Երկար փնտրելուց հետո բազմաթիվ նամակների միջից Լիլիթը գտնում է ամենաանցանկալին՝ շենգենյան գոտի մուտքի վիզայի տրամադրման մերժումը։ Ամեն անգամ մերժման նամակը բացելիս այն ավելի ու ավելի անհեթեթ և ծաղրական է թվում նրան։
Լիլիթ Ղազարյանը «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ծրագրերի համակարգողն է։ Նա պետք է հուլիսի 8-ին աշխատանքային այցով Հունաստան մեկներ։ Ըստ Լիլիթի՝ իր փաստաթղթերում ամեն բան կարգին էր, բայց դեսպանատունը մերժել է՝ նշելով, որ իր տվյալները հավաստի չեն։ Աշխատանքի բերումով Լիլիթը հաճախ է ճամփորդում, ԵՄ անդամ այլ երկրների դեսպանատներից նախկինում ստացած վիզաներ ունի։ Նրա համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու է Հունաստանի դեսպանատունը մերժել իրեն, այն դեպքում, երբ ուներ բոլոր փաստաթղթերը։ Ընդ որում, դրանք ընդունելիս միջնորդ ծառայությունը տեղեկացրել էր, որ որևէ բան չի պակասում։
«Անհիմն մերժումից մեկ ամիս հետո դիմում եմ Ավստրիայի վիզայի համար ու ինձ հարցնում են, թե ինչու է Հունաստանը ինձ մերժել, այնինչ ես ինքս էլ չգիտեմ պատճառը, քանի որ ընթացքում անգամ չէին կապվել ինձ հետ, որ ասեն, թե ինչն էր պակաս կամ սխալ։ Ես նույնիսկ բողոքարկելու ժամանակ չեմ ունեցել, քանի որ, միևնույն է, չէի հասցնի մեկնել, բայց հետո իրենց նամակ եմ գրել, բողոքարկել եմ, որին մինչ այսօր՝ արդեն մի քանի ամիս է անցել, որևէ մեկը չի պատասխանել։ Փաստացի, Հունաստանի անտեղի մերժման պատճառով Ավստիան ինձ տվեց վիզա մի քանի օրով, մինչդեռ սովորաբար ես ստացել եմ երկարաժամկետ վիզաներ»,- պատմում է Լիլիթը։
Նա միակը չէ, որին Հունաստանի դեսպանատունը մերժել է կասկածելի պատճառով՝ առանց հիմնավոր բացատրության։
Սամվել Հարությունյանը 2024 թվականի հունիսին պետք է մեկներ Հունաստան՝ մասնակցելու ջրային ռեսուրսների խելացի կառավարման վերաբերյալ դասընթացի։
Հունաստանը նրա այցելած առաջին եվրոպական երկիրը պետք է լիներ։ Սամվելը դիմել էր մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը կազմակերպող անհատի, որ վերջինս պատրաստի իր փաստաթղթերն ու դեսպանատանը հանդիպման օր ամրագրի՝ բացառելու համար անճշտությունները։
Նա համոզված է եղել, որ անհրաժեշտ վիզան ստանալու է, քանի որ ունեցել է պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ նախապես գնված ավիատոմս, պաշտոնական հրավեր, հյուրանոցի ամրագրում։ Թռիչքից մեկ օր առաջ Սամվելը մերժում է ստացել, և քանի որ մեկնումը շաբաթ օրն է եղել, ավելորդ է համարել բողոքարկել․ միևնույն է՝ չէր հասցնելու մասնակցել դասընթացին։ Սամվելի տվյալները դեսպանատունը համարել է ոչ վստահելի։
Նա որոշել է այլևս ԵՄ որեւէ երկրի դեսպանատուն չդիմել, քանի որ հիասթափված է, կարծում է, որ քաղաքացիները պետք է զանգվածաբար բոյկոտեն և չդիմեն շենգենյան գոտի մուտքի արտոնագիր ստանալու համար։ Այս դեպքում, գուցե դեսպանատները փոխեն իրենց քաղաքականությունն ու հեշտացնեն մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացը։
Արփի Ավետիսյանը երկու անգամ է մերժվել՝ Լեհաստանի և Իսպանիայի կողմից։ Երկու դեպքում էլ դիմել էր տուրիստական գործակալությունների օգնությանը։
«Եթե անփորձ ես, չես կարող օր ամրագրել, բոտերի հետ մրցակից չես կարող լինել»,- ասում է Արփին։
Արփին Լեհաստան ամուսնու և երեխայի հետ էր պատրաստվում մեկնել՝ Հայաստան-Սլովենիա ֆուտբոլային խաղը դիտելու համար։ Դեսպանատունը մերժել է նրանց։ Ամիսներ անց նրանք դիմել են BLS-ին՝ Հայաստանում Իսպանիայի դեսպանության գործընկեր կազմակերպությանը։ Առաջին անգամ մերժում ստանալուց հետո բողոքարկել են։ Երկրորդ անգամ Իսպանիայի հաստատված վիզան նրանց է հասել նախատեսված թռիչքի հաջորդ օրը։ Արփին հարցրել է՝ կարիք կա՞ թռիչքի օրը փոխելու։ «BLS»-ից հայտնել են, որ չկա։ Քանի որ վիզան թռիչքից ուշ է տրամադրվել, նրանք ստիպված նոր տոմս են գնել, իսկ կորցրած ավիատոմսերի համար փոխհատուցում չեն կարողացել ստանալ։
Դեսպանատուն դիմումի հանձնման օրվա ամրագրումը՝ 10 000 – 50 000 դրամով
Քիչ չեն այն տուրիստական գործակալությունները, որոնք, բացի ուղևորության փաթեթ առաջարկելուց, ԵՄ երկրների վիզայի աջակցության ծառայություն են մատուցում, դեսպանատներում փաստաթղթերի փաթեթի հանձնման օր ամրագրում։
Տուրիստականները բացատրում են, որ գումարի դիմաց քաղաքացու գործն իրենք են անելու, պարզապես փորձելու են այցելության օր ամրագրել, կամ զանգով գրանցում անել։ Ըստ տուրիստական ընկերությունների որոշ ներկայացուցիչների՝ իրենք դեսպանատներում որևէ առավելություն չունեն, իսկ այն հանգամանքը, որ կարողանում են հաջողացնել և օր ամրագրել, պարզապես զուգադիպություն է։ Ոմանք աշխատում են նաև բոտերով (ավտոմատացված ծրագիր-գործընթաց)։ Քաղաքացիները հաճախ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանում ինքնուրույն այցելության օր ամրագրել՝ դիմում են տուրիստական գործակալություններին։ Կախված ծառայության տեսակից՝ տուրիստականները պահանջում են 10 000-50 000 դրամ։
Հասկանալու համար, թե ինչ ծառայություններ են առաջարկում տուրիստական գործակալությունները, ընտրել էինք ֆեյսբուքյան տուրիստական խմբերում ամենաքննարկված ընկերություններից մի քանիսն ու զանգահարել՝ ներկայանալով որպես հաճախորդ։
Գործակալությունների առաջարկները մեզ՝ ճամփորդություն պլանավորողներիս համար տարբեր են. միայն մուտքի օրվա ամրագրումը 10 000-30 000 դրամի սահմանում է, իսկ եթե ուզում ենք ավելի արժանահավատ երևալ դեսպանատան ներկայացուցիչների մոտ, ապա կարող ենք օգտվել հյուրանոցի և ավիատոմսի ամրագրումների ծառայությունից։ Այս դեպքում ծառայության գինը կբարձրանա՝ հասնելով մինչև 50 000 դրամ՝ մեկ անձի համար։ Ընտանիքով ճամփորդություն պլանավորելու դեպքում, օրինակ՝ 4 հոգանոց ընտանիքի պարագայում ավիատոմսերի և ճամփորդության արժեքին կավելանա նաև 200 000 դրամ՝ «դեսպանատան մուտքի գումար»։
Ստացվում է, որ տուրիստական գործակալությունները կամ անհատները, որոնք մասնագիտացած են վիզայի աջակցության գործում, վճարի դիմաց ծառայություններ են մատուցում՝ քաղաքացիների փոխարեն դեսպանատներում հանդիպման օր ամրագրում, նախընտրելի երկիր այցելության ամրագրումներ անում, անգամ եթե հաճախորդը տուրիստական գործակալությունից ձեռք չի բերում տուրիստական փաթեթը։
Մեր զանգահարած գրեթե բոլոր տուրիստական գործակալությունների առաջարկները նույնն էին՝ պետք է տրամադրել անձնական տվյալներ, անձնագրի համար, անուն-ազգանուն, գրանցման հասցե, կանխավճար թողնել, իսկ տուրիստական ընկերությունը պետք է սեղմ ժամկետներում այցելության օր ամրագրի։
Որոշ դեպքերում տուրիստական գործակալություններն իրենք են խորհուրդ տալիս, թե որ դեսպանատուն դիմել Եվրոպա ավելի հեշտ մեկնելու, մերժումներից և հերթերից խուսափելու համար։ Օրինակ՝ եթե ձեզ անհրաժեշտ է մեկնել Իտալիա, կարող եք դիմել Իսպանիայի դեսպանատան գործընկեր կազմակերպությանը, ստանալ մուտքի արտոնագիրն ու մեկնել Իտալիա։
ԱԳՆ-ն իրավասություն չունի միջամտելու շենգենյան վիզայի տրամադրման գործընթացին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Հետքին» ասել է, որ վիզայի գործընթացներին միջամտելու կամ վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի:
«ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզաների տրամադրումը «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի» 5-րդ հոդվածով սահմանված հիմնական գործառույթներից մեկն է, որն իրականացնելիս դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ, հետեւաբար, նախարարությունն իրավասու չէ միջամտելու քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրելու որոշումների կայացման գործընթացին»,-նշված է ԱԳՆ պատասխանում:
Ըստ նախարարության՝ քաղաքացիներից երբեմն դիմումներ է ստանում՝ վիզա ստանալու հարցում աջակցելու, վիզան մերժված լինելու, ինչպես նաեւ՝ ժամադրություն ամրագրելու դժվարությունների վերաբերյալ: Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 746-Լ որոշմամբ Արտաքին գործերի նախարարության կանոնադրության 11-րդ կետի 17-րդ ենթակետով, որպես նախարարության գործառույթ, սահմանված է, որ նախարարությունն աջակցում է պաշտոնատար անձանց եւ պաշտոնական պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցելությունների կազմակերպմանը։ Այլ դեպքերում ԱԳն-ն միջնորդություն չի ներկայացնում:
«Արտաքին գործերի նախարարությունը տարբեր մակարդակներով գործընկերների հետ քննարկումներում բարձրացնում է խնդրո առարկա թեման՝ հատկապես ժամադրության օր ամրագրելու խնդիրը լուծելու, սահմանված կարգով ՀՀ քաղաքացիների կողմից ճամփորդական այցելությունների համար վիզա ստանալը դյուրացնելու եւ ընդհանուր առմամբ իրավիճակը բարելավելու նպատակով»,- ասված է նախարարության պատասխանում։
Փաստորեն, ԱԳՆ աջակցությունից կարող են օգտվել միայն պաշտոնատար անձինք, իսկ ԱԳՆ-ն քաղաքացիների մուտքի արտոնագրման ընթացակարգում միջամտելու իրավասություն և գործառույթ չունի։
Միակ լուծումը ԵՄ վիզաների ազատականացումն է
«Մենք եվրոպական կողմի գործընկերների առաջ պարբերաբար բարձրացնում ենք հյուպատոսական կարողությունների ավելացման անհրաժեշտությունը, եւ դա որոշակիորեն կարող է մեղմել իրավիճակը, որովհետեւ պահանջարկը բավականին մեծ է, սակայն ֆունդամենտալ կերպով դա հարցը չի էլ լուծելու։ Հարցը կարող է արմատապես լուծվել միմիայն վիզաների ազատականացման պարագայում»,- «Հետքի» հետ զրույցում ասում է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Ըստ փոխնախարարի՝ Արտաքին գործերի նախարարությունը եւ Միգրացիայի ծառայությունը, եվրոպական կողմին հորդորելուց բացի, այլ բան անել չեն կարող։
Արմեն Ղազարյանի խոսքով, դեսպանատների ներկայացրած վիճակագրության համաձայն՝ վիզաների տրամադրման քանակն աճել է մի քանի անգամ, զուգահեռաբար աճել է բազմակի մուտքի վիզաների տրամադրման քանակը։
Տուրիստական ընկերությունների միջոցով մուտքի արտոնագիր ստանալու օրերի ամրագրման առնչությամբ Արմեն Ղազարյանը նշեց, որ եթե զբոսաշրջային կազմակերպությունների գործունեությունն ուղղված է անօրինական միգրացիայի կազմակերպմանը, ապա այստեղ առկա է քրեաիրավական բնույթի լուրջ խնդիր, իսկ մյուս դեպքերում իրենք չեն կարող խառնվել գործընթացին։
«Պարբերաբար այս մասով լինում են բացահայտումներ, ինչպես ոստիկանության կողմից, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության կողմից, որ որոշ ընկերություններ իրենց ծառայությունները օգտագործել են անօրինական միգրացիայի կազմակերպման համար։ Կան նմանատիպ քննվող քրեական գործեր։ Եթե օրենքով արգելված որեւէ գործունեությամբ չեն զբաղվում, խնդիր չկա, սակայն եթե հատում են որոշակի սահմաններ, օրենքի սահմաններ, ապա, բնականաբար, էստեղ գործողություններ իրականացվում են ե՛ւ ոստիկանության, ե՛ւ Ազգային անվտանգության ծառայության կողմից»,- նշում է Արմեն Ղազարյանը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվեր Դակոտինյիի համոզմամբ՝ տուրիստական գործակալությունների այս վարքագիծը դատապարտելի է։
«Վիզայի համար հանդիպումներն անվճար են, և միայն դեսպանատները կարող են նշանակել այդ հանդիպումները: Եթե որևէ կազմակերպություն ասում է, որ հանդիպում կկազմակերպի ձեզ համար, նրանք խաբում են ձեզ, և եթե գումար են պահանջում դրա համար, ապա ձեզ թալանում են: Այս մարդիկ հանցագործներ են, ստախոսներ ու գողեր: Ես խստորեն հորդորում եմ ձեր ընթերցողներին՝ բացահայտել նրանց, տվեք մեզ այդ ընկերությունների անունները, և մենք կհետաքննենք»,- նշել է դեսպանը «Հետքի» հետ հարցազրույցում։
Դեսպանատները լրատվամիջոցների հետ շփվել չեն ցանկանում
«Հետքը» գրավոր հարցումներ է ուղարկել ԵՄ անդամ 6 երկրի դեսպանատուն` Իտալիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի (այս դեսպանատները մուտքի արտոնագիր են տրամադրում նաև եվրոպական այլ երկրների համար)։
Դեսպանատներն ընտրել ենք՝ հաշվի առնելով քաղաքացիների ահազանգերը։ Ի թիվս այլնի, դեսպանատներին հարցրել ենք հետևյալը․
- Ինչու՞ են քաղաքացիները դժվարություններ ունենում դեսպանատներ ինքնուրույն դիմելիս, հաճախ ուղղակի չեն կարողանում այցելության օր ամրագրել։ Սա նշանակում է, որ դեսպանատունը բավարար չափով ռեսուրս չո՞ւնի մարդկանց ընդունելու։
- Օրական միջինում քա՞նի մարդու է սպասարկում դեսպանատունը/լիազորված արտոնագրային կենտրոնը։
- Դեսպանատունը տեղյա՞կ է, արդյոք, որ բազմաթիվ տուրիստական գործակալներ վճարի դիմաց օր են ամրագրում, քանի որ մարդիկ հաճախ չեն հաջողում ամրագրել՝ տեղերի խիստ սահմանափակության պատճառով։
- Ինչպե՞ս պետք է փոխել ստեղծված իրավիճակը։
Դեսպանատներ ուղարկված մեր բոլոր հարցումները մնացել են անպատասխան։
Բաց մի թողեք
Ծնկի իջա ու Աստծուն խնդրեցի, որ այլևս չտանջվի, այդ երեկո նա հանգչեց. Շահիրյան
Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը
Դեկտեմբերի 22-ի աստղագուշակ. Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա