13/01/2025

Ցինիզմ որից պրծում չկա. Մադոյան

Երեկվա սարկազմի շքերթի համար կներեք: Իմ լեզուն իրականության արձագանքն ա, ինչքան փակուղային ու անբովանդակ ա Հայաստանի հասարակական-քաղաքական միտքն ու դրա ստեղծած ու պարարտացնող իրականությունը, այդքան իմ սարկազմն ու ցինիզմը ավելի ցցուն են ու սուր:

Այն կառուցողական չի, արձագանքային է, այն արձագանքում է փակուղուն: Իսկ փակուղին հետեւանք է խնդիրները չընդունելուն չճանաչելուն ու, ավելի վատ, դրանց գոյությունը մերժելուն: Ցավով, մաշեցնող ցավով եմ գրում այս տողերը, որովհետեւ շատ եմ սիրում Հայաստանն ու դրա մարդկանց: Բայց ցավոք պետությունն ու հասարակությունը անհատների պարզ, հանրագումար չի, այն բարդ, այլ տրամաբանությամբ ու մեխանիզմներով աշխատող օրգանիզմ ա:

Ինչպես աշխարհազորը բանակ չի, բիչոկ հավաքելը սանիտարիա չի ու թուփ տնկելը բնապահպանություն չի, այնպես էլ խիզախ ու ազնիվ մարդկանց պարզ հանրագումարը պետությունը չի: Պետությունը արժեքներ են, որոնք պետք է վեր լինեն դրա առանձին անդամներից` նրանց բարեկեցությունից, հանգիստ կյանքից ու երաշխավորված ապագայից: Հասարակության ու պետության հիմնասյուները երեք են` վստահությունը, արդարությունն ու հավասարությունը: Ցավոք, մենք երեքն էլ չունենք:

Ավելին, ցանկացած իշխանության ամբողջ նպատակը պետք է որ լիներ այդ երեքի ապահովումը, սակայն այս իշխանությունն անում է ուղիղ հակառակը: Նախկիններն էլ են արել, բայց ով ունի ուժ, նա է պատասխանատուն, եւ այսօրվա դատարկությունը պապուս հիմարությամբ չեմ արդարացնի, որովհետեւ ես` մենք, իմպոտենտ չենք ու մենք ենք տերը մեր ներկայի ոչ թե մեզ բաժին հասած դժխեմ բախտը որի ամուլ դիտորդներն ենք մենք:

Այս իշխանության հետ հույս չկա, ոչ թե առանձին խմբերի շահի տեսանկյունից այլ հասարակության` որպես մեկ օրգանիզմի: Այն ի դեմս Փաշինյանի ու նրա ենթակաների ամեն օր քայքայում ու թունավորում է մեր բոլորի փոխվստահությունը` դրա անդամներին իրար դեմ հանելով ու փոխադարձ ատելություն սերմանելով: Այն նաեւ արդարություն չի հաստատում, իսկ արդարադատությունը դարձրել է մեկ սմս-ի արժեքի:

Մեզ մոտ աղքատ, առանց կապերի ու շարքային մարդը ոչնչացման ենթակա է` անզոր ու անդեմ: Եվ ցանկացած մեկս կարող ենք այդ մեկի տեղում հայտնվել, որովհետեւ ուժեղի իրավունքը չեն չեղարկել: Իսկ ուժեղի իրավունքը ոչ մեկի իրավունքն է, որովհետեւ հասարակությունը մեկի ուժի մասին չէ, այլ բոլորի հավասար հնարավորության:

Հավասարության մասին նույնպես խոսք չկա, մի խումբ լավ զինված, լավ ֆինանսավորված ու ագրեսիվ փոքրամասնություն обслуга-ի նման «քշում է» 2.5 մլն մարդու` անխնա լափելով երկրի ընդերքը, մսխելով տնտեսական պոտենցիալը, արգելափակելով մարդկային կապիտալի զարգացման հեռանկարներն ու Հայաստանը դարձնելով մի խումբ մարդկանց` ռեսուրս ու իշխանություն ունեցող էլիտաների` հավերժ կայֆերի անսպառ արոտավայր:

Մարդն անարժեք է այս համակարգում, որակյալ կյանքի կարոտ, գոմեշի պես աշխատող ու հարկ տվող մի ոչ մեկ, որը եթե չի ծառայում ինչ-որ մեկին, ինչ որ ուրիշի թայֆից չի ու ունի սեփական ինքնագնահատականն ու անբեկանելի արժեքներ, ապա զարգացման ու աճի հեռանկարի մասին կարող է մոռանալ: Սովից չի մեռնի, բայց եկեք դա կյանք չկոչենք, այլապես մարդու փոխարեն մեզ վերանվանենք գոմեշ:

Կարող եք ինձ անհատների օրինակ բերել, բայց նրանք նախ բացառություն են, ապա վերադառնանք ամենասկզբին` հասարակությունն ու պետությունը անհատների պարզ հանրագումար չեն: 10 հոգանոց խումբը աշխատում է մի սկզբունքով, 100.000 մեկ այլ, մասնավոր ընկերության 100.000 մի կառավարման ռեժիմ ունեն որտեղ անդամները կամավոր են ընդունվել, բանակի պարտադիր 100.000 զինվորները այլ կարգավորման ու կառավարման ռեժիմ ունեն:

Կարող եք սիրել ձեր մերձավորին, ձեր աշխատանքը ձեր տեղում լավ անել բայց դրանցից պետությունը չի կարգավորվի, որովհետեւ ձեր աշխատանքը նաեւ այլք են, դուք աշխատում ենք այլոց հետ կամ այլոց դեմ, եթե այլոց արժեքները ձեր պետության դեմ են: Եթե մասնավոր կյանքում կարող եք անտեսել, ապա հանրային կյանքում հակառակը` պետք է կռիվ տաք, որովհետեւ այլոց վնասը ձեր բոլորի վնասն է, իսկ օգուտը` բոլորի հաղթանակը:

Այս ամենի փոխարեն իշխանության անհաղորդ բթությունը, ինքնահավան դատարկությունը, անարժեք ներկայությունն ու դրա սպասարկումների անպատկառությունն են ծնում իմ ցինիզմը: Դա էլ իմ մեթոդն անհաշտ լինելու, դա իրականությունը չընդունելու ճիգ է, որովհետեւ իրականությունը ընդունել նշանակում է բացատրել, այն է` համակերպվել, իսկ ես համակերպվողներից չեմ ու ձեզ էլ խորհուրդ չեմ տա: Այլապես շատ հեշտ կհամալրեք անողնաշար, անդեմ կոմֆորմիստների շարքերը, որոնք իրենց երջանկությունն ու բարեկեցությունը կառուցում են այլոց ներկայի ու ապագայի գնով` ամեն հաջորդ պատերազմին թաղումից թաղում գնալով ու լուրջ դեմքով դժխեմ բախտը հայհոյելով, այն բախտը որն իրենք են կռել իրենց թուլակամ պատեհապաշտությամբ:

Ի վերջո մի հարց կա, ինչպես եւ ով կմաքրի ավգյան ախոռները` «նախկիններին ու ներկաներին»: Ո՞վ է այն մաքրելու, Փաշինյանը, որը սնկի պես աճել է գարշանքի վրա եւ պարատացնում է այդ գարշանքը, թե այն էլիտաները որոնք վաճառում են այդ սունկը եւ պաշտպանում գարշանքը ցանկանած մաքուր օդից ու արեւի լույսից:

Ես ունեմ այդ հարցի պատասխանը բայց չեմ ընդունում այն: Եվ քանի դեռ մտածում եք թե ամեն մեկն իր տեղում բավարար է հասարակության ու պետություն ունենալու համար, մենք կշարունակենք այդ փակուղում մնալ:

Գոռ Մադոյան; Ֆեյսբուք