Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար։
Բանաձևը պետք է ներկայացվի խորհրդարանի վերին պալատին` Նահանգների խորհրդին,և նրա կողմից ընդունվելու դեպքում այն օրենքի ուժ ստանա:
Ուշագրավ և միաժամանակ բազմաթիվ հարցականներ առաջացնող նախաձեռնություն է: Մասնավորապես, շվեյցարացիներն իրենց նախաձեռնությունը փաստարկելիս, հիշատակում են այդօրինակ այլ միջնորդական առաքելության փորձեր,որ իրականացրել է Շվեյցարիան, օրինակ՝ նշվում է Ուկրաինայի թեմայով խաղաղության կոնֆերանսները:
Շատերը նաև կհիշեն, որ շվեյցարական միջնորդություն էր առկա նաև հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության գործընթացում: Տվյալ պարագայում էականն այն է, թե Շվեյցարիան միջնորդական ջանքի հաջողության ինչպիսի՞ պատմություններ, օրինակներ ունի:
Շվեյցարացի խորհրդականները համարում են, որ միջնորդական ձևաչափի, երկխոսության նոր մեխանիզմի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով ի վիճակի չէ արդյունավետ կատարել այդ խնդիրը: Բայց, Շվեյցարիան ի վիճակի՞ է:
Օրինակ, եթե դիտարկենք աշխարհաքաղաքականության այս բարդ շրջափուլում օրինակները, ապա Ուկրաինայի հարցով խաղաղության կոնֆերանսի նախաձեռնությամբ Շվեյցարիան, կարծես թե, որևէ կերպ չի կարողացել էական երկխոսություն ձևավորել Կիևի և Մոսկվայի միջև:
Երևանի ու Բաքվի միջև կարո՞ղ է, եթե նկատի առնենք, որ ի վերջո աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները ամենևին «հետ չեն քաշվել» իրենց ռեգիոնալ շահերով: Իսկ Երևանի և Բաքվի հետ շվեյցարական կողմը գոնե նախնական քննարկում ունեցե՞լ է, այդ նախաձեռնությունը առաջ քաշելուց առաջ:
Միևնույն ժամանակ, ի՞նչ մակարդակով են պատկերացնում այն՝ գործադի՞ր, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների մակարդակով: Ի դեմ, Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահները երկու անգամ հանդիպել են հենց Շվեյցարիայում՝ Միջխորհրդարանական գործակցության կազմակերպության շրջանակում: Արդյո՞ք գաղափարը քննարկվել է այդ հանդիպումներում:
Հարցերը, իհարկե, չեն սահմանափակվում դրանով, որովհետև կան նաև որոշակի խութային ռիսկեր: Օրինակ, կարո՞ղ է նախաձեռնությունը դառնալ Մինսկի խմբի համանախագահության լուծարման տանող մի «ցատկահարթակ», կամ հարթակ, որտեղ հանկարծ թեկուզ «խորհրդակցական» մակարդակում կարող է քննարկման բերվել այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը, որ առաջ է քաշում Բաքուն:
Անկասկած է, որ ողջունելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ու հավասարակշռված երկխոսության փորձերը: Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ ցանկացած այդպիսի նախաձեռնություն օբյեկտիվորեն չի կարող զուրկ լինել աշխարհաքաղաքականությունից, հետևաբար նաև դրան բնորոշ բազմաշերտ և բազմակողմ հետնաբեմային պայքարից:
Հետևաբար, միանգամայն ողջունելի լինելով՝ բարի մտադրություններն այդուհանդերձ պետք է լինեն մանրամասն քննելի, մինչ հավանության արժանանալը:
Բաց մի թողեք
ԵՄ-ն Շոլցով, թե՝ առանց Շոլցի, կայուն է, իսկ Հայաստանը Եվրոպա է
Հայաստանի վտանգավոր լռությունը
«Խաղաղության խաչմերուկի» ամենագրավիչ փաթեթավորումն ինչ կտա ․․․