23/12/2024

Սա է ՔՊ-ի միջին վիճակագրական դեմքը

Տեւական ժամանակ իշխող քաղաքական ուժը «ռազբորկաների» ու ներքին գզվռտոցների մեջ է: 2018-ին փողոցից իշխանության եկած խաժամուժը, որ ուսապարկերից բացի ոչինչ չուներ, եւ որոնց միավորում էր «ոհմակային» համերաշխությունը, այսօր լկտիացել, իրար կոկորդ են կրծում:

Բնության օրենք է՝ քանի դեռ խմբում բոլորը հավասար են եւ կորցնելու ոչինչ չունեն՝ հաշտ ու խաղաղ ապրում են, բայց այն պահից, հենց որ բաժանելու բան է հայտնվում կամ կուտակածը կորցնելու վտանգ է առաջանում, խժդժությունները սկսվում են՝ երբեմն միմյանց խժռելու աստիճան: Իզուր չի ասված՝ «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին»:

Բարեկիրթ քաղաքական կազմավորումներում ամեն կարգի տարաձայնություններն ու բանավեճերը, որպես կանոն, ծավալվում են գաղափարների, մարտավարությունների, գոյութենական խնդիրների շուրջ: Հայաստանի նման կոռումպացված, միապետական համակարգ ունեցող երկրներում, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է մեկ մարդու ձեռքում, իշխանական բուրգի ներսում վեճերն ու անհամաձայնությունները, սովորաբար, կրում են նեղ, անձնական բնույթ՝ պետական եւ համազգային շահերի ստորադասմամբ: Առաջին կարգ են դուրս գալիս անձի ու նրա ընտանիքի, հաճախ նաեւ ԽԾԲ-ի բարեկեցության, ապահովության ու վայելքի նորմերը:

Իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունը ներքին սրացումների մի քանի փուլ է անցել, վերջինը սկսվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի SMS հաղորդագրությունների համաձայն՝ հաջորդ օրը զբաղեցրած պաշտոններից ազատվելու մասին դիմումներ ներկայացրին վեց առանցքային պաշտոնյաներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Պաշտոններից ազատվելու մասին հրամանագրերը ստորագրելուց առաջ՝ նոյեմբերի 18-ին, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պարզաբանել է, որ ինքն է խնդրել վերոնշյալ պետական այրերին՝ թողնել զբաղեցրած պաշտոնները: Միաժամանակ նա հավելել է, որ պաշտոնանկություններն անձնավորված չեն, այլ համակարգային են, որոնց մասին խոսել է Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում: Այդ նիստի ժամանակ Փաշինյանը խիստ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ ընդգծելով, որ դատական եւ ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, եւ իր համբերության բաժակը լցվել է:

Տպավորություն է, թե Փաշինյանը բանուգործ թողած՝ անընդհատ մտածում է զգայացունց իրավիճակներ հրահրել, աղմկոտ հայտարարություններ, վիճելի դատողություններ նետել հրապարակ՝ հասարակությանը մշտական լարվածության մեջ պահելու եւ Հայաստանին սպառնացող գլխավոր խնդիրներից, սպառնալիքներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով: Սխալվելու չնչին հավանականությամբ կարելի է պնդել, որ նոյեմբերի 17-ի կեսգիշերվա կադրային «ջարդը» այդ տրամաբանության շրջանակում է: Երկրորդ թիրախը կարող է լինել ՔՊ-ի եւ անձնապես իր գահավիժող վարկանիշը, մյուսը՝ սեփական թիմում ոմանց վախեցնելը, թե՝ «հանգիստ նստեք տեղներդ» եւ այլն:

Չմոռանանք հավելել, որ չարաբաստիկ SMS-ներից բաժին էր հասել նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանին եւ Նարեկ Զեյնալյանին: Վերջինս խոնարհաբար հարգել է շեֆի առաջարկը՝ վայր դնելով պատգամավորական մանդատը, իսկ Աղազարյանը ցայժմ հակառակվում է կատարել առաջնորդի «խնդրանքը»՝ չնայած լավ գիտի, թե ինչ է լինում բոլոր նրանց հետ, ովքեր Փաշինյանի ասածը գետնով են տալիս: Աղազարյանը, կարծես թե, «հիմնավոր պատճառ» ունի. նա ասում է՝ 50 հազար դոլարի հիփոթեքային վարկ կա վզին դրված, ինչը չի կարող մարել մանդատը վայր դնելու դեպքում, որովհետեւ կզրկվի եկամտի որեւէ աղբյուրից: Զավեշտալի է, բայց սա է ՔՊ-ի միջին վիճակագրական դեմքը:

Այստեղ մի փոքր շեղվելով «սյուժեից», հիշեցնենք, որ խմբային պաշտոնանկությունների աղմուկ հանած դեպքերին նախորդել էր ոչ պակաս աղմկոտ մի այլ դիպված: Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ նույն Հովիկ Աղազարյանի միջեւ ծագած մի վիճաբանության ժամանակ ՔԿ նախագահը հայտարարել էր. «Ինձ երկու անգամ դիմել են ձեր տղայի հետ կապված քրգործով։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Խոսում եք՝ կոռուպցիայից, հովանավորչությունից… դե, հիմա պատասխանեք»։ Սա հնչել էր որպես մարտահրավեր, որի շուրջ բավական խճճված զարգացումներ գեներացվեցին՝ ընդհուպ մինչեւ դատական գործընթացներ: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Հովիկ Աղազարյանը, բացի կաշառքի գործով վարույթից, որն արդեն նախաձեռնված է, մեղադրվում է նաեւ երկու այլ ենթադրյալ օրինախախտումների մեջ, ինչի համար Գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ եւ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի խորհրդարանի միջոցով՝ մեղադրանքներ հարուցելով նրա նկատմամբ: «Իսկ եթե մինչ այդ նա մանդատը վայր դնի, թերեւս, այս քրեական ենթադրյալ հանցանքները կներվեն ու մոռացվեն: Բայց, ինչպես նկատում ենք, մինչ օրս Աղազարյանը չի հանձնվում. ուստի՝ դատելով իրավիճակից, ՀՀ գլխավոր դատախազը պետք է գնա ԱԺ՝ նրա հետեւից»,- գրում է «Ժողովուրդը»:

Հատկանշական է, որ 66-ամյա պատգամավորի գործողություններում ՔՊ-ն գաղտնիք պարունակող եւ պետությանը վնասող տեղեկությունների արտահոսքի մասին հիշեց ու բարձրաձայնեց այն բանից հետո, երբ նա հրաժարվեց կատարել Փաշինյանի հրահանգը: Նույն հիմնավորմամբ էլ «Քաղպայմանագիրը» դեկտեմբերի 3-ին Աղազարյանին հեռացրեց կուսակցությունից՝ ուշք չդարձնելով նրա այն պնդումներին, թե ինքը հասանելիություն չի ունեցել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների: Եվ իսկապես՝ ինչպե՞ս կարող էր շարքային պատգամավորը տիրապետել պետական գաղտնիքների: Հարցի պատասխանը եկավ այնտեղից, որտեղից ամենաքիչն էր սպասվում:

Աղազարյանի հայտարարությունից հետո ՔՊ-ի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Factor TV»-ի տաղավարում նշել էր, որ Փաշինյանը փակ նիստում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից կարեւոր տեղեկություններ է բացահայտել, ինչը հայտնվել է ԶԼՄ-ներում։ Եվ «գողը» բռնվում է: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ համեմատելով ՔՊ-ականների եւ կուսակցությունից հեռացած Աղազարյանի հայտարարությունները, նշում է՝ «կա՛մ այդ տեղեկությունները գաղտնի չեն եղել, կա՛մ գաղտնի են եղել, եւ Փաշինյանը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի»: Ստացվում է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը ոչ թե Աղազարյանն է հանրայնացրել, այլ Նիկոլ Փաշինյանը, որ սկզբնաղբյուրն է:

Շատ չանցած՝ հերթը հասավ խորհրդարանի մեկ այլ տարիքավոր պատգամավորի՝ Հակոբ Ասլանյանին, որը փորձել էր պաշտպանել Աղազարյանին՝ նրա դեմ ծավալված հանիրավի հետապնդումներից: Ասլանյանը խմբակցությունից հեռացվեց դեկտեմբերի 11-ին, երբ հայտարարեց, որ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը ՔՊ-ին: Սա մահու չափ վիրավորական էր նիկոլական խմբակի համար: Եվ սպասելի էր, որ թիմակից գործընկերոջը ստորացումներով խմբակցությունից հեռացնելուց հետո իշխանականներն Ասլանյանին կհեռացնեն նաեւ կուսակցությունից, եւ դա տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ նա հեռացվել է «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաեւ «Քաղպայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների եւ քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»: Մեկը հարցնի՝ այդ ո՞րն է ՔՊ կոչված պատուհասի որդեգրած արժեքներն ու քաղաքական ուղեգիծը: Արցախի նվիրաբերումը թշնամո՞ւն, Հայաստանից բռնազավթված շուրջ 250 քկմ տարածքնե՞րը, որի համար, ասում եք, չենք կռվելու, գուցե Հայաստանում 300 հազար ազերիների վերաբնակեցման կազմակերպո՞ւմը, թե՞ հայկական պետականության, Հայոց հաղթական բանակի վերջնական կազմաքանդումը:

ՔՊ-ում շունը տիրոջը չի ճանաչում՝ այս ձեւակերպման թե՛ փոխաբերական, թե՛ ուղղակի իմաստներով: Տագնապ, անվստահություն, փոխադարձ մեղադրանքներ, մատնություններ, միջթիմային խմորումներ եւ, իբրեւ այդ ամենի տրամաբանական արդյունք, իշխանության վերանախագծման-վերաձեւման թույլ փորձեր, ինչն արտահայտվում է հանգչող իշխանության ներքին գժտություններով ու շրջանառվող նոր անուններով՝ Աննա Հակոբյան, Ալեն Սիմոնյան՝ որպես Նիկոլի հավանական փոխնակներ, բայց երկուսն էլ, ըստ էության, Նիկոլից ոչ պակաս նիկոլներ՝ քաղաքական դաշտի այս խավարտչին ամայության մեջ: Արեւագալն ուշանում է:

Գեւորգ Բրուտենց; Հայացք Երևանից