիմների, երկամյա կալանքի արդյունքում լավ չէ։ Նրա մտերիմներից մեկը «Հրապարակ»-ին պատմեց․ «Կարելի է ասել՝ շատ ավելի ներվային է, հոգեբանական տրավմա ունի, ինքն ասում է՝ ամբողջ կյանքս անցկացրել եմ, հիմա որտե՞ղ եմ հայտնվել»։
Բանտում նրան երբեմն-երբեմն այցելում են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը եւ Տիգրան Աբրահամյանը: Նրանցից փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արզումանյանի վիճակի, գործի վերաբերյալ, երկուսն էլ, չգիտես ինչու, հրաժարվեցին որեւէ ինֆորմացիա փոխանցել։ Տպավորություն է, թե հարազատները, պաշտպանները, գործընկերները, անգամ` ընդդիմադիրները, ձեռքերը լվացել են Արզումանյանից եւ չեն ուզում նրան որեւէ կերպ օգնած լինել:
Մեր փորձերը` ինչ-որ բան իմանալ Արզումանյանի գործից եւ գոնե հիշեցնել նրա մասին, հաջողություն չունեցան: Ստիպված ենք ընդամենը արձանագրել, որ չհաստատված մեղադրանքով, առանց դատավճռի, 51-ամյա գեներալին կալանքի տակ են պահում: Դրանից զատ, իշխանությունը նրա ընտանիքին հանում է ՊՆ-ի տրամադրած բնակարանից։ Հասրաթյան փողոցի շենքերից մեկում գտնվող այդ բնակարանը նրան հատկացրել էր նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանը։ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի կայացրած ակտով, Արզումանյանին հատկացված բնակարանը պետք է հետ վերադարձվի նախարարությանը, Արզումանյանները ծանուցում են ստացել, սակայն համաձայն չեն այս որոշման հետ եւ ամռանը դիմել են վարչական դատարան, քանի որ գեներալի ընտանիքը հայտնվելու է փողոցում: Մենք տեղեկացանք, որ դատարանը հայցը ետ է վերադարձրել՝ հայցադիմումում լրամշակումներ կատարելու համար, փաստաբան Երեմ Սարգսյանն այն լրացրել է եւ կրկին մուտք արել դատարան։
Հիշեցնենք․ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Արեգա բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:
Բաց մի թողեք
Սինանյանը տղամարդու հետ զվարճանում է երևանյան փաբերից մեկում․ Տեսանյութ
Տարեվերջին դատավորները «դափոնով» կալանքի որոշումներ են տվել, Նուբարաշենի բանտում ասեղ գցելու տեղ չկա
Ատոմ Ջանջուղազյանն ինքն իր համար 4 մլն դրամ աշխատավարձ է սահմանել