23/12/2024

Հիմա կարծում եմ, որ Փաշինյանի կողքին չկանգնելը շատ ճիշտ որոշում է եղել. Դանիելյան

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ

– Բագրատ սրբազանը հայտարարում է, որ դուրս եք գալու պայքարի, ու դա լինելու է վերջին փուլը` հաղթելու եք։ Սա նշանակում է, որ առաջիկայում նորից ակտիվանալու եք՝ իշխանափոխություն անելու համար․ կարծում եք՝ փողոց դուրս գալու հանրային տրամադրություններ կա՞ն։

– Սրբազանն ասել է, որ եթե դուրս գան փողոց, դա լինելու է վերջնական։ Ժողովուրդը երկար պայքարելու ցանկություն չունի, ռեսուրս չկա։ Փորձը ցույց է տվել, որ երկարատեւ պայքարից ուժերը ջլատվում են, այդ պատճառով է Սրբազանն ասել,  որ երբ դուրս գանք՝ վերջնական է լինելու։ Ծրագրեր կան, ամենօրյա աշխատանքներ են տարվում, առաջիկայում կիրականացնենք մեր պլանավորածը։

– Ամանորից առա՞ջ, թե՞ հետո եք ծրագրում։

– Չեմ կարող ասել, թե երբ։ Այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են տարվում։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հասարակության մեջ իշխանափոխություն անելու տրամադրություն կա, կարծում եմ, որ այո։ Օր-օրի այս իշխանությունների վարկանիշն ընկնում է։ Ամիսներ առաջ ասում էինք, որ ՔՊ-ի ներսում բազմաթիվ տարաձայնություններ եւ հակասություններ կան, կոռուպցիոն սկանդալ է լինելու` եղավ, եւ այդ պրոցեսը շարունակական է։

– Այսինքն՝ ընդդիմությունը հույսը դրել է նրա վրա, որ ՔՊ-ն կպառակտվի, կվարկաբեկվի, իրենք էլ հաջողությո՞ւն կունենան։

– Ընդդիմությունը դրա վրա հույս չի դրել, մինչ այդ էլ իր աշխատանքն արել է։ Մարտից շարժումը սկսվել է, եւ ամիսներ շարունակ ակտիվ փողոցային պայքարի մեջ ենք եղել։ Կիրակի օրն էլ շատ կարեւոր հանդիպում եղավ մեր ակտիվի հետ։ Բայց ցանկացած պրոցեսին զուգահեռ, նաեւ իշխանության ներսում պիտի ճաքեր տան, մենք դա տեսնում ենք։

– Ասում են՝ ընդդիմությունն էլ է պառակտվել, 2026թ․ ընտրություններին ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ կոալիցիայով չի մասնակցի։ Ի՞նչ տարաձայնություններ կան։

– Մեզ մոտ կա փոխադարձ հարգանք, մենք ունենք շատ լավ հարաբերություններ, նման քննարկում չի եղել անգամ, կեղծ օրակարգ է։

– «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների միջեւ էլ տարաձայնություններ կան։

– Երկու խմբակցություններն էլ ընդդիմադիր դաշտում ակտիվ պայքարում են, եւ այս ընթացքում մի քանի շարժումներ միասին ենք իրականացրել։ Հիմա «Պատիվ ունեմն» իր ծրագրերն ունի, «Հայաստան» դաշինքը` իր ծրագրերը։

– «Պատիվ ունեմ»-ի որոշ պատգամավորներ կարծում են, որ ՔՊ-ականների հետ կարելի է գնալ գործուղումների, սակայն Փաշինյանի հարցուպատասխանին մասնակցելը «հանցագործություն» է։

– Դրա համար եմ ասում, որ կան տարբեր մոտեցումներ։ Մենք կարծում ենք, որ ԱԺ աշխատանքներին մեր մասնակցությունը կարեւոր է, որպեսզի կարողանանք հասարակությանը ներկայացնել այս իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը։

– Վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Ձեզ երբեք չի հանդիպել, ինքը ժողովրդի կողքին է եղել, Դուք՝ ոչ, հիմա մի 5 հոգի բողոքում է, նրանց կողքին եք հայտնվում։ Փաշինյանին չե՞ք ճանաչել, ի վերջո, երկուսդ էլ Իջեւանից եք։

– Նիկոլ Փաշինյանը ջղաձգվում է, երբ տեսնում է, որ տարբեր խմբերի հետ հանդիպումներ եմ ունենում։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը երբ որպես պատգամավոր գնում բողոքում էր, թե ինչ է կատարվում երկրում, վարչապետ դառնալուց հետո լրիվ փոխվեց։ Հիմա ուզում է վերադառնալ հին Նիկոլ Փաշինյանին։ Ես Իջեւանում ունեմ սրճարան, եւ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ եղել է այնտեղ, գիտի, թե ում սեփականությունն է։ Մինչեւ 2018-ը Փաշինյանի կողմնակիցներն ինձ խնդրել են՝ հանդիպման գնալ, ես հրաժարվել եմ։ Տարբեր ընդդիմադիր շարժումներին ես իմ մասնակցությունն եմ ունեցել, եթե Նիկոլ Փաշինյանի կողքին չեմ կանգնել, ըստ նրա՝ ընդդիմադիր չեմ։ Հիմա կարծում եմ, որ Փաշինյանի կողքին չկանգնելը շատ ճիշտ որոշում է եղել։