23/01/2025

Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ

«Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, խոսելով դեմոկրատական վարչակազմի մասին՝ հայ-ադրբեջանական գործընթացի համատեքստում:

Ըստ էության՝ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմին, ասել է թե ներկայիս պետքարտուղարության ղեկավար կազմին պաշտոնավարելու համար մնացել է մեկ ամիս ժամանակ: Ի՞նչ է հնարավոր անել այդ ընթացքում, եթե մինչ այդ փաստորեն հնարավոր չի եղել հասնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ամբողջական համաձայնության:

Ավելին, այսօր մենք տեսնում ենք Ադրբեջանի դիրքորոշումների կարծրացում, նոր պահանջներ, ինչպես նաև ամերիկա-ադրբեջանական որոշակի լարվածություն Բաքվում այսպես ասած քաղաքական ազատությունների թեմայով: Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցի ընթացքում, որ տալիս էր ռուսաստանյան պրոպագանդիստ Կիսելյովին, Բայդենի վարչակազմը որակում էր որպես պարտադրող: Իհարկե, այդ վարչակազմը Ադրբեջանի հանդեպ, ըստ էության, գործնականում առումով չի կիրառել պարտադրանքի որևէ էական մեխանիզմ, թեև անկասկած է, որ ԱՄՆ ուներ այդպիսի մեխանիզմներ: Բայց, այդուհանդերձ, եթե անգամ քարոզչական ինչ-ինչ հաշվարկներով Ալիևը սրում է ԱՄՆ ուղղությամբ հռետորաբանությունը, դա նշանակում է, որ նա պատրաստվում է արդեն ԱՄՆ նոր վարչակազմին:

Ընդ որում, սա նաև հասկանալի է, և տարօրինակ կլինի, եթե դրան չի պատրաստվում Հայաստանը: Ինչ տրանսֆորմացիայի կենթարկվի Կովկասի հանդեպ քաղաքականությունը նոր վարչակազմի պաշտոնավարման շրջանում, թերևս կախված է լինելու այլ՝ ԱՄՆ համար առավել ռազմավարական առաջնահերթություն ներկայացնող ուղղություններում իրադրությունից:

Օրինակ, ի՞նչ կհաջողվի անել ուկրաինական պարտերազմի դադարի ուղղությամբ, ինչ տրամաբանությամբ համաձայնություններ կլինեն Ռուսաստանի հետ: Մինչ այդ, սակայն, ԱՄՆ գործող վարչակազմը պատասխանատու վերաբերմունքի պայմաններում թերևս ունի առնվազն մի կարևոր անելիք՝ մնացող մեկամսյա ժամկետի ընթացքում անել առավելագույնը, ռեգիոնալ կայունությանը իր ուժերի չափով նպաստելու համար:

ԱՄՆ ուժն այդ իմաստով ամենազոր չէ, առավել ևս հեռացող վարչակազմի պայմաններում, որի ազդեցությունը օբյեկտիվորեն իջնում է հենց միայն այդ հանգամանքի բերումով, սակայն այդուհանդերձ ԱՄՆ բոլոր դեպքերում բավականին զորեղ խաղացող է՝ որևէ ռեգիոնում եղանակի վրա ազդելու իմաստով:

Կովկասում կա այդ ազդեցության կարիքը, քանի որ ԱՄՆ-ում նախագահական իշխանության անցման շրջանը՝ հատկապես, երբ խոսքը նաև պարզապես քաղաքական վարչակազմի փոփոխությամբ իշխանափոխության մասին է, այլ ոչ թե միայն նախագահի, միջազային հարաբերությունների միջավայրում անխուսափելի առաջացնում է վակուումի ռիսկեր:

Շատ կարևոր է, որ ԱՄՆ հեռացող վարչակազմը չանտեսի այդ ռիսկերը Կովկասում: Պետքարտուղարի խոսնակ Վեդանտ Պատելի հայտարարության արժեքը կարող է լինել այդտեղ, համատեքստով, որ ԱՄՆ վարչակազմը մինչև իր պաշտոնավարման ավարտ պատասխանատու կլինի Կովկասում կայունության ռիսկի հանդեպ և առավելագույնը կանի այն զսպելու հարցում իր բաժին դերն իրացնելու համար: