Կահիրեում «իսլամական ութնյակի» գագաթաժողովից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թիմի լրագրողներին հարցազրույց է տվել, որի հիմնական ուղերձն այն է, որ իսլամադավան զարգացող երկրներն աշխարհագրորեն Աֆրիկայից տարածվում են մինչև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և Անկարան այդ ռազմավարական գծով «ձգտում է տարածել իր ազդեցությունը»:
Էրդողանը նույն համատեքստում ասել է, որ Ադրբեջանը Կահիրեի գագաթնաժողովում «ճանաչվել է իսլամական ութնյակի մասնակից»:
Թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կարգավիճակը, ինչպե՞ս է այն ձևակերպվել՝ մանրամասնություններ հայտնի չեն: Բաքվի լրատվամիջոցները, որ վարչապետ Ասադովի Կահիրե այցի առաջին օրը բարձր նոտայի վրա մի շարք հրապարակումներ են արել, նրա հանդիպումների և բանակցությունների արդյունքների կամ դրանց բացակայության մասին ոչինչ առայժմ չեն փոխանցում:
Կարելի է ենթադրել, որ Ասադովը պարզապես «տրամադրություններ է շոշափել», իսկ Էրդողանն ամփոփել է, որ Ադրբեջանը ճանաչվում է իսլամական զարգացող երկրների գործընկեր: Կահիրեի ելույթում Թուրքիայի նախագահն իսլամական երկրների համար չափազանց բարձր և բոլոր առումներով դժվար հասանելի նշաձող է սահմանել՝ հասնել Իսրայելի նկատմամբ սպառազինությունների վաճառքի արգելքի, հրեական պետության միջազգային մեկուսացման, վարչապետ Նաթանյահուի և ռազմական կաբինետի անդամների քրեական հետապնդման գործնականացմանը:
Որքանո՞վ է նա իրական քաղաքականության ռեժիմում այս չափանիշներով առաջնորդվում՝ ստեղծված չափազանց բարդ իրավիճակում էական չէ: Թուրքիայի նախագահի հակաիսրայելական նախաձեռնությունների իրական հասցեատերը Միացյալ Նահանգներն է: Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս:
«Անադոլուն», որ Ասադի տապալումից հետո առաջին է թղթակցային կետ բացել Սիրիայի մայրաքաղաքում, հայտնում է, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը «հանդիպումներ է ունեցել «Հայաթ թահրիր ալ-Շամ» կազմակերպության ներկայացուցիչների հետ և ներկայացրել սիրիական կարգավորման սկզբունքները, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ համաձայնեցրել է Հորդանանում»:
ԱՄՆ- Սիրիայի «նոր իշխանություններ» բանակցություններից այլ մանրամասնություններ հայտնի չեն: Ընդհանուր իրավիճակի մասին կարելի է պատկերացում կազմել Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունից, որ հերքում է թուրքամետ ուժերի և քրդական կազմավորումների միջև հրադադարի համաձայնության մասին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հավաստիացումը:
Երևում է, այդ հարցում ԱՄՆ-ը փորձել է համաձայնության հասնել «Հայաթ թահրիր ալ-Շամի» առաջնորդ Ջուլանիի հետ, բայց Սիրիայի հյուսիսում կազմավորված՝ «Սիրիայի ազատագրման բանակի» հրամանատարությունը քրդերի հետ հրադադարի առաջարկությունը մերժել է: Ավելի վաղ turkgazetesi-ն հայտնել է, որ քրդական «բանակի հրամանատար Մազլումն արեւմտյան լրատվամիջոցներին ասել է, որ եթե հրադադար հաստատվի, ապա զինված քրդերը Սիրիայից կհեռանան»:
Թուրքական կողմի համար, ըստ երեւույթին, անակնկալ է եղել, որ Քոբանիի շրջանում ամերիկյան զորախմբի թվաքանակը կրկնապատկվել է: Աղբյուրները հայտնում են, որ վերջին երկու շաբաթներին ամերիկյան օդուժը «մշտապես հետախուզական թռիչքներ է իրականացնում»:
Անկարան համարում է, որ դա Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական ինքնավարությանը «բացահայտ աջակցություն է»: Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը: Ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը: Ըստ երևույթին, Թրամփի վարչակազմի հետ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանն ունենալ-չունենալով է պայմանավորվելու նաև Թուրքիայի կովկասյան քաղաքականությունը:
Բաց մի թողեք
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»
Ռուսաստանում ազգամիջյան պատերազմ կսկսվի ՞