27/12/2024

Այս ուր եք իջել, ով եք դուք․ ինչ օրակարգեր ու մարտահրավերներ են Հայաստանի առաջ այսօր

Արցախյան գործընթացի թեմայով Փաշինյանի նախաձեռնած «բանավիճային մարտահրավերի» ֆոնին, հանրային տարբեր շրջանակներ լայնորեն սկսել են քննարկել կարգավորման հետագիծը:

Դրա հանրային օգտակարությունը գուցե լիներ շոշափելի կամ ընդհանրապես դա գուցե ունենար հանրային օգտակարություն, եթե այդ քննարկումները լինեին ըստ էության և բովանդակային, այլ ոչ թե պարփակվեին քաղաքական այս կամ այն համակրանքի կամ հակակրանքի շրջանակում, ուղղակի, թե անուղղակի սպասարկեին հենց դա:

Մտքերը, տեսակետները, դիտարկումներն արվում են որևէ անձի կամ ուժի հանդեպ վերաբերմունքի կամա, թե ակամա ելակետով: Սա մի իրողություն է, որը Հայաստանում քաղաքական անարդյունավետության թե’ պատճառ է, թե’ հետևանք:

Հայաստանում քաղաքականությունը, ներքաղաքական հարաբերությունները կառուցվեցին այդ՝ անձնապաստան ելակետով: Նրանք, ովքեր ի վիճակի եղան գտնվել դրանից դուրս, ինքնաբերաբար վերածվեցին մարգինալների, այն պարագայում, հենց հակառակը՝ անձնապաստանությունը պետք է լիներ մարգինալություն:

Իրերի այդօրինակ դրությունն էր, որ խոշոր հաշվով հայ հանրությանը թույլ չտվեց արդյունավետ «վերահսկողություն» իրականացնել նաև արցախյան կարգավորման գործընթացի նկատմամբ, հետևաբար դրանում որևէ կառավարության վարած քաղաքականության նկատմամբ, ընդ որում թե անմիջականորեն արտաքին քաղաքականության, թե նաև ներքին քաղաքականության նկատմամբ:

Խոշոր հաշվով, քաղաքականության տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը, հետևաբար Հայաստանը շարունակում է մնալ հանրային-քաղաքական անարդյունավետ, անձնապաստան խոսույթի ռիսկի գոտում, անկախ, թե ինչ օրակարգեր ու մարտահրավերներ են Հայաստանի առաջ այսօր:

Հայաստանում գործնականում բացակայում է դրանց հանդեպ հանրային ինստիտուցիոնալ կարողությունների գերակայությունը, ինչը իր հերթին նշանակում է, որ հասարակության հանդեպ գերակայում է ցանկացած արհեստածին, մանիպուլյատիվ օրակարգ, կամ իրական օրակարգային որևէ հարց հանրային հաղորդակցության ռեժիմում է հայտնվում գերազանցապես մանիպուլյատիվ դիտանկյունով, և էական չէ, թե հատկապես որ:

Այս ուր եք իջել, ով եք դուք, Արեն Մկրտչյան, Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Ղահրամանյան, Ստյոպա Սաֆարյան ․․․ արդյոք հայելու մեջ ձեզ նայել եք, թե միայն ձեր ֆեյքերով լայքերի թվին եք նայում, որ համարձակվում եք պատասխանել ՀՀ հիմնադիր և հաղթանակած նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին։ Ինչ օրակարգեր ու մարտահրավերներ են Հայաստանի առաջ այսօր և այս պայմաններում ինչ եք անում կամ որտեղ եք դուք ․․․