26/12/2024

Կարեն Զադոյանը «Թրանսփարենսիին» մեղադրում է իշխանության հետ փոխկապակցության մեջ

Հայաստանում գործող ՀԿ-ները 2018-ից հետո հիմնականում խուսափում են իշխանությունների հասցեին սուր գնահատականներ հնչեցնելուց։ Սակայն դեկտեմբերի 20-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հանկարծ հայտարարեց այն, ինչի մասին վաղուց գրում են ԶԼՄ-ները, գոռում են ընդդիմադիր գործիչները՝ որ Հայաստանում համակարգային կոռուպցիան հաղթահարված չէ:

Հրապարակ թերթը գրել է․ Կոալիցիան նշեց մի քանի պատճառ․ հակակոռուպցիոն մարմինները չունեն լիարժեք անկախություն, դրանց ղեկավար պաշտոնները համալրվել են քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, հակակոռուպցիոն մարմիններում չկան պրոֆեսիոնալներ, դրանց ղեկավարներին ընտրող մրցութային խորհուրդներում «ընդգրկվում են փոխկապակցված ՀԿ-ներ»:

Թե ովքեր են իշխանության հետ փոխկապակցված ՀԿ-ները, Կարեն Զադոյանի ղեկավարած ՀԿ-ների կոալիցիան չի հայտնում։ Հիշեցինք, որ 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդի անդամներն էին Հերիքնազ Տիգրանյանը՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախկին աշխատակից, այն ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Բարսեղյանը՝ կրկին ԹԻՀԿ նախկին աշխատակից, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը, ենթադրում ենք, որ փոխկապակցվածներից մեկը հենց «Թրանսփարենսին» է։ Հնարավո՞ր է, որ կոալիցիայի նրա գործընկերները Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը եւս նկատի ունեն։ Չէ՞ որ հենց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է համարվում իշխանության հետ ամենափոխկապակցվածը։ Կարեն Զադոյանից փորձեցինք սա ճշտել, սակայն նա զանգերին չպատասխանեց։

Հայտարարությունն առհասարակ շատ կոնկրետ չէ` զուտ մտահոգություններ ու ընդհանուր արձանագրումներ են։ Կոալիցիան մտահոգված է Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ԲԴԽ նախագահների պաշտոնաթողության գործընթացներով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի հապաղումներով, «խնդրահարույց միտումներ» է նշում, որ միջազգային կազմակերպությունների կողմից զգալի ֆինանսական միջոցներ հատկացվում են իշխող քաղաքական ուժի հետ փոխկապակցված ՀԿ-ներին, իսկ միլիարդավոր դրամների ֆինանսավորումը դեռ չի հանգեցրել համակարգային արդյունքների: Ինչպես նաեւ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում դիրքավորված ՀԿ-ները չունեն դիրքորոշում։ Լրատվամիջոցների, հակակոռուպցիոն գործիչների եւ նրանց կողմից ղեկավարվող ՀԿ-ների նկատմամբ դատական հայցեր են հարուցվում՝ կոալիցիայի կառավարման խորհուրդը սա եւս մտահոգիչ է համարում եւ քայլեր է առաջարկում՝ խոստանալով, որ հետեւելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթները համակարգող դատախազի տեղակալի ընտրության գործընթացին:
Քանի որ ամենամասնագիտացված ՀԿ-ն կոռուպցիոն բացահայտումների առումով իշխանության հետ փոխկապակցվածների շարքն անցած «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» է, եւ տեքստում ակնարկներ տեսանք նրանց հասցեին, դիմեցինք ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին` կիսո՞ւմ է կոլեգաների կարծիքը, թե համակարգային կոռուպցիան Հայաստանում շարունակում է ծաղկել։ Նա ասաց, որ ականջի ծայրով է լսել կոալիցիայի հայտարարության մասին, եւ մեզ հարցեր տվեց․ «Ասո՞ւմ են` ով է տվել գրանտներ, ինչքան է տվել, եւ իրենք չե՞ն ստանում։ Իրենք ուսումնասիրություն արե՞լ են, որ հանգել են նման եզրակացության։ Ես էլ եմ հաճախ ասում, որ կան որոշակի երեւույթներ, որոնք կասկածների տեղիք են տալիս, բայց ասել ուղղակիորեն, նշանակում է ուսումնասիրել են հարցը խորությամբ։ Նման հայտարարություն անելը շատ պատասխանատու հայտարարություն է, եւ հայտարարություն անողը պետք է լուրջ հիմքեր ունենա, անուններ նշի»։ Անուններ չկան, բայց ասվում է, օրինակ, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը չի զարգանում, փողեր են տալիս հակակոռուպցիոն ՀԿ-ներին, բայց արդյունք չկա։ «Նախ, կուզեի կարդալ, հետո խոսել։ Երկրորդ․ ոնց հասկացա Ձեր ասածից, կոնկրետ անուններ չկան, բայց մի կազմակերպություն, որը հավակնում է կոչվել հակակոռուպցիոն, պետք է կոնկրետ խոսի։ Հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվող ցանկացած կազմակերպության առանձնահատկությունը պետք է լինի հասցեական խոսքը։ Եթե կոնկրետ անուն չի տրվում, ուրեմն դատարկ խոսքեր են։ Հետո, գուցե այդ հակակոռուպցիոն կոալիցիայում բյուրեղյա մաքրության անձի՞նք են, պետք է իմանալ, թե ովքեր են, նոր խոսել»։

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան նախկինում, մինչեւ իշխանափոխությունը, կոչվում էր Հակակոռուպցիոն խորհուրդ, այն ժամանակ իշխանության հետ փոխկապակցվածը հենց այս խորհուրդն էր համարվում։ Այն գործում է 2014-ից, ընդգրկում է 56 անուն ՀԿ՝ «Էլեգիա» մշակութային կենտրոնից մինչեւ հաշվապահական ՀԿ-ներ, Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ։ «Թրանսփարենսիի» եւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Զադոյանի կազմակերպության միջեւ երկար տարիների ներքին մրցակցություն կա՝ բազում հարցերում։ Օրինակ, թե կոռուպցիայի դեմ պայքարում ով է ավելի առաջատար, ում են ընդունում պետական մարմինները։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, օրինակ, դեկտեմբերի 20-ին ընդունել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին, նրա հետ քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր՝ հավանաբար, հարուցելով մրցակից ՀԿ-ների խանդը: Սոնա Այվազյանին հարցրինք` կոալիցիայի հայտարարությունում ակնարկներն իրենց կազմակերպության հասցեի՞ն են։ «Այո, դա մեզ էր ուղղված, բայց ես չէի ուզի նրանց ասածները մեկնաբանել»։ Կոալիցիան պնդում է, որ Հայաստանում շարունակվում է համակարգային կոռուպցիան, որ մասնագիտացված ՀԿ-ներին ահռելի գրանտներ են տալիս, սակայն արդյունք չկա։ «Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեն, թող իրենք պատասխանեն»։ Կուզեինք լսել նաեւ Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ղեկավար Կարեն Զադոյանի պատասխանները։