27/12/2024

Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի համար անցանկալի է դարձել լինել մի տեղ, որտեղ է նաև Իլհամ Ալիևը

«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:
Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:

Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Նիկոլ Փաշինյանը:

Անշուշտ, հազիվ թե Հայաստանում կգտնվեն մարդիկ, որոնք կհավատան, թե Նիկոլ Փաշինյանի բերած պատճառաբանությունն իրական է, այլ ոչ թե պարզապես ԱՊՀ գագաթնաժողովին չմեկնելու պատրվակ:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահին բաց է թողնում ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակելու հարցը: Եթե Նիկոլ Փաշինյանը մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, ապա ըստ էության կարող ենք եզրակացնել, որ նա պարզապես չի ցանկացել մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին: Եվ այստեղ աներկբա է, որ պատճառը կարող էր լինել Ադրբեջանը, որովհետև ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն գործնականում Հայաստանի համար տարբերվում են դրանով՝ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է, իսկ ԵԱՏՄ՝ ոչ:

ԵԱՏՄ գագաթնաժողովին Իլհամ Ալիևը չի մասնակցում, ԱՊՀ գագաթնաժողովին՝ մասնակցում է: Բայց Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի համար անցանկալի է դարձել լինել մի տեղ, որտեղ է նաև Իլհամ Ալիևը:

Երկու ամիս առաջ, Ռուսաստանի մեկ այլ քաղաքում՝ Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում: Ավելին, տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ հանդիպման համար էր մեկնել Կազան:

Գագաթնաժողովը 22-24-ն էր, Ալիևը մեկնել է 23-ին, իսկ Նիկոլ Փաշինյանը Կազան ժամանեց 24-ի առավոտյան և ունեցավ ընդամենը երկու ֆորմալ հանդիպում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի, և ժամեր անց էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Սանկտ-Պետերբուրգում սպասվո՞ւմ էր հանդիպում կամ շփում, հայտնի չէ, չի եղել այդ մասին հանրային որևէ հայտարարություն, բայց շփումներն իհարկե կարող էին լինել շատ հավանական: Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «փաստորեն» փոխանակվեցին հարցազրույցներով՝ մեկը ՌԴ պետական հեռուստաալիքի պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովին, մյուսը՝ Արմենպրեսին, որպես Ալիևի հարցազրույցի ընթացքում հնչած հայտարարությունների պատասխան: Մինչ այդ, Հայաստանն ու Ադրբեջանը փաստորեն չկարողացան համաձայնության գալ Cop29-ին Երևանի մասնակցության հարցում, ըստ ամենայնի Ադրբեջանի կարծր դիրքորոշումների պատճառով:

Բաքուն այդ միջոցառումից հետո հատկապես ուժգնացրել է քաղաքական պահանջները Հայաստանի հասցեին: Այդ ֆոնին, ԱՊՀ գագաթնաժողովի չմեկնելը կարո՞ղ է նշանակել լարվածության աճ: Ուշադրության է արժանի այն, որ ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Իլհամ Ալիևը փաստորեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Դա վերջին երկու շաբաթների ընթացքում նրա երկրորդ հեռախոսազրույցն էր Էրդողանի հետ, իսկ այդ երկու հեռախոսազրույցների երկշաբաթյա միջակայքում տեղի ունեցան Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, նախագահների օգնականների և ռազմական բարձրաստիճան պատվիրակությունների ինտենսիվ շփումներ: