Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի թագավորությունում ամեն ինչ խառնվել է։ Նրա աշխատողները Հակակոռուպցիոն կոմիտեի, ԱԱԾ վարույթներով են անցնում։
Հրապարակ թերթը գրել է․ Սուրեն Պապիկյանի հեղինակությունն առայժմ թույլ է տալիս այնպես անել, որ հանրությունը չիմանա խայտառակ դեպքերի մասին, բայց լուրերի ու խոսակցությունների տեսքով արտահոսքը կանխել անհնար է, մանավանդ որ ՊՆ-ում տեղի ունեցող ապօրինությունները վաղուց արդեն պրոֆեսիոնալ բանակայինների կոկորդին են։
Ինչպես հայտնի է, նախարարը նրանց մի կողմ է դնում ու առաջ է տանում բարեկամ-ծանոթներին, դասարանցի-կուրսեցիներին, նրանց պաշտոններ է տալիս, տեղավորում իր ազդեցության տակ գտնվող տարբեր հիմնարկներում։ Օրինակ, Պապիկյանի կուրսեցին է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Մանուչարյանը, որը մինչ այդ պատմության ուսուցիչ է եղել։ Պապիկյանի «լյուբիմչիկների» թվում է ոմն «կամենդանտ», ՌՈ սպա Լ․ Ա․-ն։ Սույն անձին նկատել են իր աշխատասենյակում աշխատակցուհիներից մեկի հետ փակված։ Ով եւ ինչպես է նկատել, հայտնի չէ։ Ասում են՝ լուսամուտը լավ փակած չեն եղել, եւ նախարարության վարորդները հնարավորություն են ունեցել վարագույրի արանքից դիտել այդ «հետաքրքիր» տեսարանը։ Եվ քանի որ միջադեպը քննարկել է ողջ համակարգը, աշխատակցուհուն անմիջապես ազատել են աշխատանքից։ Բայց ՌՈ սպան, նախարարի կողմից ընդունված մարդ լինելով, խուսափել է «պատժից»։ Նրա փոխարեն ազատել են բոլորովին այլ անձի, որը մեղքն իր վրա է վերցրել, պայմանով, որ իրեն որոշ ժամանակ անց կտեղավորեն մեկ այլ հիմնարկում։ Նախարարը խոստումը պահել է, ենթասպային կրկին տեղավորել է աշխատանքի, բայց աչքից հեռու տեղ։
Ինչպես հայտնի է, Սուրեն Պապիկյանի «լյուբիմչիկներից» է նաեւ երկրորդ կորպուսի հրամանատար, ազգային հերոս, գեներալ Գարեգին Պողոսյանը։ Նա «նորմալ, ծառայող տղա» է` այն անձանցից, որ հրաման լսելով, անմիջապես ասում են՝ «տակ տոչնը», ու վազում կատարելու, առանց քննարկելու, առանց մտածելու, ինչը Պապիկյանը շատ է գնահատում։ Բայց նրա անվան հետ էլ բազմաթիվ չեպեներ են կապվում, ինչը կասկածի տակ է դնում գեներալ Պողոսյանի բարձր արժանիքները։ Օրինակ, ամիսներ առաջ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը, որը բանակի գլխավոր ստուգող մարմինն է, երկրորդ բանակային կորպուսին «անբավարար», այսինքն՝ «երկուս» էր դրել հինգ բալանոց համակարգով, բայց դրանից հետո երկրորդ կորպուսի շտաբի պետին՝ Սիմոն Նազարյանին, ավելի բարձր պաշտոն են տվել՝ նշանակելով երրորդ կորպուսի հրամանատար։
Նույնկերպ Արարատի գնդի հրամանատարը՝ Միքայել Ֆարայանը, կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակվել` այն դեպքում, երբ վերջին վեց ամսում Արարատի գնդում ինքնասպանության երկու դեպք է ունեցել։ Եվ, չնայած դրան, մարդուն տարել են բարձրացման։
Շուտով եւս մի կադրային փոփոխություն է սպասվում, այս անգամ՝ Պապիկյանի սիրելի ոլորտում՝ շինարարության։ Գաղտնիք չէ, որ շինարարությունը պաշտպանության նախարարի «կանյոկն» է։ Նա սիրում է պարծենալ սահմանագոտու ամրաշինական կառույցներով, այնտեղ հաճախ է այցելում, հյուրեր տանում, որ բոլորը գնահատեն իր շինարարական տաղանդը։ Բանակում իրականացվող շինարարությունն անձամբ նախարար Պապիկյանի վերահսկողության տակ է։ Զարմանալի է, սակայն շուտով աշխատանքից ազատվելու է բանակի կապիտալ շինարարության վարչության պետ Վահագն Ստեփանյանը։ Այս պահին նա հանձնում է գործերը, ասում են՝ հունվարին էլ չի լինելու։ Պատճառը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի քանի գործերն են, որոնք վերաբերում են այս վարչությանը։ Մոտ մեկ ամիս առաջ Վահագն Ստեփանյանի մի քանի աշխատակիցներ հարցաքննվել են հակակոռուպցիոնի քննիչների կողմից։ Իրավապահ աղբյուրը նշում է, որ տրվել է նաեւ Վահագն Ստեփանյանի անունը, որն էլ, հավանաբար, այս պատմությունում քավության նոխազ կդառնա։ Հասկանալի է, որ եթե իրավապահների կասկածները հիմնավորվեն, ապա առանց նախարարի իմացության նման թեմա ուղղակի չէր կարող առաջանալ։
Բայց «ամենաուժեղ բոմբը» ԱԱԾ աղբյուրից ստացված մեր տեղեկությունն է։ Պարզվում է, մոտ 10 օր առաջ՝ դեկտեմբերի 11-ին, ԱԱԾ-ն ձերբակալել է երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Գարիկ Պողոսյանի աներձագին՝ երկրորդ բանակային կորպուսի ՀՕՊ ՀԿ պետ կապիտան Արթուր Աշոտի Հասաթյանին։ Նա կասկածվում է դավաճանության մեջ։ Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ն, որը սիրում է դավաճանության գործերով «մասկի-շոուներ» կազմակերպել եւ երկարաշունչ հաղորդագրություններ տարածել, այս անգամ ոչ մի հայտարարություն չի արել։ Մեր տեղեկութուններով, կապիտանը մեղադրվում է հակառակորդի հետ համագործակցելու համար։ Իրավապահ աղբյուրը պատմում է, որ նա հենց Ճամբարակում էլ բնակվել է՝ կորպուսի հրամանատարի տանը։
ՀԳ․ Սույն հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները ստացել ենք ՊՆ եւ իրավապահ համակարգի մեր աղբյուրներից։ Դրանց վերաբերյալ փորձեցինք պաշտոնական ճշգրտում ստանալ պաշտպանության նախարարի խոսնակից։ Լ․ Ա․-ի հետ կապված սեքս սկանդալի մասին նա ասաց. «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։ «Մնացյալ հարցերը ՊՆ իրավասության շրջանակներից դուրս են»: Դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե այնտեղ արդյոք ՊՆ շինարարության հետ կապված վարույթներ կա՞ն։ Որեւէ պատասխան չստացանք։ ԱԱԾ-ից եւս խուսափեցին պատասխանել, թե եղե՞լ է արդյոք կապիտան Հասաթյանի հետ կապված բացահայտում։ «Մենք նման տեղեկություն չունենք, վարույթ իրականացնող մարմին չենք, պետք է դիմեք այլ մարմինների»,- պատասխանեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Դատախազությունը եւս խոր լռություն է պահպանում։ Հետաքրքիր է, որ ո՛չ շինարարության հետ կապված վարույթների մասին, ո՛չ էլ կապիտան Հասաթյանի ձերբակալության վերաբերյալ մեր տեղեկությունները իրավապահները չեն հերքում։
Բաց մի թողեք
Նույն գործարքն իրականացրած մեկի գործը կարճել են, մյուսինը՝ ոչ․ Լուսանկար
Տիգրան Ավինյանից դժգոհությունը հասել է պիկին, իմպիչմենթ կնախաձեռնեն
Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին