22/12/2024

Իրանն ու Ռուսաստանն իրար են մեղադրում Սիրիան կորցնելու հարցում

«Հալեպը գրավել են 350 զինյալներ, իսկ կառավարական 30 հազարանոց զորքն ու իրանամետ ստորաբաժանումները պարզապես նահանջել են առանց կռվի»,- դեկտեմբերի 19-ին իր մեծ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա պատասխանել է ամերիկացի լրագրողի հարցին՝ ասելով, թե Սիրիայում Ռուսաստանը չի պարտվել: Պարտվել է Ռուսաստանը, թե ոչ, սա հարաբերական հարց է անշուշտ, թեև հարկ է արձանագրել, որ ինչպես որևէ երկրի նախագահ, այդպես էլ Պուտինը, իհարկե, չի խոստովանի պարտություն:

Ավելի ուշագրավ է այստեղ «իրանամետ ստորաբաժանումների» մասին ՌԴ նախագահի հայտարարությունը: Սա մեղադրա՞նք է Իրանին, թե՞ պարզապես «խայթոց», «կսմիթ»: Արդյո՞ք Պուտինը այդ կերպ փորձում է ակնարկել, որ Ասադի իշխանության անկման գլխավոր պատասխանատուն Իրանն է, ոչ թե Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը պարզապես փորձվել է իրավիճակից ելնելով լուծել իր հարցերը: Բարդ է, անշուշտ, սակայն Պուտինը բառերը երբեք չի շռայլել պատահաբար, հետևաբար, եթե նա հիշատակում է «իրանամետ խմբավորումների»՝ կառավարական բանակից բացի, կնշանակի մատնացույց է անում Իրանին:

Ընդ որում՝ պետք չէ բացառել, որ այստեղ բանը նույնիսկ հենց Սիրիան չէ, այլ ռուս-իրանական ավելի լայն օրակարգը, ու մասնավորապես այն մեծ ռազմավարական պայմանագիրը, որ բանակցվել ու ավարտվել էր Իրանի նախորդ նախագահի պաշտոնավարման շրջանում, սակայն, կարծես թե, որի ստորագրումն արգելափակվել է Ռայիսիի ողբերգական մահից և նորընտիր նախագահ, ռեֆորմիստ Փեզեշքիանի պաշտոնավարումից հետո: Իհարկե, Փեզեշկիանը բազմիցս արտահայտվել է Ռուսաստանի հետ գործակցությունը շարունակելու մասին, բայց փաստն այն է, որ մեծ պայմանագիրը չի ստորագրվում:

Հայտարարվել էր, որ դա կլինի Կազանում՝ հոկտեմբերի վերջին ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում, բայց հետո ասվեց, թե՝ թողել են ավելի ուշ, մինչև տարեվերջ Փեզեշքիանի Մոսկվա այցի համար, որ լինի ավելի հանդիսավոր: Որքանով էր համոզիչ այդ բացատրությունը, դժվար է ասել, սակայն տարին ավարտվում է, իսկ Փեզեշկիանը Մոսկվա չի այցելել: Իհարկե, խոսել այն մասին, որ Իրանի եւ Ռուսաստան հարաբերությունը քայքայված է, թերեւս չկա հիմք, սակայն միևնույն ժամանակ ակնառու է, որ դրանում առաջացել է բավականին լարված մի նյարդ, ինչն արտահայտվում է «իրանամետ ստորաբաժանումների» ՝ առանց կռվի նահանջի մասին Պուտինի խոսքի տեսքով:

Դա նյարդ է Կրեմլի և Ռահբարի՝ Իրանի Գերագույն Հոգևոր առաջնորդի միջև, թե՞ միայն Կրեմլի ու Իրանի ռեֆորմիստ նախագահի միջև: