23/12/2024

Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին ու դրանում արտահայտված հիմնական թեզերին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխան հարցազրույցը ստիպել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, ինչպես ժողովուրդը կասեր՝ «դուրս գալ թախտի տակից», ֆեյսբուքյան «լայվ»-ով հանդես գալ և… սիրահոժար «թելել» Ալիևի «ասեղը»։

Այն ասեղը, որը 44-օրյա պատերազմից հետո «Զանգեզուրի միջանցք» խոսույթի տեսքով ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է խրել Հայաստանի «մարմնի» մեջ՝ դրանից բխող հետևանքներով։ Ու մինչ ՀՀ իշխանություններն ահռելի դիվանագիտական աշխատանք են տանում Ադրբեջանի ախորժակը զսպելու, մաքսիմալիստական հավակնությունները զրոյացնելու, կառուցողականության դաշտ վերադարձնելու ուղղությամբ, Օսկանյանը զբաղված է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության դեմ հայտարարություններ անելով, ավելին՝ հակառակորդ երկրին թող թույլ տրվի ասել՝ «քսիվ» ուղարկելով, թե՝ կարող ես մտնել ու վերցնել Զանգեզուրի միջանցքը, քանի որ Նիկոլ Փաշինյանը քեզ նման խոստում է տվել, այն էլ՝ բանավոր։

Բայց ամեն ինչ հերթով

Դիվանագիտական պատկառելի ստաժով նախկին նախարարին, պարզվում է, ինչ-որ հրաշքով հաջողվում է մտնել Ալիևի գլխի պարունակության մեջ, կարդալ նրա մտքերը, հասկանալ և թարգմանել ՀՀ ժողովրդի ու իշխանության համար։ Փաստորեն, եթե Օսկանյանի երբեմնի «շեֆը» ՌԴ նախագահ Պուտինի հետ է «քիմիական կապով» կապված, ապա ինքը՝ Օսկանյանը, Ալիևի հետ է կապված, ինչպես երևում է՝ «բջջա-օրգանական կապով»։ Սովետական հայտնի ասույթի տրամաբանությամբ առաջնորդվելով՝ «Պաստերնակ չեմ կարդացել, բայց գիտեմ, որ նա հանցագործ է», նախկին ԱԳ նախարարը նշում է, որ թեև ծանոթ չէ խաղաղության պայմանագրի տեքստին, բայց վստահ է, որ «մեր կողմից բազմաթիվ զիջումներ են արվել»։

Հընթացս հիշեցինք, որ երկու տարի առաջ էլ պարոն Օսկանյանը մի հոդված էր հրապարակել, որտեղ, հիմնվելով ոչ թե անառարկելի փաստերի, այլ զուտ իր ենթադրությունների վրա, կրկնել էր ընդդիմության սիրելի թեզը՝ «ՀՀ-ն բանավոր պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ»։ Եվ ըստ Օսկանյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից որոշ հարցեր դուրս են թողնվել, քանի որ դրանց վերաբերյալ եղել են, իր ասած, այդ՝ «բանավոր պայմանավորվածությունները»։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման գիշերը Ալիևը սեղանին է դրել իր առավելագույն պահանջները՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք և հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ»,- իր հոդվածում «գիշերային» մանրամասներ էր հայտնել Օսկանյանը։

Պատասխանելով նախկին նախարարի այս հոդվածին՝ ՀՀ ԱԳ գործող նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից տարակուսանք էր հայտնել. «Հոդվածի վերլուծության հիմքում դրվել է որոշակի կանխավարկած, ու դրա հիման վրա կառուցվել է վերլուծություն ու պնդում։ Առնվազն տարակուսանք եմ ապրել, երբ կարդացի դա, որովհետև հետևությունների հիմքում դրված է շատ թեական վարկած, որ կա բանավոր պայմանավորվածություն։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան։ Ստացվում է՝ ամբողջ թեզը անտեղի բառերի միացություն է՝ ողջ հարգանքով հանդերձ Օսկանյանի հանդեպ»։

Ինչևէ։ Դառնանք Օսկանյանի վերջին «լայվին»։ Ինչն է տարօրինակ՝ ՀՀ արտաքին քաղաքականության համար նախկին «թիվ մեկ» պատասխանատուն «տարօրինակ» է համարել այն, որ Ալիևն իր՝ խաղաղության փաստաթղթին առնչվող «կապրիզների» շարքում այս անգամ չի հիշատակել (Զանգեզուրի) «միջանցքի» մասին։ «Տարօրինակորեն չի խոսում թերևս միջանցքի մասին, նախկինում է խոսվել։ Բայց ես կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կա: Ալիևը կարիք չի զգում դրա մասին խոսի, որովհետև ինքը համարում է, որ դրա լուծումը իր համար ամենահասանելին է։ Եթե այդ մյուս բոլորը իրենից կախված չի, ՀՀ կամքից է՝ Սահմանադրություն փոխել, 300 հազար ադրբեջանցի ընդունել, զենք գնել և այլն, միջանցքը ամենահասանելին է Ադրբեջանի համար։ Նա ուղղակի կմտնի ու կվերցնի։

Ալիևը ինքը համարում է, որ Փաշինյանը իրեն խոստացել է միջանցքը, և դա արդեն իր իրավունքն է՝ մտնել և վերցնել։ Այնպես որ, սա իրոք էլ լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Հակառակ նրա, որ ՀՀ իշխանություններն ասում են, որ միջանցքը շատ «կարմիր գիծ» է» ՀՀ-ի, իշխանությունների համար, բայց դա ոչինչ չի նշանակում։ Փաշինյանն անձամբ ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց Արցախը տվեց, նվիրեց Ադրբեջանին՝ զոհերի գնով։ Նույնը կարող է և այստեղ լինել՝ Ալիևը, Ադրբեջանը մտնեն ու վերցնեն, կարճաժամկետ, մի օրվա պատերազմով, թեկուզ մի քանի տասնյակ զոհերով, և, ինչպես Արցախը տրվեց, դե՝ պատերազմ եղավ, ինչ կարող էինք անել, նույնը այստեղ, Ալիևը մտավ, բանակցում էինք, վերցրեց, ինչ կարող էինք անել՝ նույն տրամաբանությամբ։ Այսօր այդ ցուցակը եկեք համալրենք միջանցքի պահանջով, որովհետև այդ միջանցքի լուծումը Ադրբեջանի համար արդեն ամենահասանելին է»։

Հարգելի ընթերցողը հասկացա՞վ ինչ է ասում Օսկանյանը։ Այո, մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է էսկալացիայի ռիսկերի նվազման և դրա բացառման մասին, նախկին նախարարը լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից էսկալացիան Սյունիքի և ՀՀ սուվերեն տարածքի այլ մասերի նկատմամբ, ավելին՝ բաց տեքստով Ալիևին հասկացնում է՝ մտիր և վերցրու ուզածդ միջանցքը, ինչպես 2016-ին, 2020-ին ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծեցիր պատերազմը, ինչպես 23-ին մտար ու վերցրիր Լեռնային Ղարաբաղը։

Արդ, ի՞նչ հանցակազմ է պարունակում Օսկանյանի հայտարարությունը, եթե ոչ հայտարարություն՝ հօգուտ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու, հօգուտ ՀՀ ինքնիշխանությունից հրաժարման։ Իսկ գուցե ավելի՞ ծանր հանցակազմ է պարունակում նախկին նախարարի հայտարարությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ պատերազմ սկսելու «կանչ», «հրավեր»՝ ուղղված օտար երկրի ղեկավարին։

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք եթե որևէ նախկին կամ գործող պաշտոնյա նման բան հայտարարեր, նրան միանգամից պետական ամենաբարձր մակարդակով անարգանքի սյունին կգամեին՝ անվանելով դավաճան և հավելելով՝ մեկ անգամ դավաճանողը կդավաճանի երկրորդ, երրորդ անգամ։ Իմիջիայլոց, Ալիևը նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը մեկ անգամ չէ, որ հավակնություններ է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, խոսել Սևանի, ընդհուպ Երևանի՝ «պատմական Ադրբեջան»-ի մաս լինելու մասին։ Կարելի է՞ ենթադրել, որ նախկին իշխանությունները, երկար տարիներ բանակցելով հայր և որդի Ալիևների հետ, «բանավոր պայմանավորվածության են» եկել այդ հարցում, խոստացել, որ կտան Սևանն ու Երևանը, ինչն էլ հիմք ընդունելով Ալիևն անընդհատ թութակում է իր տարածքային հավակնությունների մասին, և չի բացառվում, որ հղում անելով Օսկանյանի, Նալբանդյանի օրոք ձեռք բերված (ենթադրյալ) «բանավոր խոստումներին»՝ կարող է մի օր էլ մտնել ու վերցնել «Էրիվանը»։ Մառազմը, փաստորեն, կարող է նաև քրեական հանցակազմ պարունակել։

Օսկանյանի ցնորամիտ թեզը վտանգավոր է նաև մեկ այլ հանգամանք նկատի ունենալով. Ադրբեջանը, որի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, եթե որոշի առաջնորդվել Օսկանյանի վտանգավոր «հուշումով», ապա կարող է լուծված համարել ոչ միայն Սյունիքի, այլև ՀՀ այլ մարզերի նկատմամբ իր հավակնությունները և պատերազմով «մտնել ու վերցնել» իր ուզածը։ Չէ՞ որ 1919 թվականին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված է ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը՝ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ։

Օսկանյանի մտքի «փառահեղ ընթացքը», սակայն, այսքանով չի եզրափակվում։ Նա իր խոսքում ակնհայտորեն նորմալ, բնական ու տրամաբանական է համարում այն, որ ՀՀ-ն իր տարածքով «միջանցք» տա Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար՝ դրա դիմաց ստանալով Լաչինի միջանցքը և արցախահայության վերադարձը ԼՂՀ։ «Այդ ցուցակը որ ես թվարկեցի, հենց այնպես չէր։ Սա դա արեցի, որպեսզի ցույց տամ, որ մեր առաջ խնդիրներ կան դեռ։ Դրա պատասխանը Ղարաբաղի հարցը սեղան բերելն է… որով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները, դիվանագիտական հավասարակշռություն կունենա, իր տեղը, արժեքը կունենա բանակցության սեղանի շուրջ։ Միջանցքների խնդիրը կարող է կարգավորվել, որ կա այնտեղ հայ բնակչություն, կա միջանցք, որը կապում է Հայաստանին։ Արդեն հնարավոր է հայելային տարբերակով փորձել Հայաստանով նմանատիպ, ինչ որ կտրվի մեզ՝ մեր հայրենակիցների հետ կապվելու, նույնը կարելի է անել Ադրբեջանի համար, որպեսզի նրանք կապ ունենան Նախիջևանի հետ…»։

Օսկանյանը, փաստորեն, մեկին մեկ կրկնում է Ադրբեջանի նարատիվը, որը Հայաստանով միջանցք է ուզում Նախիջևանի հետ կապվելու համար, սակայն պայմանով, որ այն պետք է լինի առանց ստուգումների և հսկողության, այսինքն՝ ՀՀ-ն «պռախադնոյ դվոռ» դարձնելով։ «Մարդիկ ու բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է հասնեն առանց ստուգումների»,- ամիսներ առաջ հայտարարել էր Ալիևը։ Օսկանյանը, փաստորեն, կողմ է, որ ՀՀ-ն տա միջանցքը Ալիևի ուզած տրամաբանությամբ, այն բանի համար, որ ՀՀ-ն էլ «հայելային» տրամաբանությամբ ստանա Լաչինի միջանցքը։ Փաստորեն, արցախահայության ԼՂՀ վերադարձի «մազանդան»՝ գինը, Օսկանյանն այսպես է հաշվարկել։ Մեկնաբանություններն ավելորդ են։

Հ. Մանուկյան