24/12/2024

Ամփոփվեց Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը․ Լուսանկարներ

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 16-ն անցկացվեց Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը, որը դարձել է մայրաքաղաքի կարևոր երաժշտական իրադարձություններից մեկը։

Ամեն տարի փառատոնի շրջանակում Երևան են ժամանում աշխարհում մեծ համբավ վայելող երաժիշտներ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մեր երաժշտասերներին ու քաղաքի հյուրերին համախմբում Արամ Խաչատրյանի, դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ներքո։

6 համերգ մեծահամբավ երաժիշտների մասնակցությամբ. ամփոփվեց Խաչատրյանի անվան 12 -րդ միջազգային փառատոնը

Այս տարի փառատոնի շրջանակում անցկացվել է 6 համերգ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը նոր շնչով է ներկայացնում Խաչատրյանի հարուստ երաժշտական ժառանգությունը, ինչպես նաև ունկնդրին հնարավորություն է տալիս ծանոթանալու դասական երաժշտության գլուխգործոցների ինքնատիպ մեկնաբանություններին և նոր կատարողական անունների հետ։

Փառատոնի շրջանակում երաժշտասերները հնարավորություն ունեցան վայելելու Խաչատրյանի, Շոստակովիչի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Դվորժակի, Բարբերի, Սըր Կառլ Ջենքինսի, Բրամսի, Բերգի, Լիստի և Շոպենի ստեղծագործությունները։ Ելույթ ունեցան հայտնի երաժիշտներ Լեյա Զուն (ջութակ), Կլարա-Ջումի Կանգը (ջութակ) և Միրիամ Պրանդին (թավջութակ)։ Մենահամերգով հանդես եկավ իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։ Համերգները ղեկավարում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դիրիժորներ Մարկո Կրիսպոն (Իտալիա) և Մարկո Պարիսոտտոն (Կանադա)։

Ուշագրավ է, որ նոյեմբերի 20-ի՝ փառատոնի բացման համերգը նվիրված էր ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 35-ամյակին, և երեկոն յուրահատուկ կոչ էր՝ միանալու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին:

Փառատոնի շրջանակում ունկնդիրը մեծ հետաքրքրությամբ ընդունեց մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Սըր Կառլ Ջենքինսի հանրահայտ «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Այն դասական, էթնիկ և ջազային երաժշտության գրավիչ միաձուլում է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Սիմֆոնիկ Ադիեմուսի» հնչյունները ներկաներին փոխանցեցին աֆրիկյան, ասիական և կելտական մշակույթների տրամադրություն։

Ամփոփվեց ԶՊՄԿ-ի հովանավորությամբ կայացած Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային  փառատոնը | Oratert.am

Խաչատրյանական փառատոնի համերգներից մեկը նվիրված էր ջութակահար, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ և Խորհրդային «Պատվո նշան» շքանշանակիր, մանկավարժ Տատյանա Հայրապետյանի 100-ամյակին։ Ականավոր մանկավարժն անջնջելի հետք է թողել Հայաստանի երաժշտական ​​արվեստում, իսկ նրա բազմամյա մանկավարժական գործունեությունը ծառայել է հայ կատարողական արվեստի զարգացմանը։

Խաչատրյանի անվան փառատոնը կազմակերպել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։ Փառատոնի գործընկերն այս տարի «Խախամյան հերիթիջ» ընկերությունն էր։

Փառատոնային համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ արժանանալով ներկաների բուռն ծափողջույններին։ Հիշեցնենք նաև, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

Ամփոփվեց Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը