23/12/2024

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանություն է եղել․ կա վիրավոր

Դեկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության 43 խումբը «էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացու, ում հարազատներ շտապօգնության բժիշկներին հայտնել են, որ ավտոմեքենայով մոտեցել են և տուժածին մահակով հարվածել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Վ․-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանություն է ունեցել «թիթեռ» մականվամբ Արմենի հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ, որից հետո վերջինիս որդին Դավիթը և ընկերը՝ Խաչիկը, գալով Նոր Արեշ 22 փողոց մոտ իրեն պատճառել են մարմնական վնասվածք:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ոմն Արմենը՝ «թիթեռը» հանդիսանում է Երևանի բնակիչ 53-ամյա Արմեն Մ․-ն, ոմն Դավիթը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Մ․-ն, իսկ Խաչիկը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Խաչիկ Վ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։