«Հրապարակի» զրուցակիցն իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:
– Դուք ակտիվ քաղաքական եւ իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվում` սկսած 89-90 թվականներից, ըստ Ձեզ` որո՞նք էին նորանկախ պատմության ամենամեծ սխալները եւ այս տարիներին մեր ամենամեծ կորուստը:
– Սխալները բազմաթիվ են եղել։ Սակայն նորանկախ պատմության մեջ, իմ համոզմամբ, ի զարմանս շատերի, ամենամեծ սխալը եղել է այն, որ 1991 թվականին իշխանության գալով, նոր իշխանությունները, հանձինս ՀՀՇ-ի եւ «Ղարաբաղ» կոմիտեի, չդիմացան գայթակղությանը եւ ընտանյոք հանդերձ տեղափոխվեցին կառավարական առանձնատներ՝ այդպիսով մեկուսանալով ժողովրդից։ Այդ օրվանից սկսած, Հայաստանում քաղաքական պայքարի անվան տակ իրականում պայքար էր գնում ոչ թե պետության ամրապնդման, զարգացման համար, այլ միայն իշխանության եւ նրա բարիքներից օգտվելու ու հարստանալու համար։ Քայքայվեց եւ վաճառվեց ողջ ԽՍՀՄ արդյունաբերական հզորությունը, Հայաստանը վերածելով 19-րդ դարի խղճուկ պետության։ Իմ կարծիքով, դարերով զրկված լինելով պետականությունից, նոր իշխանությունները պետք է լինեին նվիրյալներ եւ օր ու գիշեր աշխատեին պետության ամրապնդման, առաջին հերթին ռազմարդյունաբերությունն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ։ Զարմանալի է․ մի կողմից՝ արցախյան հաղթանակներ, մյուս կողմից` պետության քայքայում, որը կարելի է այսպես բնորոշել՝ ողջ հայ ժողովրդի ոգեւորության արդյունքում արցախյան հաղթանակներ եւ իշխանության հասած մի խումբ անձանց կողմից խորհրդային ունեցվածքի սեփականաշնորհում, այն է՝ յուրացում։ Եվ հենց այդ ոգեւորության շնորհիվ էր, որ պատմական հինավուրց Արցախն ազատագրվեց։ Սա մեր ամենամեծ նվաճումն էր։ Այնպես որ, 2020-23 թվականներին Արցախի կորուստը ոչ միայն մեր ամենամեծ կորուստն էր, այլեւ 1915 թվականից հետո հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը։
– Իշխանությունների համար, փաստորեն, Արցախը բեռ էր, որից պետք էր ազատվել: Իրականում ի՞նչ նշանակություն ուներ Արցախը հայ ժողովրդի կյանքում:
– Արցախը միայն տարածք չէր, այն առաջին հերթին հայ ժողովրդի պատվի եւ արժանապատվության, ինքնասիրության, ինքնահաստատման հարց էր։ Ազատագրված Արցախը հայ ժողովրդի միջից հանեց պարտվող, ցեղասպանություն տեսածի հոգեբանական բարդույթները։ Եվ միայն Արցախի ազատագրումով Հայաստանը դարձավ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ լուրջ միջազգային գործոն։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլեւ՝ հակառակը։ Արցախի կորստից հետո ոչ միայն սահմանամերձ բնակավայրերն են գտնվում թշնամու թիրախի տակ, այլեւ՝ ճանապարհները, այդ թվում՝ միջպետական։ Այն մարդիկ, որ համարում են՝ Արցախը բեռ էր, նրանք միայն ստամոքսով են մտածում, զուրկ ազգային եւ մարդկային արժանապատվությունից: Ցավոք, այդ մտածողությունը բնորոշ է շատերին։
– Ո՞ւր է գնում այսօր Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ ճանապարհով:
– Բարդ հարց է։ Իսկապես, ամեն երկիր ունի իր զարգացման հայեցակարգը եւ, ըստ այդմ, ձեռք է բերում դաշնակիցներ, ամրապնդում երկրի անվտանգությունը։ Այսօր, մեր աչքի առաջ փլուզվում է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված համակարգը։ Այս պայմաններում կարող են աշխարհի քարտեզից վերանալ պետություններ, ինչպես Սիրիան, եւ առաջանալ նոր երկրներ։ Այս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանը կորցրեց իր դաշնակիցներին եւ ոչ մի նոր, վստահելի դաշնակից ձեռք չբերեց։ Առանց չափազանցության եմ ասում՝ եթե չլինեին Իրանի, Ռուսաստանի, կարծում եմ՝ նաեւ Չինաստանի ազգային շահերը, գուցե Հայաստանը, որպես պետություն, այլեւս գոյություն չունենար, թերեւս ավելի շուտ, քան Սիրիան։ Ավելի պատկերավոր ասած, գլորվում ենք անդունդ՝ սպասելով ինչ-որ հրաշքի, ավելի ճիշտ՝ հերթական փրկչի։
– Իսկ Հայաստանում եղե՞լ է մի ժամանակաշրջան, երբ մարդու իրավունքներն այս աստիճան ոտնահարված լինեին:
– Միանգամից պատասխանեմ՝ երբեք։ Եթե այսօրվա Հայաստանի պատմությունը հաշվենք 1918 թվականից սկսած, ապա, չհաշված անցյալ դարի 30-ական թվերը, երբեւէ Հայաստանում այսքան քաղաքական հետապնդվողներ եւ քաղբանտարկյալներ չեն եղել։ Եթե մարդու իրավունքների վիճակը հաշվարկենք 1991 թվականից, ապա հաստատապես պնդում եմ` այս աստիճանի մարդու իրավունքների խախտումներ երբեք չեն եղել 3 նախորդ նախագահների ժամանակ։
– Ի՞նչ է հարկավոր այսօր հայ քաղաքացուն՝ ամուր պետություն, ուժեղ բանակ ու կայուն արտաքին հարաբերություններ հաստատելու համար:
– Առաջին հերթին՝ քաղաքական կամք, հրաժարում տիպիկ հայկական «Որտեղ հաց, էնտեղ կաց», «Սերգո ջան, լավ չես ապրելու» խեղճուկրակ հոգեբանությունից, ունենալ ազգային գաղափարախոսություն։ Բնականաբար, այն հնարավոր չէ իրականացնել այսօրվա ազգադավ իշխանությունների պարագայում։ Իսկ ժամանակը չի սպասում։ Հուսանք, որ վերջապես ընդդիմադիր ուժերը կմիավորվեն եւ կվռնդեն ազգադավ իշխանությանը։ Սա այն դեպքն է, որ հապաղել չի կարելի։ Հապաղումը մահ է։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ