Սիրիայի արաբական հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կամ պայմանականորեն ասած՝ 2024 թվականի «Սիրիական խմորը» դեռ սպասում է իր ժրաջան հետազոտողին, որպեսզի թեմային առնչվող նյութը ամբողջականացվի, հասցվի իր տրամաբանական ավարտին, եւ հստակեցվեն բոլոր հանգամանքները:
Այսուհանդերձ՝ նախնական որոշակի եզրահանգումների կարելի է գալ, մասնավորապես՝ Հարավային Կովկասի եւ, առաջին հերթին, Հայաստանի հետ սիրիական դեպքերի կապի ու ազդեցության համատեքստում:
Նկատենք, որ Սիրիայում գեներացված իրադրությունը նոր չէ: Մերձավորարեւելյան շատ երկրների նման այստեղ եւս մեծաթիվ էթնիկ եւ կրոնական խմբերի միջեւ հաճախադեպ դարձած ներհասարակական հակամարտությունները անվերջանալիորեն շարունակվում են տասնամյակներ ի վեր: Սիրիայի համար աշխարհաքաղաքական պայքարը՝ այդտեղ շահեր ունեցող ՌԴ-ի, Իրանի եւ մի շարք այլ պետություններ ներգրավմամբ, ինչ-որ չափով զսպող գործոն էր, այլապես դեկտեմբերյան դեպքերը շատ ավելի վաղ իրենց զգալ կտային: Սիրիայի ապակայունացմամբ շահագրգիռ չէ նաեւ Իրաքի կառավարությունը, քանի որ դա տհաճ առիթ է՝ առերեսվելու «Իսլամական պետության» կարգի խմբավորումների հետ, ինչն իր համար մտահոգիչ է:
Բայց մեր գլխավոր մտահոգությունը «Սիրիական խմորի» հնարավոր արձագանքներն են Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք շատ ավելի վաղ սկսված՝ «Արաբական գարնան», ինչպես նաեւ Սիրիայում բռնկված քաղաքացիական բախումների ազդեցությանը մեր տարածագոտում, որտեղ «ստատուս քվո» էր փոխվել: Արցախյան պատերազմում ակներեւ էին թշնամուն ցուցաբերված աջակցությունները ե՛ւ Իսրայելից՝ զենքով ու մասնագետներով, ե՛ւ Մեծ Բրիտանիայից, որը համակարգում էր հետախուզական տվյալները, ե՛ւ զենք ու զինյալներ մատակարարող Պակիստանից, ե՛ւ, իհարկե, ադրբեջանական բանակի կառավարումն իրականացնող Թուրքիայից:
Մերձավոր Արեւելքում ընդամենը «ստատուս քվոյի» շարունակական, անկանխատեսելի փոփոխությունը չի կարող անհետեւանք անցնել մեզ համար: Ավելին՝ Հարավային Կովկասում նման փոփոխությունները հղի են տարածաշրջանը գլխովին ռազմական արկածախնդրությունների մեջ ներքաշելու եւ Կովկասն առճակատումների թատերաբեմի վերածելու վտանգով: Ի տարբերություն Մերձավոր Արեւելքի՝ Կովկասում բռնկված պատերազմը կարող է շատ ավելի դաժան լինել՝ դառնալով գերտերությունների միջեւ ավելի ահեղ պատերազմների կռվան: Հուսանք՝ բանը դրան չի հասնի, եւ վերադառնանք դարձյալ «Սիրիական խմորին», որը, կարծես թե, դեռ շատ ջուր է քաշելու:
Կան որոշ պնդումներ, թե ռուսական կողմը, ըստ էության, չկռվեց Սիրիայում, քանի որ եղել էր Թրամփ-Պուտին գաղտնի պայմանավորվածություն: Սա չհաստատված վարկած է, որին անդրադարձել են տարածաշրջանը լավ հասկացող փորձագետներ: Վերջիններիս խոսքով՝ տեղի ունեցածը սիրիական վարչակարգի լիակատար ձախողման հետեւանք էր: Բաշար Ասադն ուղղակի ի զորու չեղավ իրականացնել խոստացված բարեփոխումները: Եվ հատկապես՝ բանակում: Նա չկարողացավ անկեղծ խոսել ժողովրդի հետ, օգտագործել կարող ուժերի փորձն ու հնարավորությունը, ստեղծել նոր իրավիճակ: Նա աննկատ հեռացավ, ծանր էր նայել մարդկանց աչքերին, ստերն արդեն սպառվել էին:
Սա ձեզ ինչ-որ մեկին չհիշեցրե՞ց… դուք իրավացի եք՝ Ասադը հայտնվել էր Փաշինյանի վիճակում: Կամ՝ ընդհակառակն: Ամեն դեպքում Աստված մի արասցե, եթե այս անկայուն իրավիճակը Հայաստանում շարունակվի: Դժվար չէ կանխատեսել, թե ինչ կարող է լինել մի կառավարության հետ, որի ղեկավարը լավ չի ըմբռնում կամ, ընդհանրապես, չի ըմբռնում՝ ինչ է կատարվում շուրջը: Այսինքն՝ իրեն պահում է իրադրությանը ոչ համարժեք ձեւով: Դա մենք տեսնում ենք արդեն վեցուկես տարի, եւ «ըմբոշխնում» ենք նրա չըմբռնածի ողբերգական հետեւանքները: Տիրող ՔՊ-ական համակարգը սպառնալիքներ չեզոքացնող իշխանություն չէ: Մեր դառը բախտից այն սպառնալիքներ հրահրող իշխանություն դուրս եկավ: «Հիմի է՞լ լռենք…»:
Բաց մի թողեք
Էրդողանը կփորձի՞ հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման
Ադրբեջանը հօգուտ Իսրայելի՝ մերժում է Թուրքիային. Ինչ սպասել …
Հայության սին հույսերը Թրամփից, թե նա կգա ու կհանդարտեցնի Ալիևին