18/12/2024

Թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը բարձրակետի է հասել

«Մարդասպանները, բանտերում քաղաքական հակառակորդներին կտտանքների ենթարկողները, պատվերով դատական վճիռներ կայացնողները, չինովնիկները, նախարարները, բոլորը, որ ծառայում են վարչախմբին, թող հետևեն Բաշար Ասադին, որի ինքնաթիռում տեղ չի գտնվել անգամ եղբոր, նրա ընտանիքի համար, իսկ ինքը Մոսկվա տոննաներով գումար և ոսկի է տարել:

Բոլոր բռնապետները վտանգի ժամին լքում են իրենց հպատակներին»,- ֆեյսբուքյան գրառում է կատարել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին: Ակնարկը, ինչպես ասում են, թափանցիկ է:

Խնդիրն այն է, թե ո՞վ և ինչպե՞ս կարող է Ադրբեջանում Բաշար Ասադի քաղաքական նմանակի հարցը լուծել: Թուրք-ադրբեջանական հարաբերությունները միշտ դաշնակցային, բայց միաժամանակ բարդ են եղել, որ կապված են Հեյդար Ալիևի՝ որպես ՊԱԿ-ի գեներալի և ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի գործունեության հետ:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի նախկին կցորդ Թուրգուտ Էրն իր «Ազատությունից մինչև բռնապետություն» գրքում միանշանակորեն հավաստիացնում է, որ Հեյդար Ալիևը կանգնած է եղել Քրդական բանվորական կուսակցության ստեղծման ակունքներում:

Թուրք պաշտոնաթող դիվանագետի տեղեկացվածությամբ՝ որպես կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի անդամ՝ Հեյդար Ալիևը մտերմական հարաբերություններ է ունեցել Մերձավոր Արևելքի մոսկվայամետ բոլոր գործիչների, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի հետ, որ ՔԲԿ-ի գլխավոր հովանավորներից էր:

Ադրբեջանցի մի շարք գործիչներ Մերձավոր Արևելքում Հեյդար Ալիևի հետախուզական և քաղաքական գործունեությունը բացատրում են նաև նրա քրդական ծագմամբ: Իշխող տեսակետ է, որ Նախիջևանի թուրքախոս բնակչությունը գերազանցապես քրդական ծագում ունի: Էթնիկ քուրդ էր Նախիջևանի «խան» անվանված Վասիֆ Թալիբովը, որ իշխանությունից հեռացվել է վերջերս, բայց ծառայությունը շարունակում է նախագահի անվտանգության պետ Բեգլար Էյուբովը, որ այդ պաշտոնին է Հեյդար Ալիևի ժամանակներից:

Ուսումնասիրողներն արձանագրում են, որ վարչապետի պաշտոնում առաջին անգամ այցելելով Ադրբեջան՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի քաղաքական, ռազմական, տնտեսական վերնախավում էթնիկ քրդերի բարձր ներկայացվածությունից:

Թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը բարձրակետի է հասել այդ շրջանում, երբ ընդդիմությունը պահանջել է Քրդական բանվորական կուսակցությունը ճանաչել ահաբեկչական խմբավորում, բայց իշխող կուսակցությունն արգելափակել է խորհրդարանի նիստի օրակարգում հարցի ներառնումը:

Այդ տարիներին սկանդալային բացահայտումներ է արել Նախիջևանի պետական անվտանգության կոմիտեի աշխատակից Իբրահիմ Մուսաևը, որ ձերբակալվել է Ռուսաստանում և արտահանձնվել Ադրբեջանին: Նա պատմել է, որ Բաքու-Նախիջևան օդային կապով տարիներ շարունակ ՔԲԿ-ն Թուրքիայում զենք և զինամթերք է ստացել: Մուաաևի հետագա ճակատագիրը հայտնի չէ: Որոշ տեղեկություններով՝ նա Ադրբեջանում ցմահ ազատազրկման է դատապարտվել:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլում, իհարկե, նման բարդություններ գոնե առերևույթ չկան, ավելի օրակարգային է Կիպրոսի հյուսիսի օկուպացիոն ռեժիմի պաշտոնական ճանաչման հարցը: Փաստացի Ալիևը «ՀԿԹՀ» առաջնորդ Էրսան Թաթարին որպես նախագահի ընդունել է, բայց իրավական ակտը հետաձգվում է:

Թուրքիայի նախագահն օրերս հայտարարել է, որ Կիպրոսի հարցում ևս վաթսուն տարի սպասելու մտադրություն չունի: Ուշագրավ է, որ Սիրիայում Ասադի տապալումից մեկ-երկու օր առաջ Իլհամ Ալիևը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենին նամակ է հղել՝ առաջարկելով վերսկսել համագործակցության շուրջ բանակցությունները:

Սիրիական ճգնաժամին նախորդած փուլում Ադրբեջանը ռազմական համագործակցության քայլեր է ձեռնարկել Իրանի ուղղությամբ: Ըստ երևույթին՝ Էրդողանն Ալիևն առաջարկելու է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները:

Եթե Ալիևը չցանկանա կամ չկարողանա գնալ «ապահարզանի», ի՞նչ կհետևի: Ադրբեջանում քաղաքական ուժեր կան, որ կողմ են Թուրքիայի հետ կոնֆեդերատիվ պետության հռչակմանը: