Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Կիևին պետք չէ այնպիսի միջնորդ, ինչպիսին Հունգարիայի վարչապետ Օրբանն է, և իրենք ուզում են ուղիղ հաղորդակցություն Վաշինգտոնի հետ:
Հունգարիայի վարչապետ Սիյարտոն մի քանի շաբաթ առաջ հայտնեց Մոսկվա այցից հետո, որ բավականին իրատեսական է դառնում Ուկրաինայում հրադադարի հասննելու ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի մտադրության իրագործումը: Դրանից հետո Օրբանն ու Սիյարտոն Թրամփի հրավերով այցելեցին Ֆլորիդայի նրա կեցավայր: Նախօրեին Թրամփն էլ հայտնել էր, ինչպես ասում են, զգուշավոր լավատեսություն:
Բայց դեկտեմբերի 17-ի առավոտյան՝ Մոսկվայում, իր տան շքամուտքում պայթեցվել է քիմիական պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ Կիրիլովը: Կիևը դրա համար չի ստանձնել պաշտոնական պատասխանատվություն, սակայն միջազգային մամուլում եղեն տեղեկություններ, որ պայթյունն իրականացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Կիևը համենայն դեպս չի հերքել, որ առնչություն չունի պայթյունի հետ:
ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Կիրիլովի սպանության առնչությամբ գրել է, որ դա «բանդերական վարչակազմի ահաբեկությունն» է, որը ստանալու է անխուսափելի պատասխան: Կիրիլովի սպանությունը տեղի է ունեցել ՌԴ ՊՆ-ում Պուտինի մասնակցությամբ կոլեգիայի նիստի հաջորդ օրը՝ առավոտյան:
Նիստ, որտեղ Պուտինը խոսում էր ռազմաճակատում բեկումնային տարվա, ռազմավարական նախաձեռնության տիրապետելու մասին: Հանկարծ ժամեր անց Մոսկվայում սպանվում է ռուս գեներալ, ինչը, ըստ էության, աննախադեպ շերտ է ռուս-ուկրաինական պատերազմի գրեթե երեք տարիների ընթացքում:
Բայց արդյոք Կիևն է այդ շերտի «տերը», թե՞ ավելի ուժեղ սուբյեկտներ, որոնց չի բավարարում Թրամփի և Պուտինի միջև հնարավոր համաձայնությունը: Մի քանի օր առաջ Փարիզում տեղի էր ունեցել հանդիպում՝ Մակրոն-Զելենսկի-Թրամփ, երբ ԱՄՆ ընտրված նախագահն այցելել էր Աստվածամոր տաճարի վերաօծման առիթով: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեկնել է Լեհաստան, որպեսզի քննարկի Ուկրաինա խաղաղարար կոնտինգենտ ուղարկելու հնարավորությունը:
Ըստ ամենայնի՝ չկա համաձայնություն, սակայն անհամաձայնության «թիկունքը» թերևս ոչ թե Արևելյան Եվրոպայում է, այլ՝ մառախլապատ Ալբիոնում: Զելենսկու դժգոհությունը թերևս նաև Լոնդոնի դժգոհությունն է, որը մի անգամ արդեն իսկ թույլ չի տվել Կիևին գնալ Մոսկվայի հետ համաձայնության՝ 2022 թվականի մարտին, ստամբուլյան գործընթացում:
Իհարկե այն ժամանակ Լոնդոնին գուցե առանձնապես չի էլ խանգարել Վաշինգտոնը: Այժմ Զելենսկին ասում է, որ ունի Վաշինգտոնի հետ ուղիղ հաղորդակցության կարիք: Դա թերևս նշանակում է, որ Ուկրաինայի նախագահը սեղմված է պատերազմը դադարեցնելու և շարունակելու երկու «հրամայականների» միջև, և իրավիճակը այդ առումով անշուշտ շատ ավելի բարդ է, քան 2022-ի մարտին:
Զելենսկին ԱՄՆ-ից ակնկալում է անվտանգության ուղիղ երաշխիք՝ հրադադարի գնալու համար: Բայց ո՞ւր կգնա նա, եթե չստանա այդ երաշխիքը, կամ չստանա ավելին, քան ստացել է Փարիզում եռակոզմ հանդիպման 20 րոպեների ընթացքում:
Բաց մի թողեք
Ֆրանսիայով չի սահմանափակվում Թուրքիային ԵՄ-ում տեսնել չցանկացողների շրջանակը
Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին. Լուսանկար
Ո՞րն է Հայաստանի տեղն այսօր, որտե՞ղ պետք է լիներ