23/12/2024

Ի՞նչ գրավոր առաջարկ է արել Երևանը Բաքվին

«Հայաստանը գրավոր առաջարկ է արել Ադրբեջանին և սպասում է պատասխանի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն օրերս՝ խոսելով երկաթուղային հաղորդացության գործարկման վերաբերյալ:

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանի արձագանքը լինի դրական, ապա կմնա ստորագրել պայմանագիրն ու անցնել երկաթուղին կառուցելուն:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ առաջարկը այնպիսին է, որ ընդունելի կարող է լինել երկու կողմի համար էլ: Մանրամասներ նա չի հանրայնացրել:

Մինչդեռ իրավիճակը գնահատելու համար էական են դրանք, որպեսզի հասկանալի լինի նաև, թե Երևանի այդ առաջարկի հետ որքանով է կապակցված օրինակ հայ-թուրքական «տրեկում» կայացած հանդիպումը, երբ երկու կողմերի գերատեսչական պատվիրակությունները քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման տեխնիկական կարիքները:

Երևանի առաջարկը, օրինակ, վերաբերում է Հայաստանի հարավով՝ Մեղրիո՞վ անցնող երկաթուղուն, թե՞ Ղազախի հատվածին, որը ևս կարող է միացվել Կարս-Գյումրի երկաթուղուն, իսկ Նախիջևան իջնել այսպես ասած դեպի ներքև ճյուղավորումով:

Սրանք էական հարցեր են, քանի որ վերաբերում են ոչ միայն պարզապես երթուղիներին, այլ, ըստ էության, նաև դրանց աշխարհաքաղաքական նշանակությանը: Օրինակ՝ երբ խոսքը Մեղրիով անցնող երկաթուղու մասին է, ապա այստեղ, անկասկած, էական է լինելու նաև Իրանի վերաբերմունքը:

Իհարկե, նրբությունը կամ տարբերությունը լոկ դա չէ, այլ նաև, օրինակ, Հայաստանի տարածքով անցնող հատվածի երկարությունը: Օրինակ, մի դեպքում երկաթուղին Հայաստանի տարածքով կանցնի մոտ 40 կմ, մյուս դեպքում՝ մոտ 200-300 կմ, կախված հաշվարկներից և հնարավոր ամբողջացումից:

Սրանք էական տարբերություններ են, թե տնտեսական տրամաբանության, թե նաև հենց քաղաքական համատեքստի առումով: Ճանապարհների հարցում հանրային ուշադրության էական ծավալը կենտրոնացած է սահմանային անցման և փոխադրման ռեժիմի վրա, ինչը, անշուշտ, առանցքային կարևորության հանգամանք է, սակայն ոչ պակաս կարեւոր են նաև մնացյալ տեխնիկա-տնտեսական դետալները, որոնք հանրագումարում ձևավորում են որոշիչ քաղաքական նրբերանգներ: