13/01/2025

Տաքսիստ Կարենը մասնատում է կատուներին ու նրա ձեռքը բռնող չկա. Ահազանգ

Արդեն երկար տարիներ տարօրինակ, դաժան հանցագործություն է կատարվում Երեւանի կենտրոնում։

Հրապարակին այս մասին ահազանգում են Մաշտոցի 49 շենքի բնակիչները։ Նրանք վստահեցնում են՝ այնքան են ահաբեկված, որ անգամ տեսնելիս, թե ինչպես է Կարեն անունով տաքսիստը հերթական կատվիկին ձեռքում բռնած տանում կառափնարան, ձայն չեն հանում։ Այդպես եղել է մի քանի օր առաջ։ Ասում են՝ նա կատվիկին տարել է մուտք, տաքսիստների աչքի առաջ սրսկել նրան ու բերել, շնչահեղձ եղող կենդանուն նետել մարդաշատ վայրում։ Բոլորը սարսափած նայել են, ու ոչ ոք ձայն չի հանել, որովհետեւ, ինչպես վստահեցնում են բնակիչները, Կարեն Խ․-ն «գործ տվող է»։

Մաշտոցի 49 հասցեի բնակիչ Լուսինե Հասրաթյանը պատմում է, որ Կարեն Խ․-ն մեկ ամիս առաջ է հեռացել իրենց շենքից։ Հարկադիրը խլել է բնակարանը, որից հետո տղամարդն իր ներսում կուտակված դժգոհությունը կատուներից է հանում։ Բայց քանի որ նրան վտարելու ժամանակ իր բնակարանից մեծ քանակությամբ կատվի դիեր են հանել, ուրեմն այս հիվանդությունը նոր չէ: Անդամահատում է նրանց վերջույթներն ու առանց ոտքի մնացած կատուներին նետում բնակիչների դռների առաջ, կտրում է գլուխները։ «Ասել է՝ բոլորիցդ վրեժ եմ լուծելու։ Հավանաբար, հոգեբանական խնդիրներ ունի, նաեւ կատուների նկատմամբ մանիակալ վերաբերմունք ունի։ Չես հասկանում` ուտում է, սպանում է»,- պատմում է մեր զրուցակիցը։

Տվյալ անձն աշխատում է տաքսի ծառայությունում։ Սակայն ասում են՝ անգամ այդ ծառայության տնօրինությունն է նրանից վախենում, քանի որ Կարեն Խ․-ն գործ տվող է։ «Նա կարող է իրոք վրեժ լուծել։ Այն բանից հետո, երբ ես վիճեցի նրա հետ, ասացի՝ էլ քեզ չտեսնեմ, սրանք իմ կատուներն են, նա ինձ բրթեց, հայհոյեց, որոշեց վրեժ լուծել եւ շենքի բնակիչների վրա անոնիմկաներ գրեց՝ ոստիկանության 6-րդ բաժին։ Մեկը շինարարություն է անում բակում, գրեց, թե ապօրինի է շինարարությունը, ես ունեմ խանութ, գրեց` անօրինական եմ աշխատում, մյուսն արտադրամաս ունի, ու այդպես բոլորին վեցերորդը ստուգում էր, մարդիկ վախեցան»,- ասում է Լուսինե Հասրաթյանը։ Նա այն հազվագյուտներից է, որ չի վախեցել, դիմել է ոստիկանություն, ու հենց այստեղ էլ սկսվել է իսկական կինոն։ Պարզվում է, իրավապահները ծածկադմփոց են անում, ինչ-ինչ պատճառներով ամեն ինչ անում են, որպեսզի սադիստը չպատժվի, ապագայում էլ շարունակի իր արյունալի գործը։ «Ես գրել եմ, որ նրա ձեռքում նույնիսկ դանակ եմ տեսել, գրել եմ, որ ինձ բրթել է, հայհոյել է, որ նա վտանգավոր է, որ այսօր կատու է սպանում, վաղը երեխա կսպանի։ Մենք՝ բոլորս, բարոյական ահաբեկչության պայմաններում ենք ապրում։ Բայց ոստիկանությունը ոչինչ չի անում»,- ասում է Լուսինե Հասրաթյանը։ Փաստորեն, ոստիկանները դիմումն ընդունում են, ուղարկում քննչական, իսկ այնտեղ վարույթները քնեցվում են։

2 օր առաջ, երբ բոլորի աչքի առաջ Կարեն Խ․-ն կատուն ձեռքին աջ ու ձախ է արել, ապա վերադարձել է եւ անկած կենդանու մարմինը նետել դրսում, Լուսինեի դուստրը՝ Գայանեն, զանգել է ոստիկանություն։ «Գայանե անունով մի կին ամսի 13-ին հաղորդում է տվել, հայտնել է, որ իրենց նախկին հարեւանը նույն օրը, ժամը 17-ին եկել է իրենց շենք, բակից վերցրել է մեկ կատու, մտել է շքամուտք, որից հետո դուրս է եկել, կատուն նետել է մի կողմ, վերջինիս հեռանալուց հետո նկատել են, որ կատուն սատկած է։ Ստեղծված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Նախկինում ոստիկանություն մուտքագրված հաղորդումների մասին լրատվականից որեւէ տեղեկություն չեն տալիս եւ չեն պատասխանում, թե ինչու այդ հաղորդումներին ընթացք չի տրվել։

«Իր պատճառով իմ վաննայի առաստաղը 2022 թվականին փլվեց ամբողջովին, որովհետեւ նա անընդհատ այդտեղ ջուր էր թողնում։ Եկան փրկարարները, նկարեցին, ասացին՝ հարեւանի հետ լեզու գտեք, ու գնացին։ Եվ թաղային ենք զանգել: Ամեն տեղ ասում են՝ հարեւանի հետ լեզու գտեք։ Իր հեռանալու մյուս օրը դուռը բացեցի ու դռան մոտ տեսա կատվի ձագի դիակ։ Հետո իմացա, որ չորրորդ հարկի հարեւանի դռան մոտ էլ է գցել կատվի ձագ։ Նա մեր շենքից գնացել է մոտ 1 ամիս առաջ։ Մինչ այդ մեծ ցելոֆանի տոպրակներով մսեղեն էր բերում ու մուտքում արյան լաքաներով քարշ էր տալիս, այդ արյունոտ ջրերը դնում էր բալկոնում, ու ամբողջ թաղով մեկ գարշահոտություն էր տարածվում»,- պատմում է 33 բնակարանի բնակիչ տիկին Բելլան։

Կարեն Խ․-ին չգտանք: Նրան փնտրում ենք, որ հարցեր տանք։ Նրա փոխարեն խոսեցինք եղբոր` Ռոբերտ Խաչատրյանի հետ, պարզվեց, նա 15 տարի է՝ չի շփվում Կարենի հետ, եւ մեզ խնդրեց չօգտագործել «եղբայր» բառը, քանի որ «եղբայրը» սուրբ բառ է։ Ռոբերտի դեմ էլ է Կարեն Խ․-ն ոստիկաններին բազմիցս բողոքել։ Ինչո՞ւ են ոստիկանները, քննիչները նրան պաշտպանում։ «Նա բոլորի դեմ գրում է ու այնպիսի բաներ, որ ծիծաղդ կգա։ Քննիչները նրանից խուսափում են, որովհետեւ եթե իր ուզածով չանեն, իրենց դեմ էլ կգրի»,- ասում է Ռոբերտ Խաչատրյանը։ Թեեւ ասաց, որ Կարենն աշխատում է մասնավոր տաքսի ծառայությունում, բայց վստահեցրեց, որ նա հոգեկան խնդիրներ ունի։ «Զարմանալին այն է, որ նա կատուներ է պահում, ե՛ւ սատկացնում է, ե՛ւ պահում։ Չգիտեմ, թե ոնց է այդպես, բայց դրսից մի կատու էր տեսնում, տուն էր բերում»։ Կարեն Խ․-ն այժմ բնակվում է Գրիբոյեդով փողոցում, անցյալում ապրել է նաեւ Աբովյան 22 հասցեում: Եթե այս ամենը ճիշտ է, եթե Կարեն Խ․-ն իրոք մասնատում է կատուներին եւ նետում բնակիչների դռների առաջ, ինչո՞ւ մոլագարի ձեռքը բռնող չկա։ Չէ՞ որ հայտնի չէ, թե վաղն այդ մոլագարությունն ինչպես եւ ում դեմ կարտահայտվի: