ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։
Հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշել է, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։
«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չեմ ցանկանում բացել դրանց բովանդակությունը»,- ասել է նա։
Ներկայիս աշխարհը հայտնվել է ինստիտուցիոնալ լուծումների անարդյունավետության պայմաններում, ինչը մեծ ազդեցություն է ունենում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների վրա։
Այս մասին «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկմանն ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա կարևորեց պարենային և էներգետիկ անվտանգության ռիսկերի կառավարումը։
«Շատ դեպքերում, երբ փորձում ենք գնահատել էներգետիկ ռեսուրսի բացակայությունը կամ ապրանքինը, ու այդ հարցը քննարկում ենք անջատ, թվում է՝ իրավիճակը կառավարելի է, բայց երբ որ այդ հարցը քննարկում ենք անջատ՝ իր տրանսպորտի, պահուստավորման, ենթակառուցվածքների, վիճակի պահեստավորմամբ, լրիվ այլ պատկեր ենք ստանում։
Ուկրաինայի դեպքերի սկսելուց աշխարհում ցորենի գինը շատ մատչելի էր, բայց այդ ցորենը Հայաստան հասցնելու խնդիրը շատ ավելի շատ կախվածություն ուներ լոգիստիկ լուծումներից, քան ապրանքային, շատ հաճախ այդ խնդիրները ի հայտ են գալիս նաև էներգառեսուրսների հետ, շատ դեպքերում միջազգային շուկաներում կա էներգետիկ ապրանքի մի գին, բայց լոգիստիկ ծախսերը ոչ միայն թանկացնում են, այլ նաև ուղղակի անհնարին են դարձնում մատակարարումը»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ կայուն և էներգետիկ ռիսկերը կառավարելիս խնդիրը ոչ միայն ապրանքի գնի կամ ապրանքի լինելիության մեջ է, այլ նաև այդ ապրանքի մատակարարման հնարավորությունների, որոնք շատ դեպքերում ֆիզիկապես սահմանափակ են, և այդ իմաստով «Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի ռիսկերը չեզոքացնելու և շատ ավելի ադեկվատ ապրանքային, տնտեսական ու առևտրային հարաբերություններ ձևավորելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա. «Մենք մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո, այո, պետք է հանդիպենք»։
Մհեր Գրիգորյանը պնդում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. «Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու: Հայաստանը շարունակաբար կրկնել է, որ ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոններով՝ ինքնիշխանության ու իրավազորության ներքո»:
Բաց մի թողեք
«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. ինչ են մանրամասնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացու՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու հայտարարություններին
Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՆԳՆ-ում. նախարարը որոշումներ է ստորագրել