«Իշխանությունը հանրային-քաղաքական օրակարգում թելադրող լինելու կարգավիճակն այնքան է կարևորում, որ պատրաստ է ամեն ինչի:
Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր՝ իրենց տան անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար, մի նախարարի կամուրջից կհրեն-կգցեն կամ մի պատգամավորի կրակի վրա կխանձեն…»: Մի շտապեք կարծել, որ նման «սիրողական մակարդակի» վերլուծության հեղինակը ինչ-որ քաղակտիվիստ է, որի անելիքը հայտնի մամլո ակումբի տաղավար հյուրընկալվելն ու իշխանության վրա «օրվա կուրսին» համարժեք կեղտ լցնելն է (երբեմն բարձր հոնորարի դիմաց)։ Տողերի հեղինակը քաղաքականության մեջ եթե ոչ «եփված-տապակված», ապա գոնե «շոգեխաշված» սուբյեկտ է, ավելին՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Տպավորություն է, թե պարոն Աբրահամյանը ներկայացնում է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարած, այլ մաքրամաքուր, անաղարտ մի կուսակցություն, որի կողքով են անցել ինտրիգներն ու սկանդալները, ՔՊ-ն էլ, ահա, մի կուսակցություն է, որը ստիպված է շոու բիզնեսի կանոններով առաջնորդվել՝ արհեստական ինտրիգներ ու սկանդալներ հրահրել, դրանք գցել մամուլի բերանը, ասել է թե՝ ինքզինքը դնել անհարմար դրության մեջ, որպեսզի հանրության ուշադրությունը գրավի ու օրակարգ թելադրող դիտարկվի։
Արձանագրենք՝ Աբրահամյանը ուղիղ կերպով խոստովանում է՝ ՀՀ հանրային-քաղաքական դաշտում միակ սուբյեկտը, որը օրակարգ է թելադրում, կառավարող ուժն է՝ «Քաղաքացիական պայմանագիրը», և ինքն էլ, որպես քաղաքականությամբ զբաղվող սուբյեկտ, ստիպված է ենթարկվել այդ օրակարգին, շարժվել դրանով ու ժամանակ նվիրել այդ թեմայով ֆեյսբուքյան գրառում անելուն։
Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունենում կառավարող ուժի հետ կամ դրա ներսում. ոչ մի տարօրինակ կամ արտասովոր բան, այլ ընդամենը կադրային փոփոխություններ, կուսակցական կարգապահությունը խախտածներին «ցտեսություն» ասելու արարողություն… մի գործընթաց, որը հատուկ է ցանկացած կայացած քաղաքական կուսակցության։
Նկատենք՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք էլ ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել նման գործընթացներ՝ կադրային փոխատեղումներից մինչև խորհրդարանական մեկ այլ կուսակցության լիդերին «գծերից քցելու», «իզգոյացնելու», եթե կուզեք՝ «չարիքացնելու» օպերացիա՝ 2015-ի «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը» կանխելու տեսքով։
Փաստորեն, Սերժ Սարգսյանի օրոք, երբ, ասենք, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, կարկառուն ՀՀԿ-ական, Էդուարդ Շարմազանովի «քիփ» ընկեր Վազգեն Խաչիկյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում «մեռած հոգիներին» թոշակավորելու և միլիոնների հափշտակության համար, այսպիսով իշխող ուժը ոչ թե փորձում էր պատժել հանցագործությունն ու արդարադատություն իրականացնել, այլ… օրակարգ թելադրողի դիրք գրավել։
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի նկատմամբ էլ երբ 2011-ին քրեական հետապնդում էր իրականացվում մարզային ոստիկանությանը տրամադրված խոշոր չափերի բենզինը յուրացնելու համար, Սերժ Սարգսյանը ոչ թե պետական ունեցվածքի յուրացումը պատժելու հետևից էր գնում, այլ… ընդամենը ուզում էր ոստիկանության շուրջ աղմուկ ապահովել ու այսպիսով ընդդիմությանն օրակարգ թելադրել։
Իսկ երբ (2015-ին), ասենք, ՀՀԿ-ական պատգամավոր, Հովհաննես Սահակյանը հայտնվեց «սեքս-սկանդալում» (ըստ մամուլի՝ իբրև թե «Սկայպ»-ով շփվել էր 14-ամյա ռուս աղջկա հետ, և նրա վերաբերյալ «արատավորող» տվյալները օգտագործվել էին շորթում իրականացնելու նպատակով), այսպիսով փորձ էր արվում այլընտրանքային օրակարգ թելադրել՝ հանրության ուշադրությունը շեղելով այդ օրերին հիմնական օրակարգ համարվող Սահմանադրության բարեփոխումներից, որոնք էլ պետք է հիմք հանդիսանային Սերժ Սարգսյանի վարչապետացման համար…
Տիգրան Աբրահամյանը, լինելով ՀՀԿ-ի ներքին խոհանոցին, բարքերին ու հարաբերություններին քաջատեղյակ անձ, փաստորեն, սեփական կուսակցության արշինով է փորձում չափել մյուս կուսակցություններին՝ դիմելով նման պրիմիտիվ վերլուծության։
Այսուհանդերձ, եթե ըստ Աբրահամյանի ընկալման՝ իշխանությունը պատրաստ է «ամեն ինչի»՝ օրակարգ թելադրողի դիրքում մնալու համար, այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ո՞րն է ընդդիմության օրակարգն ու ինչի՞ է պատրաստ ընդդիմությունը իշխանությանն ու հանրությանը ի՛ր օրակարգը թելադրելու և կամ պարտադրելու համար։
«Պատիվ ունեմ» անունով քանդված, մեկ պատգամավորի կորուստ տված երբեմնի դաշինքը ժողովրդից ստացած մանդատով ի՞նչ է արել խորհրդարանական իր գործունեության անցած ավելի քան 3 տարիների ընթացքում՝ քանի՞ օրենքի նախագիծ է մշակել, քանի՞ ազգահաճո ու պետականանպաստ նախաձեռնության է միացել, քանի՞ ադեկվատ հայտարարություն է արել…
Թե՞ պոպուլիստական թեմատիկայով ժամանակ առ ժամանակ խորհրդարանական լսումներ կազմակերպելը, այդ լսումներին իշխանությանը հայհոյելու համար օրավարձով վճարվող սուբյեկտներին հրավիրելը, ԱԺ-ն լիցքաթափման վայր դարձնելն են «Պատիվ ունեմ»-ն ու նրա խորհրդարանական գործընկեր խմբակցությունը համարում «օրակարգ թելադրել»։
Ընդդիմության գիտեցած ու պատկերացրած միակ օրակարգը, ինչպես գիտենք, եղել է և կա իշխանափոխության, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելու օրակարգը, որի ձախողված լինելու հարցում պարոն Աբրահամյանը համոզվել է առնվազն երեք անգամ՝ նախքան խորհրդարան մտնելը՝ 2020-ին, և խորհրդարան մտնելուց հետո՝ 2022-ին և 2024-ին։
Նույնիսկ մանդատները վայր դնելու (որպես քաղաքական ժեստ), արտահերթ ընտրությունների պահանջ դնելու մաքուր քաղաքական օրակարգը չի դառնում Աբրահամյանի և նրա գործընկերների օրակարգը, քանի որ վերջիններս հրաշալի գիտեն՝ նոր ընտրությունների դեպքում այլևս չեն ունենալու այն ներկայացվածությունը, որն ունեցան 2021-ին՝ հետպատերազմական զարգացումների բերումով։
Երևի դրա համար է Տիգրան Աբրահամյանի գործընկեր Էդուարդ Շարմազանովը փափագում 2020 թվականի պատերազմի ու հետպատերազմական «ստատուս քվոյի» կրկնությունը՝ ակամա խոստովանելով, որ միայն նոր պատերազմի դեպքում է, որ նորից կսասանվի Փաշինյանի «պատվանդանը», և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար շանս կստեղծվի իրագործել իշխանությունը զավթելու պլանը։
Կամ էլ դաշինք կազմել, նորից մասնակցել ընտրություններին ու լավագույն դեպքում մի քանի հոգանոց խմբակցություն ունենալ խորհրդարանում։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ադրբեջանը թուրքական ռազմաբազայի կարիքը չունի, ռուսականն է ուզում. Ալիև
Թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը բարձրակետի է հասել
Ալիևը նոր պատերազմ է գովազդում տարածաշրջանում