«Անադոլու» պետական գործակալությունը հրապարակել է Ստամբուլի «Մեդիպոլ» համալսարանի պրոֆեսոր Բեքիր Բերաթ Օզիփեկի՝ Սիրիայում Թուրքիայի ազդեցության մասին վերլուծական հոդվածը:
Նրա դիտարկմամբ՝ Ասադի վարչախմբի անկումը «նշանավորել է շրջադարձային պահ, և Սիրիան առաջին անգամ սեփական ժողովրդի ուժերով իրական վերականգնման հնարավորություն է ստացել»:
Թուրք պրոֆեսորը դա անվանում է «հանրային պայմանագրի գործընթաց» և հավելում, որ Սիրիան, անկասկած, «երկար ճանապարհ ունի անցնելու»: Սիրիացիները պետք է քննարկեն պետության կազմակերպչական կառուցվածքը, նոր սահմանադրությունը և ներկայացուցչականության ընթացակարգը:
Ըստ այդմ, նա չի բացառում, որ կլինեն «լարվածություններ, կպահանջվեն փոխզիջումներ, սիրիացիները թույլ կտան սխալներ և դրանցից դասեր կառնեն, բայց առաջին քայլն արված է՝ վարչախումբը, որ սեփական քաղաքացիների կեսին մատնել է աստանդականության և հայրենզարկման, տապալված է»:
Այս ընդհանուր մտավարժանքներից հետո թուրք քաղաքագետը Սիրիայի համար «կենսականորեն կարեւոր» է տեսնում Թուրքիայի ազդեցությունը, փաստացի՝ պրոտեկտորատը և դա հիմնավորում Աֆղանստանից ԱՄՆ հեռանալուց հետո այդ երկրում չհաղթահարվող հակասություններով, որ, ի դեպ, նա համարում է տարբեր խմբավորումների նկատմամբ Միացյալ Նահանգների «պահպանվող ազդեցությամբ»:
«Անադոլուի» հեղինակն ըստ էության Միացյալ Նահանգներին վերագրում է Աֆղանստանից հեռանալուց հետո այդ երկրի քաղաքական ամբողջությունը մասնատելու միջոցով անկայունություն պահպանելու մեղադրանք և մասնավորեցնում, որ Թուրքիան պետք է վճռական ջանքեր գործադրի, որպեսզի Սիրիան «ազատ լինի իր «դաշնակիցների» ապակայունացնող միջամտությունից, որոնց Սիրիայի և տարածաշրջանի հանդեպ նկրտումները տեսանելի են նրանց այսօրվա քայլերից»:
Սիրիայում գետնի վրա իրավիճակի առումով այդ «կշտամբանքի» ուղղակի հասցեատերն Իսրայելն է, միակ երկիրը, որ Ասադի տապալումից հետո Սիրիայի տարածքում ռազմական ներկայություն է հաստատել և չի թաքցնում, որ մտադիր է ամրապնդվել Գոլանում և «նախկին բուֆերային գոտում»:
Խսիտ ուշագրավ է, որ Օզիփեկի վերլուծականն «Անադոլուի» կայքում տեղադրվել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է Նաթանյահուի Կահիրե այցի և ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդների հետ բանակցություններ սկսելու մասին Reuters-ի ավելի վաղ տարածած տեղեկատվությունը և պաշտոնապես ծանուցել, որ նա պաշտպանության նախարար Կացի, ԶՈՒ ԳՇ պետ Հալևիի և զորամիավորումների հրամանատարների հետ «այդ ժամերին գտնվել է Սիրիայի հետ սահմանին»:
Այս առումով թուրք պրոֆեսորի ակնարկը հասկանալի է, բայց գրեթե ակնհայտ իրողություն է, որ Իսրայելը սիրիական տարածքում որևէ «անհավասարակշիռ» քայլ չէր ձեռնարկի, եթե Միացյալ Նահանգների համար նրա «օկուպացիոն մենթալիտետը»,-ինչպես Թուրքիայի ԱԳՆ-ն է բնորոշել Նաթանյահուի քաղաքականությունը,- գոնե ընդհանուր – աշխարհաքաղաքական իմաստով ընդունելի չլիներ:
Ասադի տապալումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ ակնհայտի ասել է, որ սպասում է Դոնալդ Թրամփի կառավարության ձևավորմանը: Նա առաջիկա երկու-երեք ամիսները Թուրքիայի համար «վճռորոշ» է գնահատել: Ըստ երևույթին, թուրքական «ուղեղային կենտրոնները» կանխատեսում են, որ Սիրիայում իրադարձությունները կարող են նախորդել Թրամփի պաշտոնամուտին:
Պետք է, հավանաբար, սպասել, որ մոտակա մեկ-երկու շաբաթներին Թուրքիան Սիրիայի տարածք հավելյալ զորքեր կմտցնի: Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ներկայությունն Անկարային խանգարում է: Հարցն այն է, թե Սիրիայից ԱՄՆ «հեռանալու» դիմաց Էրդողանն ի՞նչ կարող է տալ պաշտոնն ստանձնող Թրամփին:
Ռուս-ուկրաինական բանակցությունների «ստամբուլյան հարթա՞կ»: Ասադին «կորցրած» Պուտինը կհամաձայնի՞ Ուկրաինայի հարցով Թրամփի փոխարեն բանակցել «ինչ-որ» Զելենսկու հետ:
Բաց մի թողեք
Իրանը որևէ դժգոհություն կամ դիտողությո՞ւն ունի Հայաստանից
Էրդողանը «կրտսեր եղբոր գերեզմանը կփորի՞»
ՀԱՊԿ-ում Հայաստանն օգնեց Ղազախստանին ու հիասթափվեց ․․․