Իրանի ԱԳՆ խոսնակը անդրադարձել է Պուտինի հայտարարությանը, թե Ռուսաստանին Իրանը խնդրել է էվակուացնել Սիրայում մնացած իր 4000 զինծառայողներին: Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ այդ խոսքերը հիմնված չեն ճշգրիտ տեղեկատվության վրա և իրանցիները Սիրիայից հեռացել են իրանական օդանավերով: Իրանի մի քանի զինվորական պաշտոնյա էլ հերքել է, թե Սիրիայում եղել է 4000 իրանցի զինվորական:
Ըստ նրանց՝ խոսքը նաև այլ երկրների քաղաքացիների մասին է, որոնք Սիրիայում իրականացրել են առաքելություն և Ռուսաստանն օգնել է էվակուացնել նրանց: Թեհրանը ոչ կոշտ, սակայն փաստորեն հակադարձում է ՌԴ նախագահի հայտարարությանը, ըստ էության ասելով, որ Պուտինի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե Պուտինի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա ինչո՞ւ է նա գնացել այդպիսի հայտարարություն անելու քայլի, որն ուղիղ թիրախավորում է Իրանին:
Հիշեցնեմ, որ Պուտինը նաև հայտարարել էր, թե իրանամետ ստորաբաժանումները և Իրանի աջակցությունն ունեցող սիրիկական 30 հազար զորքը չի պաշտպանել Հալեպը՝ նահանջել է 350 զինյալի առաջ առանց կռվի: ՌԴ նախագահը չէր կարող չպատկերացնել, որ այդօրինակ հայտարարությունը բավականին թիրախային է Իրանի համար:
Ավելին, եթե նրան մատուցել են սխալ տեղեկատվություն, բայց նա ունեցել է համոզում, որ դա իրականություն է, միևնույն է անգամ այդ պարագայում հարց կառաջանար՝ թիրախավորե՞լ հրապարակավ այդպես Իրանին, թե՞ ոչ:
Հետևաբար, եթե Պուտինը գնացել է Իրանին թիրախավորելու, ուրեմն դա ունեցել է պատճառ, մոտիվ, և հազիվ թե այդ քայլը լինի թյուրիմացություն: Մոսկվան ունի Թեհրանի հանդեպ էական կասկածնե՞ր, որ ընդհուպ նախագահի մակարդակով թիրախավորում է Իրանին: Սա էական հարց է, քանի որ անմիջականորեն առնչվում է նաև Կովկասի ստատուս-քվոյին:
Ռուս-իրանական հարաբերության տրամաբանությունը դրա էական բաղադրիչներից է, ըստ այդմ՝ այդ հարաբերության «եղանակային պայմանները» որոշիչ են լինելու Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի համար:
Բաց մի թողեք
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»