Դեկտեմբերի 14-ին Աշտարակում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը։
Հրապարակ թերթը գրել է. Հաղորդագրությամբ մի անհոդաբաշխ նախադասություն էին հրապարակել, որ «օրակարգում են եղել «Իրական Հայաստանի» հայեցակարգը իրական կյանքի գործելակարգերի մեջ եւ խաղաղության օրակարգի իրականացման ընթացիկ վիճակը»։
Ժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «որոշվել է 2 շատ կարեւոր բան». 1. Կուսակցությունն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում: 2. Առաջիկայում եւ հետագայում կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի այն մարդկանցից, որոնք պաշտոնյաներ չեն:
Փաշինյանը հանդես է եկել զեկույցով եւ պատասխանել է ժողովի մասնակիցների հարցերին։ Իսկ ի՞նչ նոր կանոններ են սահմանվելու իշխող կուսակցության անդամների համար, ի՞նչ բարեվարքության մասին է խոսքը։ Ի՞նչ է թույլատրվելու, իսկ ի՞նչը՝ արգելվելու: ՔՊ-ից երեկ խուսափում էին խոսել, կարծիք հայտնել այս թեմայով։ Սակայն քաղաքական ժողովից ստացված տեղեկատվության հիման վրա կարելի է ենթադրել, որ բարեվարքության կանոնակարգում հատուկ արձանագրելու են, որ, օրինակ, լրատվամիջոցներին տեղեկատվություն փոխանցելը կամ, իրենց լեզվով ասած` արտահոսքեր կազմակերպելն արգելվում է, եթե չասենք՝ մահացու մեղք է։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, քաղաքական ժողովն անցել է լարված մթնոլորտում։ Մասնակիցները հավսար-զգաստ վիճակում են եղել՝ հանկարծ ծուռ չնստեն, մի բան չբլթացնեն, ուշադիր լսել են շեֆին, գլխով հավանության նշաններ տվել նրա ամեն ասածին, որ Փաշինյանը հիստերիայի որեւէ նոպայի ժամանակ մի sms էլ հանկարծ իրենց չուղարկի։
Փաշինյանն այդ ժողովում էլ է շարունակել առաջ մղել իր սեւեռումները, թե թիմի ձախողումների գլխավոր պատճառն այն է, որ իրար դեմ են աշխատում, պատվերներ են իջեցնում մամուլին, արտահոսքեր են կազմակերպում, սեփական ձեռքով քանդում են սեփական «տունը»։ Մի քանի անգամ շեշտել է, որ ինքը բոլորի մասին ամեն ինչ գիտի, բառի բուն իմաստով` ամեն ինչ, դեռ համբերում է, ակնարկել է, որ պետք չէ իր համբերության բաժակը լցնել ու մղել կտրուկ գործողությունների․․․
Պատմեցին, որ Փաշինյանը նաեւ փորձել է շոկի ենթարկել թիմակիցներին, թե՝ կարո՞ղ է մտածում եք, որ մենակ իմն է այս իշխանությունը, որ ես մենակ պիտի մտածեմ վերարտադրվելու մասին, նախատել է, թե տեղներիցդ շարժվեք, ձեզ թափ տվեք, իրար վրա «բոչկա գլորելով»` բոլորդ զրկվելու եք իշխանության բարիքներից։ Ասել է՝ մտածե՞լ եք, որ վաղը ընտրություն լինի, ինչ կլինի ձեր վիճակը, հիշեցրել է Գյումրիում առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունների մասին ու ասել, որ դրանք մեծ հաշվով ցուցիչ են լինելու, թե ժողովուրդն ինչ է մտածում իրենց իշխանության մասին։
Հատուկ նախատել է ՔՊ-ական տիկնանց, ի դեպ, հաշված կանայք են ներկա եղել: Նաեւ չի թաքցրել անվստահությունը եւ դժգոհությունները թիմի նկատմամբ: Նախորդ տարիների պես՝ Աշտարակի քաղաքական ժողովը չի եղել ընդլայնված կազմով, հրավիրված չեն եղել բոլոր պատգամավորները, այլ եղել է քաղաքական խորհուրդը միայն՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ-փոխնախագահներ, մարզպետներ, նախարարներ, համայնքի, տարածքային խորհուրդների ղեկավարներ։
Ինչ վերաբերում է կանանց, ապա Փաշինյանն ասել է, որ տպավորություն է, թե պատգամավոր կանայք միայն աշխատավարձի ու պարգեւավճարի համար են, նա հորդորել է բոլորին՝ ավելի սերտ շփումներ հաստատել քաղաքացիների հետ, մարզեր այցելել, համայնքներում շրջել, ամրացնել կապը ժողովրդի հետ, մտածել, որ վաղն ընտրություն է լինելու։
Ասել է նաեւ, որ պետք է համալրել կուսակցության շարքերը, որոնք վերջին տարիներին նոսրացել են, այդ նպատակով հարկավոր է, ծանոթ-բարեկամներից զատ, պետական ապարատի աշխատանքին ներգրավել նաեւ հասարակության այլ շերտերի, որոնք կդառնան առաջիկա ընտրությունների ժամանակ իրենց հենարանը։ Փաշինյանը հասկացրել է, որ ընդլայնելու է կադրային ու կուսակցական բազան, որ եղած բազայով հնարավոր չէ գնալ ընտրությունների եւ հաղթել։
Բաց մի թողեք
Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր
Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի․ Լուսանկար
ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Փաշինյանի ակնարկը ցնցել է ՔՊ-ականներին