Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական համապարփակ գործընկերության համաձայնագիրը կարող են ստորագրել 2025 թվականի հունվարի կեսերին: Խոսքն այն համաձայնագրի մասին է, որի ստորագրումը սպասվում էր 2024 թվականին:
Ըստ ռուսական կողմի՝ դա պետք է տեղի ունենար մայիս-հունիսին, սակայն գործընթացն արգելակվեց Իրանի նախկին նախագահ Ռեյիսիի ողբերգական մահվան հետևանքով: Նոր նախագահ Փեզեշկիանի պաշտոնամուտից հետո սկսեց խոսվել այն մասին, որ պայմանագիրը կստորագրի հոկտեմբերի վերջին Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընթացքում:
Սակայն գագաթնաժողովից օրեր առաջ պարզ դարձավ, որ այն չի ստորագրվի Կազանում: Հայտարարվեց, որ նախատեսում են մինչև տարեվերջ ստորագրել Մոսկվայում, որպեսզի լինի հատուկ հանդիսավորությամբ, երբ ՌԴ մայրաքաղաք կայցելի Իրանի նախագահը: Սակայն դա էլ չեղավ, Իրանի նախագահի այց Մոսկվա տեղի չունեցավ:
Ավելին՝ տարեվերջին, ըստ էության, տեղի ունեցան Սիրիայի իրադարձությունները, որոնց առիթով նաև բավականին տարօրինակ ու հակասական հանգամանքներ նշմարվեցին ռուս-իրանական հարաբերության առումով:
Մասնավորապես, ՌԴ նախագահ Պուտինը օրերս առաջ իր մեծ ասուլիսի ընթացքում Սիրիայի առնչությամբ արեց հայտարարություններ, որոնք ակնհայտորեն պարունակում էին Իրանի հասցեին որոշակի դիտողությունների տոնայնություն: Իրանը արձագանքեց շատ զգուշավոր և զուսպ, օրինակ այն հայտարարությանը, որ մոտ 4000 հազարանոց իրանյան ստորաբաժանումներին Թեհրանի խնդրանքով Սիրիայից էվակուացնել օգնել է ՌԴ-ն:
Իրանի ԱԳ ներկայացուցչի հայտարարությունը, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել հունվարի կեսերին, նշանակո՞ւմ է, որ ռուս-իրանական լարվածություն՝ որպես այդպիսին, չի նշմարվում, թե՞ դա կլինի հերթական ժամկետը, որը ևս չի պահպանվի: Համենայն դեպս ուշադրության է արժանի նաև այն, որ Պուտինի հայտարարություններից հետո, դեկտեմբերի 23-ին Իրան են մեկնել ՌԴ երկու փոխվարչապետներ՝ Օվերչուկն ու Սավելևը, որոնք պետք է հանդիպեն նաև Իրանի նախագահ Փեզեշկիանի հետ:
Նրանց այցի օրակարգում լինելու են ինչպես ռուս-իրանական երկկողմ, այդպես էլ ճանապարհային հաղորդակցություններին առնչվող հարցեր: Ի դեպ, արդյո՞ք նրանց այցի ընթացքում կքննարկվի նաև Հայաստան-Ադրբեջան հաղորդուղիների հետ կապված հարցեր, հաշվի առնելով օրինակ և այն, որ Օվերչուկը ՌԴ այն փոխվարչապետն է, որը զբաղվել է այդ օրակարգով:
Օրերս Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանին փոխանցել են երկաթուղու վերաբերյալ առաջարկներ, որոնք Երևանի կարծիքով ընդունելի պետք է լինեն թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար: Ռուսաստանը կարո՞ղ է տեղյակ լինել այդ առաջարկներից ու քննարկել դրանք նաև Իրանի հետ:
Այդ իմաստով ուշադրության է արժանի այն, որ Օվերչուկի և Սավելևի այցը եղել է տարեվերջին Սաննկտ-Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովից առաջ, որտեղ ըստ ամենայնի կլինեն թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Իլհամ Ալիևը: Հնարավոր է, որ այնտեղ կլինեն շփումները այդ թեմայով և բացառելի չէ, որ Մոսկվան դրան ընդառաջ «սլաքներ կճշտի» Իրանի հետ:
Բաց մի թողեք
Ռուս-ուկրաինական պատերազմը գոնե եկող տարվա ընթացքում չի ավարտվի
Գլխավոր մտահոգությունը «Սիրիական խմորի» հնարավոր արձագանքներն են Հարավային Կովկասում
Էրդողանը կփորձի՞ հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման