Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը հարմար թեկնածու է երկրի կանցլերի պաշտոնի համար։ Այս մասին Մերկելն ասել է Table.Media մեդիա հոլդինգի փոդքաստում։
Նրա խոսքով՝ Մերցը երկար ժամանակ աշխատել է այդ նպատակին հասնելու համար։
«Հուսով եմ, որ նա բավականաչափ ուժ կունենա հաջող ընտրարշավ իրականացնելու համար»,- ընդգծել է Մերկելը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը դեկտեմբերի 16-ին անվստահություն հայտնեց Օլաֆ Շոլցի կառավարությանը, ինչը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների։
Հավելենք, որ դեկտեմբերի 9-ին Ֆրիդրիխ Մերցի այցը Ուկրաինա, կանցլեր Օլաֆ Շոլցի այցից ընդամենը մեկ շաբաթ անց, հուշում է, որ նա լրջորեն է վերաբերվում 2025 թվականի փետրվարի 23-ին նշանակված ընտրություններում հաղթելուն։ Մերցը, ի տարբերություն Շոլցի, մշտապես կոչ է անում ավելացնել Կիևի ռեժիմին ռազմական օգնությունը, ինչպես նաև Ուկրաինային հեռահար «Տավրուս» հրթիռներ տրամադրել։ Կիև կատարած այցի ժամանակ նա ուղիղ հայտարարեց, որ Ուկրաինան պետք է կարողանա հարվածել ռուսական տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։
2000 թվականի փետրվարին Մերցն ընտրվել է ՔԴՄ խմբակցության ղեկավար, սակայն 2002 թվականի սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններում կուսակցության պարտությունից հետո նա հրաժարական է տվել իր պաշտոնից եւ նրան փոխարինել է Անգելա Մերկելը։ Ի դեպ, 2004 թվականին Մերկելը հանդես եկավ խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնից Մերցին հեռացնելու օգտին, իսկ ավելի ուշ արգելափակեց նրա առաջարկած հարկային բարեփոխումը։







Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի