21/12/2024

Շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ «Սյուզան Լիպս»-ի տնօրենը հարվածել է հաճախորդին

Նոյեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 19-ին «Սյուզան Լիպս» կոսմետոլոգիական կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 31-ամյա Լիլիա Ն․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնել է կայքը, ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին հրավիրված Լիլիա Ն․-ն հայտնել է, որ նոյեմբերի 19-ին Մաշտոցի 6 հասցեում գտնվող նշված կոսմետոլոգիական կենտրոնի տնօրեն Ս․ Վ-ն իր շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ ձեռքերով և ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իրեն է զանգահարել Ս. Վարդանյանի ընկեր ներկայացած ոմն Աբելը և հնչեցրել կյանքին և առողջությանը սպառնացող սպառնալիքներ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է՝ Ս. Վարդանյանը Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Վ.-ն է, ձեռնարկվում են միջոցառումներ Աբելի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։