Դեկտեմբերի սկզբին Երեւանի ավտոբուսների վարորդները գործադուլ արեցին՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում եւ աշխատավարձերի բարձրացում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այդ պահանջները չեն բավարարվելու, եւ ոչ մի զիջում չի լինելու վարորդներին։
Օրվա վերջում քաղաքապետարանը գործադուլ անող 32 վարորդի ազատեց աշխատանքից՝ գործադուլ անելու հետ կապված օրենսդրական կետերը խախտելու համար։ Օրեր անց նույն 32-ից 28-ը դիմեցին՝ իրենց աշխատանքում վերականգնելու համար, եւ քաղաքապետարանը, որն ավտոբուսի վարորդների մեծ դեֆիցիտ ունի, նրանց մի մասին վերականգնեց։ Տեղեկացանք, որ 11 վարորդ վերականգնվել է, մյուսների հարցը քննարկվում է։
Երեկ մեր ձեռքի տակ է հայտնվել գործադուլ արած վարորդների պահանջների տեքստը, որը նրանք դեկտեմբերի 6-ին ներկայացրել են «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանին։ Հանդիպմանը, չգիտես ինչու, մասնակցել է նաեւ ԱԱԾ-ից ներկայացուցիչ:
Այդ պահանջ-խնդրանքում վարորդները 10 կետ են գրել․ «1․ Լուծել վարորդների արտաժամյա աշխատանքի վարձատրության հարցը, 2․ հավաքակայանի ավտոլվացման հարցը, 3․ Վերջնակետերի զուգարանի խնդիրը, 4․ Պարապուրդի խնդիրը, որը վարորդի մեղքով չէ, 5․ Ավտոբուսի համար առանձնացված գծերում կայանված մեքենաների հարցը, 6․ «Պերեգոնշիկների» հարցը, 7․ Ամբողջ քաղաքում ավտոբուսների համար առանձնացված գոտու խնդիրները, 8․ Ավտոբուսի համար նախատեսված կանգառներն ազատելու հարցը, 9․ Աշխատանքն ավարտած վարորդների տուն գնալու հարցը, 10․ Մյասնիկյան պողոտայից իջնող՝ դեպի Աբովյան պուրակ արգելված է երթեւեկել։ Ընդառաջել այդ հարցում ավտոբուսների համար՝ ավելորդ խցանումներից խուսափելու համար»։
«Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ Բեգլար Կիրակոսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ վարորդների ներկայացրած խնդրանք-պահանջները բավարարվե՞լ են։ Նա նախ ասաց, որ գրավոր դիմենք, ապա նշեց, որ սահմանվել է ժամկետ` խնդիրները լուծելու համար, եւ, ըստ էության, ներկայացված պահանջների բոլոր կետերը բավարարվելու են։
«Այսօր քննարկումը եղել է, վարորդներին մենք սպառիչ պատասխան ենք տվել, իրենք համաձայնել են մեր ներկայացրածին։ Ամեն կետի համար տարբեր ժամկետ է տրվել, օրինակ՝ տուալետների հարցը մինչեւ հունվարի 15-ը կլուծվի, արտաժամի համար իրենք վարձատրվում են արդեն, «պերեգոնշչիկների» հարցը լուծված է… բոլոր հարցերը լուծվելու են»,- ասաց Կիրակոսյանը։ Վարորդների եւ իր հանդիպման ժամանակ ԱԱԾ աշխատակցի ներկա լինելու մասին էլ Կիրակոսյանն ասաց՝ ինքը տեղյակ չէ, եթե անգամ ներկա էլ գտնված լինի, ուրեմն իրավասություն ունի։
Բաց մի թողեք
2 միլիոն դրամ է հատկացրել տարեվերջյան ֆուրշետի եւ համերգային ծրագրի համար
6-օրը՝ 1 մլն 850 հազար դրամ. ինչ արժե ամանորյա հանգիստը ՀՀ-ում գործող տարբեր հանգստյան համալիրներում․ ՀԺ
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել