ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Քվեարկությանը մասնակցել է 19 մարզական լրագրող, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան,
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան,
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան,
Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի տղամարդկանց ազգային հավաքական,
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան,
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան,
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան,
Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան,
Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է այսօր՝ ժամը 17:00-ին:
Ամփոփելով արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել լրագրողներին մասնակցության և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Նախարարը կարևորել է՝ նոր ձևաչափով անցկացվող մրցույթի արդյունքներով առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել որոշելու նաև լավագույն կին մարզիկին, լավագույն թիմին, լավագույն մարզչին, լավագույն երիտասարդ մարզիկին և հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկին: Նրա խոսքով՝ սա լրացուցիչ խթան է լինելու մարզաշխարհի ներկայացուցիչների համար:
«Սպորտում արդար մրցակցության սկզբունքը կարևոր է, որպեսզի պայքարն ըստ արդյունքների և ըստ մարզական արժանիքների ընթանա: Բացի դրանից, սա թույլ է տալիս արժևորել և խրախուսել կոնկրետ հատկանիշներ: Օրինակ «Վերադարձ մեծ սպորտ» անվանակարգը նաև կամային կարևոր հատկանիշներ է խրախուսում, ինչը շատ կարևոր է սպորտում: Հնարավորություն ենք ստանում նաև գործընթացն ավելի մասնակցային դարձնելու»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Հանձնաժողովի անդամներն ու քվեարկությանը մասնակցած լրագրողներն անդրադարձել են մրցույթի անցկացման ձևաչափին, կատարել որոշակի դիտարկումներ և առաջարկություններ:
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:
Բաց մի թողեք
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ՝ այս անհիմն սակագներին․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
Սյունիքի մարզի տարածքի որևէ հատված երբևէ Ադրբեջանին չի պատկանել, տեսանյութում մեջբերված Ալիևի խոսքերն ակնհայտ կեղծիք են. Մելքոնյան
Կասկած կա, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ