22/12/2024

Պատերազմի ժամանակ նա Մաքիավելի էր կարդում, ո՛չ Խորենացի. Արծրունի

Աննա Հակոբյանը, արդեն 2 ամիս հանդիպում-հավաքներ է կազմակերպում՝ «կրթությունը նորաձեւ է» հեշթեգով։ Իր «կրթարշավի» շրջանակում նախօրեին նա հյուրընկալվել էր ԵՊՀ-ում եւ խոսել «տգիտությունը ճանաչելու», «չգիտեմ» բառից չվախենալու ու չամաչելու, ուրախանալ սովորելու, մեդիագրագետ լինելու եւ ընտանեկան բյուջեն ֆինանսապես ճիշտ վարելու մասին։

Հրապարակ թերթը գրել է. Երաժիշտ, երգահան Վահան Արծրունու կարծիքով, այս հանդիպումների շարքը կապված է նախընտրական տեխնոլոգիաների հետ, որովհետեւ Ա․ Հակոբյանը ոչ միայն կրթական օջախներ է գնում, այլ նաեւ մշակութային միջոցառումների է մասնակցում։ «Բարեկամական մթնոլորտում, հայտնի կոմպոզիտորներով շրջապատված։ Սա կարող էր եւ ցուցադրաբար չարվեր, այլ որպես սովորական քաղաքացի գնար համերգի, բայց այս բոլոր հանգամանքները ծառայեցվում են որոշակի նպատակի, որն առաջին հերթին միտված է ինտելեկտուալ իմիջ ստեղծելուն, այդ երանգը հաղորդելու այդ ընտանիքին։ Ի վերջո, այդ հանգամանքը ենթակայեցված է այն ընթացքին, որը նախորդում է գալիք ընտրություններին։ Ըստ երեւույթին, խորհրդատուներ ունեն, որոնք ընտանիքի մեջ պարզապես բաշխել են ֆունկցիաները։ Ես չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց նրանց զավակները եւս սկսեն նման ինքնադրեւորումներ՝ հանրային հնչեղությամբ, այլ հարթություններում։ Սա շատ բնորոշ գործելակերպ է, օրինակ՝ ԱՄՆ-ում նախընտրական ընթացքներին ամբողջ ընտանիքն է ներգրավվում, մեր պարագայում դերերի բաշխումն այնպիսին է, որ առավել մշակութային, կրթական, ինտելեկտուալ երանգ հաղորդելու ֆունկցիան ծանրացել է Աննա Հակոբյանի ուսերի վրա»,- նկատում է զրուցակիցս։

Այդ հանդիպումներում Խորենացու «Հայոց պատմությունը» կրթական ֆակտո՞ր է, թե՞ ձեւական ատրիբուտ։ «Ես մեծ տարբերություն Խորենացու «Հայոց պատմության» եւ TOEFL դասընթացի միջեւ չեմ տեսնում․․․ սրանք պարզապես այն ատրիբուտներն են, որոնք խորհրդատուների կողմից օգտագործվում են։ Չեմ կարծում, որ ինքնաբուխ է, եւ ներքին իմպերատիվ կա՝ այդ ամենն ուսումնասիրելու։ Այդտեղ յուրաքանչյուր կադր մտածված է՝ թե՛ նկարահանելուց, թե՛ մոնտաժելուց։ Այսինքն՝ իրենք իրենց կարողությունների եւ պատկերացումների սահմանում են այդ ինքնադրսեւորումներն ունենում, եւ բնական է, որ ինքը չի կարող գիտական շրջանակներում հանդես գալ ինչ-որ գիտական թեզերով, պարզ է, որ իրեն ավելի հանգիստ կզգա ուսանողության շրջանում։ Սրան գումարվում են պետական պրոպագանդայի որոշակի լծակներ, որոնք ոչ միայն լուսաբանում են, այլեւ հանրահռչակում են տիկնոջ նոր իմիջը, որը, օրինակ, խիստ տարբերվում է պատերազմի ժամանակ ունեցած իր իմիջից։ Այն ժամանակ ինքն ավելի շատ ռազմական, հոնքերը կիտած, խիստ մտահոգ դեմքի արտահայտություն ուներ, եւ այդ ընթացքում նա Մաքիավելի էր կարդում, ո՛չ Խորենացի։ Ակնհայտ է, որ այս ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում, ես չգիտեմ՝ ում են վարձել, բայց ինձ համար նորություն չկա այս ամենում, որովհետեւ պետական ռեսուրս ունեցող ընտանիքը պետք է օգտագործի պետական ողջ ռեսուրսը՝ ընտրություններին ընդառաջ «բարի համբավ» ստեղծելու համար»։

Վ․ Արծրունուն չի զարմացնում այն հանգամանքը, որ այդ հանդիպումներին մասնակից եւ ոչ մեկի մոտ հարց չի առաջանում․ եթե կրթվելն այդքան կարեւորում եք, ինչո՞ւ եք օպտիմալացնում բուհերը․ «Կարծում եմ՝ շատ չեմ սխալվի, եթե ասեմ, որ հատուկ ընտրված զանգվածների հետ են հանդիպումները տեղի ունենում, որոնց մոտ չեն կարող առաջանալ նման հարցադրումներ»։ Ինչ վերաբերում է իրեն, ապա բացառում է իր մասնակցությունը որեւէ նման հավաքի․ «Ես չեմ էլ գնա ու ոչ միայն ես, որովհետեւ դիալոգի մեջ մտնելու ժամանակը նրանք բաց են թողել շատ վաղուց»։