Բառի զորությունն օր օրի ավելի տեսանելի է դառնում, ու մարդ արարածը վարանում է սրբացված բառեր գործածելուց։ Այդ ամենն ուղղորդվում է վերեւից, ու մարդը երբեմն գործիք է դառնում, առաջնորդվում իր տերերի թելադրանքով։
Եվ այսպես՝ Արցախ հանձնող տեր ու հպատակները սկսեցին զգուշանալ «Արցախ» բառից։ Որոշ ժամանակ անց «Արարատ»-ի գործածությունն էլ վտանգավոր դարձավ…
«Հայոց լեզուն» շուռ տվեցին «Հայերեն»-ի, եթե հնար լիներ՝ «հայ» մասնիկն էլ կուղարկեին գրողի ծոցը, ինչպես վարվեցին «Հայ գրականություն» դասագրքերի հետ՝ հեռացնելով «հայ»-ը։ «Պատմություն» բառի բախտը նույնպես չբերեց. նրա արժեքը թերագնահատվեց բոլոր այն անձանց կողմից, որոնք չեն սիրում հայ ժողովրդի հինավուրց պատմության մասին խոսել։ Էլ չենք ասում՝ պատմություն կարդալ: Առավել եւս արժեզրկվեցին «հայրենիք» եւ «հայրենասիրություն» բառերը, սկսեցին կորցրին իրենց երբեմնի շուքն ու հմայքը։
Այս ո՞ւր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով, ասես մեզ հետ չի պատահում այս բացահայտ հայրենադավությունը: Ավելին՝ մեզ փորձում են համոզել, որ վերը նշված վայրիվերո աղավաղումները, իբր, ժողովրդի առաջարկով են արվում. չէ՞ որ մենք ժողովրդավարական երկիր ենք, ինչպե՞ս կարող ենք ժողովրդի կարծիքն անտեսել: Իրականում ժողովրդի առնվազն մի ստվար հատված բացարձակապես անտեղյակ է տեղի ունեցածից։
Ասում են՝ սուլթան Համիդի ժամանակներում արգելված էր արտասանել «ազատություն», «արդարություն» եւ նմանատիպ այլ բառեր, խնդրահարույց էր անգամ «օգոստոս» բառը, սա հայակեր դահճի ծննդյան ամիսն է։ Հավանաբար՝ գիտեր, որ հազարավոր մարդկանց շուրթերին այն հնչում է որպես նզովյալ ամիս ու ամսաթիվ:
Գուցե համեմատությունս տեղին չէր, բայց որքա՜ն են շարունակվելու բառախաղի վերածված այս էժանագին աճպարարությունները։ Դեռ որքա՜ն են թունավորելու մատաղ սերունդների անաղարտ հոգիները:
Վերջերս էլ առաջարկվեց հրաժարվել «Իմ տունը իմ ամրոցն է» բանաձեւից եւ այն վերաձեւակերպել հետեւյալ կերպ. «Պետությունը մեր ամրոցն է, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը»։ Անգամ «օջախ» բառից են սրանք խրտնում՝ գոնե «բնակավայր»-ի փոխարեն «օջախ» գործածեին:
Հիշեցի ինձ ուղղված մի դիտողություն հայաստանաբնակ մտավորականի կողմից։ Գրեց ինձ, թե մեր պետականությանը վնասում եք, երբ դատապարտող խոսք եք գրում… Եթե երկրի մասին մտահոգվողները «պետությունը» սասանողներ են համարվում, ապա ինչպե՞ս որակել երկիր հանձնողներին, որ տեր ու տիրական դարձած՝ շարունակում են ազգային ինքնության արժեքները խեղաթյուրել:
Նատաշա Պողոսյան; Հայացք Երևանից
Բաց մի թողեք
Ի՞նչ գրավոր առաջարկ է արել Երևանը Բաքվին
Կարդարանա՞ այդ ակնկալիքը, և ինչպիսի՞ն կլինի իրավիճակը մեր տարածաշրջանում
Երևանը փորձում է հարցը պահել «ննջած» վիճակում, «չարթնացնել» …