Վերջին օրերի ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է արդարադատության համակարգում պաշտոնյաների փոփոխություններին: Ի մասնավորի, տեղեկություններ տարածվեցին, որ նորանշանակ նախարար Սրբուհի Գալ յանն ազատել է բոլոր փոխնախարարներին:
«Փաստ» թերթին այս թեմայի հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Բացի այն, որ փոխնախարարներին նշանակում և ազատում է ոչ թե նախարարը, այլ վարչապետը, մեր տեղեկություններով, որևէ մեկի ազատումը Գալ յանի նախաձեռնությամբ չի եղել:Իրականում նախարարի չորս տեղակալներն էլ վարչապետին աշխատանքից ազատման դիմում են գրել իրենց ցանկությամբ ու նախաձեռնությամբ: Նրանցից Կարեն Կարապետյանը համակարգում համարվում է արդարադատույան նախկին նախարար Գրիգոր Մինասյանի «մարդը»: Մեր տեղեկություններով, նա նեղ շրջանակում ոչ մեկ անգամ նշել է, որ «մասնավոր սեկտորից» պետական համակարգ է տեղափոխվել բացառապես Մինասյանի «խաթր», և եթե նա չլինի նախարար, ինքն էլ չի շարունակի պաշտոնավարել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա կվերադառնա իրեն հարազատ մասնավոր հատված: Ի դեպ, մեր տեղեկություններով, թե՛ նախարարությունում, թե՛ «հարակից» կառույցներում, որոնց հետ աշխատել է Կարապետյանը, փորձում են գլուխ հանել վերջինիս, ինչպես համակարգում են բնորոշում, «բորշածներից»:
Հաջորդը Արմենուհի Հարությունյանն է, որը նախարարությունում աշխատել է՝ սկսյալ ստորին օղակներից և առաջխաղացման «սանդուղքներով» հասել է փոխնախարարի պաշտոնին: Ըստ այդմ, նա հույս է ունեցել, որ ինքն է նշանակվելու նախարար, սակայն հույսերն այդպես էլ չեն արդարացել, և նա հրաժարական է ներկայացրել: Ի դեպ, հիմնական կոնֆլիկտը ՔՊի հետ, մեր տեղեկություններով, կապված է եղել նրա հետ, որ երբ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի, ուժային կառույցների աշխատակիցները պետք է տարեկան երկու անգամ թմրանյութի թեստ հանձնեն, Արմենուհի Հարությունյանը, որևէ մեկի հետ չխորհրդակցելով, բացասական եզրակացություն է տվել:
Սա առաջացրել է քպականների զայրույթը՝ թե գուցե նպատակահարմար լիներ ընդունել այդ օրենքը, ինչո՞ւ է տրվել բացասական եզրակացություն՝ առանց իրենց հետ քննարկելու: Մեր տեղեկություններով, նույնիսկ ասվել է. «Մեզ փո՞ւռն ես տալիս»: Մյուս երկու տեղակալների հրաժարականի պատճառների մասին տեղեկություններ չհաջողվեց ստանալ: Միայն մեզ փոխանցեցին, որ նրանցից մեկին առաջարկվել է վերանշանակվել, սակայն չի համաձայնել:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները